ԿարևորՄշակույթ

Հայկական կինոյի մանիֆեստը, հագուկապն ու խառնվածքը

Համավարակի պայմաններում «Մեկ կադր» միջազգային փառատոնը սեպտեմբերի 4– 11–ը անցկացվել է առցանց։  Փառատոնին մասնակցել է 28 երկիր, հայտագրված 550–ից ավելի ֆիլմերից ցուցադրվել է 90–ը։ Փառատոնը հայական կինոյի զարգացման մասին ևս մեկ անգամ խոսելու առիթ էր։ Փառատոնի կազմակերպիչների և երիտասարդ ռեժիսորների հետ փորձել ենք պարզել՝ ով կլիներ և ինչ կհայտարարեր ժամանակակից հայ կինոն, եթե մեր կողքին ապրող մարդ լիներ։

Այս ռեպորտաժը հայկական կինոյի մանիֆեստն է։ Այն գրվել է ֆիլմ քննարկողների, ֆիլմ ստեղծողների ու ֆիլմ ցուցադրողների կողմից։ Մանիֆեստն ստեղծելուն զուգահեռ անձնավորելու ենք ժամանակակից հայ կինոն։ Գրական հնարքն օգտագործում ենք հայկական կինոյի ով և ինչպիսին լինելը պարզելու համար։ Ու մինչ նրանք կփորձեն հասկանալ՝ ինչ է հայտարարում կամ մերժում այս մանիֆեստը, մինչ դու ընթացքում կլսես բոլորին ու կամբողջացնես, ես կպատմեմ նրանց՝ այս մանիֆեստի հեղինակների մասին։

Եվ այսպես՝ Դուբլ 1։ ԿԻՆՈՄՏԱԾՈՂՈՒԹՅՈՒՆ

Մի օր, երբ դանիացի Լարս ֆոն Թրիերի գլխում հերթական խելառ միտքն էր տեղավորվում, երբ Ալեխանդրո Խոդորովսկին սովորույթի ուժով խաղաքարտերն էր խառնում,  իսկ հունգարացի Բելլա Տարրն առավոտյան նոր-նոր բացում էր աչքերը, ահա այդ նույն ժամանակ Երևանում, զուգահեռ մոնտաժի սկզբունքով, նրանց ջահել գործընկերները նայում, քննում ու քննարկում էին նրանց ֆիլմերը։ Ու եթե Բելա Տարրն իմանար, որ բազմապատվել է տարածության մեջ, ինչ-որ հրաշքով լսեր, չհասկանար, բայց նկատեր քննարկողների ոգևորությունը, ո՞վ գիտե, գուցե որոշեր վերադառնալ մեծ կինո։

Սոնան ու Միքայելը «Սինեբոքս» կինոակումբից են։ Չկար այն կինոթատրոնը, որտեղ կնայեին իրենց հետաքրքրող կինոն։ Երիտասարդներն արագ են կողմնորոշվում․ եթե չկա, պետք է ստեղծել։

«Չկա այդ բազմազանությունը, հետո, որ զգում ես հեսա սկսելու է էդ բազմազանությունը, մեկ էլ հո՛պ, ընկնում է բազմազանության էդ ֆակտորը։ Նստում ես ու ասում ՝ օքեյ, հեսա տեսնեմ ինչ կլինի ու սկսում ես ինքդ ինչ-որ բաներ անել»,- պատմում է Միքայելը։

Կինոն հանդիսատեսն է։ Հանդիսատեսը հեղինակ է ու հերոս միաժամանակ։ Առանց հանդիսատես չկա կինո։

