ԿարևորՀասարակություն

Չկան թունավոր նյութեր, կան թունավոր դոզաներ

Շուրջ 2 տասնյակ մարդկանց մահվան պատճառ դարձած մեթիլ սպիրտը, հնարավոր է,  օգտագործվում է  նաև ալկոգելի արտադրության մեջ․ խնդիրը քննարկվեց հանրության մեջ, սոցիալական ցանցերում ու լրատվամիջոցներում։ Ալկոգել արտադրողների թիվը, համավարակով պայմանավորված,  Հայաստանում ավելացել է։ Թե տեղական արտադրողներից քանիսն են ալկոգելի արտադրության համար մեթիլ սպիրտ օգտագործում  կամ օգտագործում են թե ոչ, դեռ պարզ չէ։ Մասնագետները, սակայն,  ասում են, որ խնդիրը ոչ թե ալկոգելի  մեջ մեթիլ սպիրտի առկայությունն է, այլ՝ դրա չափաքանակը։

«Ես բավարարված չեմ, թե ոնց են աշխատում։ Այդ  հսկողությունը հավասար է  չաշխատելուն», –ասում է Սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը։ Նրա խոսքով՝ երբ վերահսկող առաքելություն ունեցող ծառայությունը ձեռքը երակին չի պահում, վտանգներն անխուսափելի  են․ «Եթե իրենք ձեռքն անընդհատ պուլսին չեն պահում, անընդհատ չեն վազում՝ ի՞նչ պատահեց, որտե՞ղ,  մենք միշտ էլ ենթակա ենք վտանգների»։ 

Մասնագետները չեն բացառում, որ ալկոգելը մեթիլ սպիրտ պարունակի։ Սպառողների միության նախագահ Մելիտա Հակոբյանն, օրինակ, ասում է, որ ինքը գիտի՝ ալկոգել կարելի է պատրաստել տեխնիկական սպիրտից։

«Ես գիտեմ, որ դրանք կարող են օգտագործվել մաքրող նյութերի արտադրության մեջ։ Դրանց համար ինչու՞ պետք է մաքուր սպիրտ օգտագործվի»։  

«Իրազեկ եւ պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը «Ռադիոլուր»–ի  հետ զրույցում շեշտում է, որ ալկոգելի մեջ մեթիլ սպիրտի օգտագործումը տեսական ռիսկեր է ստեղծում, բայց գործնականում դրանից թունավորում հնարավոր չէ։

«Բայց  որ սա կարող է անվստահություն ստեղծել տեղական ալկոգելի նկատմամբ, երկրորդ կարծիք չի կարող լինել»։

Ալկոգելի արտադրության  մեջ, ըստ էության, որոշ ծավալով տեխնիկական սպիրտ կարող է օգտագործվել, սակայն արտադրանքը  վերջնական փուլում պետք է համապատասխանի տեխնիկական կանոնակարգով սահմանված նորմերին՝ ասաց Բաբկեն Պիպոյանը։  Նրա խոսքով՝ պետք է հստակ լինի տեղեկությունն այդ նորմերին համապատասխանելու կամ չհամապատասխանելու մասին։

«Քանի դեռ մենք չունենք դոզաների մասին տեղեկություն…. աշխարհում գոյություն չունեն թույներ, գոյություն ունեն թունավոր դոզաներ»։ 

Այդ հսկողությունն է, որ պետք է իրականացնի շուկայի վերահսկողության տեսչական մարմինը՝ հավելեց Բաբկեն Պիպոյանը։

Համավարակով պայմանավորված ալկոգելր արտադրողների ցանկը բավականին մեծացել է։ Ի՞նչ որակի են դրանք, համապատասխանում են արդյո՞ք սահմանված չափանիշներին եւ արդյո՞ք շուկայում եղած բոլոր ալկոգելերը համապատասխան սերտիֆիկացում ունե՞ն, թե՞ ոչ․ այս հարցերի պատասխանները ստանալու համար դիմեցինք տարբեր պատկան ատյանների։ Ի պատասխան մեր հարցման՝ Ստանդարտների ազգային ինստիտուտից  տեղեկացրին, որ  ալկոգելը, եթե միայն ախտահանիչ է, սերտիֆիկացման կարիք չունի։ Ներկրման դեպքում էլ գործում է մաքսային կանոնակարգը։   

Մի քանի ներմուծող ընկերությունների պատասխանատուների հետ նույնպես զրուցեցինք։ Նրանք նշեցին, որ տարիներ շարունակ զբաղվում են ալկոգելերի  եւ ախտահանիչ նյութերի ներկրմամբ, գործընթացն իրականացնում են համապատասխան սերտիֆիկատների առկայությամբ։ Նշեցին նաև, որ տարիների ընթացքում վստահություն են  ձեռք բերել, մինչ օրս որակի կամ ստանդարտների հետ կապված  խնդիրներ չեն ունեցել։

Հայաստանում արտադրվող ալկոգելերի որակի, դրանց վաճառքի նկատմամբ վերահսկողության, դրանցում օգտագործվող հումքի անվտանգության մասին հարցերի շուրջ պարզաբանումներ խնդրեցինք նաեւ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավարից։ Երեկ առավոտյան Արմեն Կոտոլյանը սիրալիր լսեց մեր հարցերը, ապա խոստացավ ավելի ուշ՝ օրվա երկրորդ կեսին, պարզաբանումներ ներկայացնել։ Երեկվանից, սակայն, Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավարի հետ կրկին կապ հաստատել այդպես էլ չհաջողվեց. մեր բոլոր զանգերը մնացին անպատասխան։

Back to top button