ԿարևորՀասարակություն

Համավարակն անշուք է դարձրել առաջին դասարանցիների մուտքը դպրոց

Արմավիրի մարզում այսօր առաջին անգամ դպրոց է հաճախել  3494 երեխա:  Առաջին դասարանցիների ընդունելությունը կազմակերպվել էր էլեկտրոնային եղանակով՝ սահմանափակ քանակությամբ, ինչի հետևանքով դպրոցներում կրճատվել է առաջին դասարանների թիվը: Արմավիրի թիվ 2 դպրոցում անցած տարվա 4 առաջին դասարանի փոխարեն բացվել է 2-ը:

Արմավիր քաղաքի Վարդան Բախշյանի անվան թիվ 2 դպրոցն  ամեն տարվա պես շուքով չի ընդունել առաջին դասարանցիներին:  Առաջին զանգից հետո  նրանք փուչիկներով ու ծաղիկներով մտել են դպրոց, ծանոթացել  դասվարների հետ ու հեռացել: Դպրոցում այս երեխաների համար գիտելիքների մի նոր աշխարհ է բացվելու և փոքրիկ Արեգն էլ  կրթօջախին նոր անվանում է  տվել՝  գիտելիքնոց: Արմավիր քաղաքի թիվ 2 հիմնական դպրոցում այս ուսումնական տարում ընդունվել է 50 առաջին դասարանցի և բացվել 2 դասարան՝ նախկին 4-ի փոխարեն: Տնօրեն Գևորգ Առաքելյանն ասում է, որ աշակերտների թվի կրճատումը պայմանավորված է դպրոցներում 1-ին դասարանցիների  ընդունելության փոփոխման կարգով.

«Մեր դպրոցն լիցենզիայով հատկացված ունի 500 աշակերտական տեղ: Տարրական ու միջին դպրոցում առանձին-առանձին վերցրած 200 և 300 տեղեր են: Հունիս ամսում օնլայն գրանցմամբ ծնողները  «hayt.am»-ով գրանցվել են, 50-ից հետո կայքը փակվել է»:

Այս հիմնական դպրոցը գտնվում է Արմավիր քաղաքի կենտրոնում, որտեղ բազմաբնակարան շենքերը շատ են, հետևաբար դպրոցական երեխաների թիվը՝ նույնպես: Մեկ ընտանիքից դպրոց հաճախող մի քանի երեխաներից առաջին դասարան հաճախողը դուրս է մնացել  քրոջ կան եղբոր հետ նույն դպրոցում  սովորելուց կամ  հաճախել այն դպրոցը, որն ավելի մոտ է գտնվում իրենց տանը: Դժգոհություններ եղել են.

«Մի պապիկ այսօր եկել  ու ասում էր՝ ես կբերեմ, կնստացնեմ, դուք ինչ ուզում եք արեք, ասում եմ՝ դե, ոնց կնստացնես, թույլ չենք տա, որովհետև այդ երեխան իմ դպրոցում չի գրանցված, եթե գրանցված լիներ՝ ինչ մասին է խոսքը»:

Առաջին դասարանցիների ընդունելության նոր կարգը սահմանվել էր հատուկ չափորոշիչներին համապատասխան: Արմավիրի մարզպետարանի կրթության, մշակութի և սպորտի վարչության պետի պաշտոնակատար Սոնյա Բուդաղյանը նշում է, որ ընդունելության նոր  կարգը կիրառվել է  միայն մեկից ավելի դպրոց ունեցող համայնքներում.