«Երբ որ լավ ֆիլմ է, բայց իրեն դիտող չունի, հազար հատ լավ ֆիլմ թող լինի, ո՞ւմ ա պետք։ Մենք հասկացանք, որ եթե մենք «Սինեբոքս»-ում մեծ մասամբ կինոռեժիսորներ ենք, ունենք ինչ-որ իդեաներ, որ ֆիլմեր ենք ուզում նկարենք, բայց պատկերացում չունենք, թե ով է մեր հանդիսատեսը, ում համար ենք նկարում կինոն։ Հետո նայեցինք մեր համակուրսեցիներին կամ կողքի մարդկանց, որոնք կարող էին լինեին պոտենցիալ հանդիսատես, տեսանք, որ իրենք չեն նայի մեր ֆիլմերը ու չեն հասկանա մեր ֆիլմերը, որովհետև իրենք, օրինակ, չեն նայում այն ֆիլմերը ու չեն հասկանում, որոնք արդեն հաստատված դասական ֆիլմեր են։ Այսինքն՝ կա խնդիր, որ չկա նույնիսկ հանդիսատես։ Ու էդտեղ միսիաներից մեկը դարձավ, որ թեթևակի օգնենք  կինոհանդիսատեսի ստեղծմանը»,- ընդգծում է Սոնան։

Դուբլ 2։ ԿԻՆՈԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Վանաձորցի ռեժիսորները մի քանի ամիս առաջ ամեն ինչ մի կողմ դրեցին ու սկսեցին յութուբյան ալիքում վավերագրական սերիալի միջոցով պատմել իրենց խնդիրների մասին ու քայլեր ձեռնարկել փոփոխությունների համար։ Հենց այդ ժամանակ էլ դժվարություններին ու խնդիրներին ասացին՝ «թքած» ու էդպես էլ ստեղծվեց «Թքած» նախագիծը։

«Հետևենք մեր երազանքին, իսկ մեր երազանքն է նկարել ֆիլմեր ու արդեն սկսել ենք կարճամետրաժ ֆիլմերի արտադրությունը, որ հա՛մ ինքներս մեզ փորձենք, հա՛մ մենք զարգանանք, հա՛մ  էլ մեր մտքերն ու պատկերացումները ցույց տանք մարդկանց, տեսնենք՝ ինչ կլինի»,- նշում է Արենը։

Տղաների բնակարանում եմ։ Արենի ու Տարոնի հետ փորձում ենք անաղմուկ տեղ գտնել, որ և՛ մեզ չխանգարեն, և՛ մենք չխանգարենք․ պատի հակառակ կողմում նկարահանումներ են։ Տունը, որտեղ ապրում են տղաները, միաժամանակ և՛ բնակարան է, և՛ նկարահանման ստուդիա։

«Թիմ ա մեծանում, մտածելակերպ ա փոխվում, մարդիկ սկսում են հավատալ, որ իրենց սիրած գործով կարող են զբաղվեն ու լավ զբաղվեն ու դրանով ապրեն ու իրենց մտքերը իրականություն բերեն էլի։ Այսինքն՝ էն, ինչ մտքիդ մեջ ֆռռացել ա, բերես իրականություն, սարքես մատերիա, էլի»,- հավելում է Արենը։

Առաջին սեզոնում ձևակերպեցին խնդիրները, իսկ երկրորդում՝ դրանց լուծումներն են։

 «Կա սեզոն, կա ինչ-որ էտապ, որը ունի չելենջ, որը պետք է հաղթահարենք։ Մեր կյանքի էդ էտապում ինչ-որ մի չելենջ մենք մեր դեմ դնում ենք։ Ավելի շուտ երազանքի աշխատանքի ու դրան գնալու մասին է։ Այսինքն, կարող է էս նույն բանը անի երաժիշտը, գրողը ու նաև արվեստից դուրս նույնիսկ։ Այսինքն, մարդ, որը ուզում է ինչ-որ բան անի ու սաղիս վրա կա մի հատ սիստեմ, որ խանգարում է դրան։ Չկա այնպիսի մարդ, որ էդ սիստեմի հետ բախում չունենա», — մանրամասնում է Տարոնը։

