ԿարևորՌադիոլուրի հյուրասրահ

Նախազգուշացում, ապա տուգանք․ ինչ է սպասվում անբարեխիղճ տնտեսվարողներին

Արտակարգ դրությունից  կարանտին անցումը տնտեսվարողներին  հակահամաճարակային կանոնների պահպանումից  չի ազատել։  «Միակ փոփոխությունն այն է, որ եթե նախկինում 24, 48 կամ 72 ժամով  կասեցվում էին  համաճարակային կանոնները չպահպանող  տնտեսվարողների գործունեությունը, ապա այժմ նրանց մեկ անգամ նախազգուշացնելուց հետո գործելու է տուգանքի մեխանիզմը»,–  «Ռադիոլուրի հյուրասրահ»–ում ասել է  Սննդամթերքի տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը։

Նա տեղեկացրել է, որ  արտակարգ դրության ամիսներին  ամենահաճախ  խախտումներ  արձանագրվել են այն սրճարաններում, որտեղ նարգիլե  են վաճառում, մինչդեռ նարգիլեի օգտագործումն այս ընթացքում արգելված է։ Ավետիսյանն ասել է, որ տնտեսվարողների կողմից համաճարակային կանոնների պահպանման տեմպի թուլացում նկատելի է, սակայն տեսչական մարմինը թույլ չի տա, որ  համաճարակային իրավիճակը սրվի։ Ուսումնական տարվան ընդառաջ՝ կարանտինի ընթացքում  դպրոցների բուֆետները  չեն աշխատելու, երեխաները սնունդը տնից կտանեն իրենց հետ, սակայն մանկապարտեզների խոհանոցները  ՍԱՏՄ տեսուչների մանրադիտակի տակ են։ Նրանք ոլորտը   կվերահսկեն՝   կրթության տեսչական մարմնի հետ համատեղ։

 Անդրադառնալով Արմավիրի մարզում տնային պայմաններում պատրաստված օղուց  թունավորման դեպքին՝ տեսչական մարմնի ղեկավարը հայտնել է, որ  320 տնտեսվարողի մոտ դիտարկումներ են սկսել, որպեսզի պարզեն՝ արդյո՞ք խանութներում չմակնշված խմիչք է վաճառվում։

Back to top button