ԿարևորՀասարակություն

Հաշմանդամություն ունեցող երեխաներն այս ուսումնական տարին բա՞ց են թողնելու

Ուսումնական տարին մեկնարկեց։ ԿԳՄՍ նախարարության հրապարակած դասերի անցկացման ուղեցույցը, սակայն, բավականին տարաձայնություններ է առաջացրել ծնողների, ուսուցիչների, անգամ աշակերտների շրջանում։
Այն, որ աշակերտը դասերի ողջ ընթացքում մի քանի ժամ պետք է դիմակով լինի, արդեն իսկ անհարմարություններ է պատճառելու, դասամիջոցները լավագույն տարբերակն են լիցքաթափվելու, կուտակված էներգիան սպառելու համար, բայց երեխաները հնարավորություն չեն ունենալու դասամիջոցին դասարանից դուրս գալ։  Այս և այլ սահմանափակումները նաև մասնագիտական շրջանակներում են քննադատությունների արժանացել։ Ամենամեծ անհարմարությունը, սակայն, զգալու են կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաները։

Մինչ ծնողների մեծամասնությունը դժգոհում է դպրոցներում նախատեսվող սահմանափակումներից, և դրանցով պայմանավորված անհարմարություններից, հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողները լռում են։ Նրանք, կարծես,  համակերպվել են, որ այս ուսումնական տարին բաց են թողնելու։ «Ունիսոն» ՀԿ ղեկավար Արմեն Ալավերդյանը նկատում է, որ եթե  նախատեսվող սահմանափակումները անիմաստ են և ավելորդ անհարմարություն են առաջացնելու խնդիր չունեցող երեխայի մոտ, ապա կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների դեպքում, ընդհանրապես, ավելորդ են դարձնում երեխայի մուտքը դպրոց։

«Կան ահազանգեր և ներքին համոզմունք, որ հիմնականում հաշմանդամություն ունեցող երեխաները դուրս կմնան առկա ուսուցումից։ Լավագույն դեպքում կլինի հեռավարը»։ 

Հեռավար կրթությանն է նախապատվություն տալիս նաև երևանյան ներառական դպրոցներից մեկի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Արմինե Ստեփանյանը։«Մեր դպրոցում իրականացվում է ներառական կրթություն, դիմակ կրելն արդեն խոչընդոտ է, առանձնահատուկ կրթության կարիք ունեցող երեխաների համար՝ առավել ևս։ Շատ դժվար է լինելու»։

Արմեն Ալավերդյանը չի պատկերացնում, թե օրինակ ինչպես է լսողության խնդիր ունեցող երեխան դպրոցում դիմակ կրելու, եթե նա կարդում է շուրթերով։ Կամ ինչպես է տեսողական խնդիր ունեցող երեխան հետևելու ախտահանման կանոններին, եթե նա աշխարհն ընկալում է շոշափելով։

«Սայլակ օգտագործող երեխաների դեպքում առաջանում են այլ խնդիրներ։ Սայլակի ախտահանման, ֆիզիկական հեռավորության պահպանման։ Ինչ հեռավորության մասին կարող է լինել խոսքը, եթե սայլակը պետք է հրել։ Այստեղ ես չեմ տեսնում իրատեսական լուծումներ։ Մի քանի օրից դասերը վերսկսվում են, և ինձ թվում է, որ ուղղակի անտեսված են լինելու հաշմանդամություն ունեցող աշակերտները»։ 

Արմեն Ալավերդյանին շտապում է հակադարձել կրթության նախարարության հանրակրթության վարչության գլխավոր մասնագետ Անահիտ Մուրադյանը։ Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաները ոչ միայն անտեսված չեն, այլև նրանց համար համապատասխան ուղեցույց է մշակվել մինչև դասերի մեկնարկը։ Այնպես որ, դպրոց գնալիս նրանք անհարմարություն չեն զգալու, հավաստիացնում է զրուցակիցս։

«Որոշակի երեխաներ, որոնք խնդիր ունեն դիմակ կրելու հետ կապված, դիմակի կրումը պարտադիր չէ ուսումնական պրոցեսի ժամանակ։Մենք առաջարկել ենք, որ լսողության խնդիրներ ունեցող դասարաններում ուսուցիչները պետք է կրեն կամ թափանցիկ դիմակներ կամ դիմավահաններ։ Եվ, իհարկե, կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաները կարող են ուղեկցողի հետ գալ դպրոց»։  

«Ունիսոն» հկ ղեկավար Արմեն Ալավերդյանն այնուամենայնիվ դեմ է դպրոցում դիմակներ կրելուն անկախ նրանից աշակերտը կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունի, թե` ոչ։  «Դիմակահանդեսը» հարկավոր է ավարտել, ընդգծում է նա։

Back to top button