«Օրինակ՝ կոնկրետ ես գիտակցում եմ, որ ես կարող է ընդամենը այնպիսի մարդ եմ, որ ոնց որ ավելի շատ միջնորդ է, միջին ինչ-որ բան է, ով ընդամենը ծառայում է նրան, որ իրենից հետո եկող սերունդը, անի էն ինչ-որ պետք է արվի, էլի։ Պետք է անես, էլի, որ ոնց որ էս մի աստիճանը դու դնես, որ էն մեկի վրա էն մեկը կարողանա բարձրանա», — նշում է Արենը։

Դուբլ 3։ ԿԻՆՈՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

«Մեկ կադր» փառատոնի կազմակերպիչները

«Մեկ կադր» միջազգային 18-րդ փառատոնը օֆլայնից դարձել է օնլայն։ Հեռարձակումն ապահովում է «Բաղինյան Արթ» վիդեոընկերությունը։ Սպասում եմ առցանց քննարկման ավարտին, որից հետո խոսում եմ Կարեն Բաղինյանի հետ։

«Նոր բան չի սա, ուղղակի ինտեգրել էն ֆորմատների հետ, որը որ շատ դժվար է ինտեգրել։ Այսինքն փառատոնը ամբողջությամբ օնլայն հարթակ տեղափոխելը դա մի քիչ բարդ է։ Փորձել ենք անել էնքանով, որ հնարավորին չափ քիչ տուժի որակը»,- նշում է նա։

Երիտասարդներն այդ հարցում շատ են օգնել։ Սոնան ու Միքայելը համագործակցում են փառատոնի հետ, իսկ «Թքած» նախագծի ռեժիսորների ֆիլմերը ցուցադրվում են փառատոնի ընթացքում։ Իրենք պետք են փառատոնին, փառատոնը՝ իրենց։

«Ու շատ կուզենամ ընդգծել իր բուն փիլիսոփայությունը, թե ինչի մասին ա էդ ընդհանուր փառատոնը։ Էն, որ ի սկզբանե էս ամբողջ 18 տարվա մեջ հենց բառի բուն իմաստով հնարավորություն  ա տալիս երիտասարդ ստեղծողին, ռեժիսորին, արվեստագետին իր միջոցներով կամ աջակցելով ինչ-որ մի բան ստեղծել»,-նշում է Միքայելը։

18-րդ «Մեկ կադր»-ն արդեն չափահաս է։ Քովիդը չափահաս փառատոնի խոչընդոտներից մեկն էր։ Անցումը դժվարությամբ, բայց կայացվել է։ «Մեկ կադր»-ը փառատոն է բոլորի համար, անկախ տարիքից ու մասնագիտությունից։

«Մենք փորձում ենք այն հարթակը լինել, — փառատոնի հիմնադիր Գագիկ Ղազարեն է պատմում, — որտեղ հնարավոր է սիրողը, կինոսերը ներկայանա իր սկսած մեկ րոպե ֆիլմից, բայց նաև կարճամետրաժներ կարող է ինքը անել ու ունենք էդպիսի փորձ, կինո առանց սահմանի անվանակարգը, այսինքն մենք այ էդ տարածությունն ենք ստեղծում, որտեղ, անկախ կինոն հնարավորություն ունենա ներկայանալու լայն հանրությանը»։

Գագիկ Ղազարեի խոսքերը մտովի հետ են տանում տղաների բնակարան։ Հյուրասենյակի պատին Ջոն Լենոնի նկարն է։ Եթե երազելը չափման միավոր ունենար՝ նա երազողներից ամենամեծը կլիներ։ Թափանցիկ ակնոցի հետևից, շիտակ հայացքով նայում է ու հիշեցնում՝ ինքն էլ էր երազող ու միակը չէր։ Ջոնն արդեն պատմություն է, ավարտված պատմություն, իսկ տղաների պատմությունը նոր է սկսվել։ Գուցե նաև նոր է սկսվում  հայկական կինոյի նոր ալիքը, ձևավորվում ինչպես «Մեկ կադր»-ի անվանակարգերում, այնպես էլ «Սինեբոքս»-ի քննարկումներում ու «Թքած»-ի ռեժիսորների բնակարանում։

Back to top button