«Այն համայնքներում, որտեղ գործում է մեկ դպրոց, բոլոր երեխաները ընդգրկվել են այդ դպրոցի առաջին դասարաններում, իսկ այն համայնքներում, որտեղ մի քանի դպրոց է՝ ըստ սահմանային գծերի է իրականացվել առաջին դասարանցիների ընդունելությունը: Իհարկե, եղել են դպրոցներ, որտեղ պահանջարկն ավելին է եղել, քան իր սահմանային գիծը, բայց ես կարծում եմ, որ սա ավելի ճիշտ է: Կան դպրոցներ, որտեղ առաջին դասարաններ բացելու խնդիր է լինում և, կարծում է, որ այս խնդիրը  ճիշտ լուծման  ճանապարհին  է»:

Առաջին դասարանցիների Էլեկտրոնային գրանցմամբ Սարդարապատ գյուղում բնակվող Արգիշտի Ենոքյանի մայրը ընտրել էր  ոչ թե իրենց համայնքի դպրոցը, այլ Արմավիր քաղաքի Անդրանիկ Օզանյանի անվան թիվ 5 դպրոցը: Երեխան նախադպրոցական կրթությունը նույնպես Արմավիրում էր ստացել: Արմավիրի թիվ 5 հիմնական դպրոցն ունի  ռուսերեն լեզվով  ուսուցանվող դասարաններ և  այս ուսումնական տարում 5 առաջին դասարան է բացվել.

«Ըստ լիցենզիայի սահմանային գծերը դրվում են տարրական դպրոցի համար որոշակի թիվ, միջին դպրոցի համար՝ որոշակի, և ըստ այդմ այս տարի եղել է ընդունելություն: Նույնը կարող եմ ասել Արմավիրի թիվ 5 դպրոցի մասին, որտեղ բացվել է 5 առաջին դասարան, որից մեկը՝ ռուսական: Այնտեղ սահմանային գիծն ավելի մեծ է»:

500 աշակերտական տեղի հնարավորությամբ Արմավիրի թիվ 2 դպրոցում ամեն տարի հաճախել է 800-ից ավելի աշակերտ և  դասերը կազմակերպել են երկհերթ: Դասարանների կրճատման պատճառով 2 դասվար մնացել էր առանց աշխատանքի: Տնօրենը գտել է լուծումը.

«Երկու դասվար աշխատանքից տեխնիկապես դուրս են մնացել, շատ որակյալ դասվարներներ են, տեղավորել եմ 2 առաջին դասարաններում, մի դասարանում մեկ դասվարը կդասավանդի մայրենի լեզու, մյուս դասվարը՝ մաթեմատիկա»:

Այսինքն՝ կիսվել է  գործող դասվարի մեկ դրույքժամը: Այս տարի դասվարների  կրճատումներ չեն եղել,  բայց կրճատված աշակերտների թիվը հետագայում հանգեցնելու է մյուս ուսուցիչների թվի կրճատմանը: Սա ավելի պարզորոշ կերևա հաջորդող տարիների տերեֆիկացիաների կազմման ժամանակ: Ուսուցիչների կրճատման խնդիրներին չբախվելու նպատակով Գևորգ Առաքելյանը որոշել է դիմել նախարարություն.

«Փորձելու եմ դիմել նախարարություն՝ լիցենզիոն տեղերի քանակն ավելացնելու, եթե ստացվեց, գոնե, տարրական դպրոցում էլ եղավ 300, ինչպես միջին դպրոցում, արդեն խնդիրը  և հիմա կլուծվի, և 4-5 տարի հետո, այսինքն՝ խնդիր  չի առաջանա»:

Դպրոցը նոր ուսումնական տարվան պատրաստվել էր օրեր առաջ՝ տարածքն արդեն 3 անգամ ախտահանվել է, միջանցքի պատերին ամրացրել են ախտահանիչ նյութերով անոթներ, ձեռք բերել հեռահար ջերմաչափեր, օգտագործված դիմակների համար՝ ոտնակով փակ աղբամաններ:

«Ձեռք ենք բերել նաև դիմակներ նրանց համար, ովքեր կվնասեն իրենց դիմակները կամ չեն ունենա, կտրամադրենք անվճար: Երեխաները դասերին պատասխանելու են նստած տեղից, չեն կանգնելու, տետր չեն ունենալու, գրատախտակի մոտ չեն գնալու, ուսուցիչը չի շրջելու շարքերով, շփումը բացառվելու է»:

Ուսուցման նոր ձևաչափով  դասընթացը կկազմակերպվի 6 օրյա, իսկ  աշակերտները դպրոց կհաճախեն շաբաթվա 3 օրը:

Back to top button