ԿարևորՏնտեսական

Բանկերը կնվազեցնե՞ն վարկերի տոկոսները

Կենտրոնական բանկի կանխատեսումների համաձայն՝  2020–ը, համավարակով պայմանավորված, կփակենք 6․2 տոկոս անկումով, 2021-ին սակայն, հնարավոր է տնտեսական աճ ունենանք։ Գլխավոր դրամատունն այդ ակնկալիքն արդարացնելու համար այսօր որոշել է  նորից  նվազեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը։

Հայաստանում մշտական բանավեճ կա սպառողների ու  բանկիրների միջև։ Վերջինները պնդում են, որ շահույթ  գրեթե չեն ստանում, սպառողներն էլ՝ թե բանկերը թալանում են, վարկերի տոկոսները բարձր են։  Կենտրոնական բանկն այսօր  որոշեց հերթական անգամ նվազեցնել  վերաֆինանսավորման տոկոսադրույքը։

ԿԲ նախագահ Մարտին Գալստյան․ «2020 թվականի    սեպտեմբերի 15-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշել է  նվազեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 4.25%: Օգոստոսին արձանագրվել է 0․1 տոկոս գնանկում նախորդ ամսվա   0․4–ի դիմաց։  12–ամսյա բնականոն  գնաճը ավելացել է ՝ կազմելով 1․1 տոկոս»։

Առևտրային որոշ բանկերում վերջին շրջանում ավանդների տոկոսադրույքները նվազել են,  թե որ ուղղությամբ կշարժվեն վարկերի տոկոսները, ԿԲ նախագահի խոսքով,  դեռ վաղ է կանխատեսել։      

«Շատ դժվար է ասել՝ սպասվո՞ւմ է վարկերի տոկոսադրույքի նվազում, թե՞ ոչ։ Դրամավարկային քաղաքականության  տոկոսադրույքը ունիվերսալ գործիք է, այսինքն՝ ազդում է տնտեսության բոլոր ոլորտների վրա համաչափորեն։  Կան տնտեսության հատվածներ, որոնք ավելի շատ են տուժել համավարակից։  Շատ ենք կարևորում հարկաբյուջետային քաղաքականության դերը։ Հայաստանում այն բիզնեսը, որն ունի առողջ տնտեսական իրավիճակ, կարող է ցածր տոկոսադրույքով վարկավորվել»։

Քաղաքագետ, տնտեսագետ Հրանտ Միքայելյանը կարծում է, որ   վերաֆինանսավորման տոկոսադրույքը  0․25 տոկոսային կետով իջեցնելու ԿԲ խորհրդի որոշումը բարենպաստ դաշտ կստեղծի  բիզնեսի համար։ «Ռադիոլուր»–ի հետ զրույցում կանխատեսում է, որ  վարկերի տոկոսները կիջնեն։  

«Վարկերի տոկոսների նվազումը,  իհարկե,  միանգամից տեղի չի ունենա, ավելի երկարատև էֆեկտ կունենա, սակայն, դրամով  վարկերի տոկոսները կսկսեն նվազել։ Իմ կարծիքով՝ կնվազեն տոկոսները, ինչն էլ կազդի բիզնես ակտիվության վրա»։

Տնտեսագետը  չի բացառում, որ վերաֆինանսավորման տոկոսադրույքի  իջեցումը  գնաճի վրա էլ որոշակի ազդեցություն ունենա , սակայն, սպառողներն այդ ճնշումը չեն զգա։ ԿԲ–ն, ըստ մասնագետի,  ցանկանում է ինֆլյացիան ցածր պահել, նաև՝  տնտեսական  սպեկուլյատիվ աճը կանխելու նպատակով։ Թե որն է աճի սպեկուլյատիվը, Հրանտ Միքայելյանն այսպես է բացատրում։

«Նպատակը  տնտեսությունը գերտաքացումը կանխելն է, քանի որ  եթե վարկերի տոկոսադրույքը ցածր է, վարկեր շատ են վերցնում։ Արդյունքում՝ տնտեսական աճը կարող է արագանալ, բայց սպեկուլյատիվ լինել։ Դրա համար էլ տոկոսները բարձր են պահվում։ Այժմ, սակայն, գերտաքացման վտանգ չկա, ավելին՝  տնտեսական անկման հավանականությունն է մեծ։ Չեզոքացնելու համար ԿԲ–ն ուզում է վարկային շուկան ակտիվացնել։  Բացի դրանից՝ բանկերի մի մասը, ճգնաժամով պայմանավորված, այնքան էլ  բաց չէ, քանի որ փորձում է հնարավոր ռիսկերից խուսափել»։

Գլխավոր դրամատունը փոխել է տնտեսական աճի՝  ավելի վաղ արած կանխատեսումը․ նախկին 4–ի փոխարեն  6․2 տոկոս անկում  է կանխատեսում, փոխարենը  2021–ին արդեն տնտեսության վերականգնում է ակնկալում՝  5 տոկոսանոց աճով։  

Back to top button