ԿարևորՀասարակություն

Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից կսահմանվի իրավաբանների օրհնության օր

Սեպտեմբերի 16-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Վեհարանում հյուրընկալել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի, Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանի և ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի գլխավորած պատվիրակությանը։ Ամենայն Հայոց Հայրապետին այցելելու նպատակն էր իրավաբանների օրհնության օրվա սահմանման խնդրանքը։

ՀՀ գլխավոր դատախազը, Բարձրագույն դատական խորհրդի նախագահը  և ՀՀ փաստաբանների պալատի նախագահը, կարևորելով Հայոց Եկեղեցու դերակատարությունը մեր ժողովրդի պատմության մեջ և յուրաքանչյուր անհատի կյանքում, ընդգծել են անհրաժեշտությունը նման օրհնության օրվա հաստատման նաև իրավաբանների համար, ինչը մեծապես պիտի նպաստի մասնագիտական պարտքի կատարմանը։ Նշվել է, որ Եկեղեցին այն վայրն է, որի հովանու ներքո բոլորը համախմբվում են, ուստի իրավաբաններին համախմբող նման օրվա առկայությունը կարող է դառնալ գեղեցիկ առիթ մասնագիտական համերաշխության, տարբեր միջոցառումների միջոցով արդարադատության մեջ իրավունքի և բարոյականության շուրջ անդրադարձումների։   

Այնուհետև ներկաներին ողջունել է Ամենայն Հայոց Կաթողիկոսը և բարձրորեն գնահատել նախաձեռնությունը։ Նորին Սրբությունը հաստատել է, որ նման օրերի սահմանումը Եկեղեցու կողմից առաջնորդում է տարբեր ոլորտների մասնագետներին ազգին և հայրենիքին մատուցվող իրենց ծառայության շուրջ մտորումների, անցած ճանապարհի և որդեգրված սկզբունքների վերարժևորման, քանզի պատասխանատվություն են կրում ոչ միայն հանրության, այլև առաջին հերթին Աստծո առջև։

Խոսելով արդարադատության մասին՝ Հայոց Հայրապետն ընդգծել է, որ այն տերունապատվեր առաքելություն է, որ կարևոր պատգամ և խորհուրդ ունի, անդրադարձել է նաև իրավունքի և արդարության սուրբգրային ակունքներին և բարոյական ընկալմանը։ Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև իր մտածումներն է փոխանցել հանրության կյանքում ներկաների կարևոր առաքելության շուրջ՝ հաստատելով, որ ծառայության մեջ պետք է առաջնորդվել օրենքի արդարամիտ կիրառմամբ, բայց և Ս․ Գրքի ուսուցանած մարդասիրության և գթության ընկալումով՝ չխեղելու մարդկային կյանքեր, այլ մեղավորին դարձի բերելու, կանգնեցնելու ուղիղ ճանապարհի վրա և հաստատելու աստվածապարգև բարի կոչման մեջ։

Վեհափառ Հայրապետը պատգամել է լինել Աստծո կամքի հետևորդներ ու իրագործողներ և իրենց աշխատանքի արդյունքը դիտարկել բարու հաստատումը։

Ցուցադրել ավելի
Back to top button
Close