ԿարևորՄշակույթ

Կարանտինային մահճակալների փոխարեն՝ Սիմֆոնիկի երաժշտական գործիքները

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում  կայանալիք համերգով սեպտեմբերի 15-ին մեկնարկում է Հայաստանի սիմֆոնիկ նվագախմբի նոր համերգաշրջանը։ Տիգրան Մանսուրյանի «Ձյունե թագուհին» ու Դվորժակի  9-րդ սիմֆոնիան ունկնդիրը կլսի՝ պահպանելով համավարակի շրջանում անհրաժեշտ անվտանգության բոլոր կանոնները։  Այսօր նախ՝ հիացել ենք Մարզահամերգային համալիրի՝ մահճակալներից զուրկ նախասրահով , ապա մասնակցել  հոբելյանական համերգաշրջանի մեկնարկին նվիրված ասուլիսին։

Համոզված եմ, որ տեսնողները չեն մոռացել  համացանցում հայտնված այն լուսանկարները, որտեղ  Կարեն Դեմիրճյանի անվան  մարզահամերգային համալիրի նախասրահն էր՝  բազմաթիվ մահճակալներով։ Ասեմ, որ հիշյալ լուսանկարները դիտելուց հետո այս պահին հրաշալի է զգացողությունս, քանի որ նույն նախասրահում եմ, որտեղ մահճակալների հետքն անգամ չի երևում և այստեղ եմ COVID 19-ի հետ որևէ առնչություն չունեցող  առիթով։ Իսկ առիթը  Հայաստանի պետական  սիմֆոնիկ նվագախմբի  նոր համերգաշրջանի մեկնարկն է։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի  գեղարվեստական ղեկավար և  գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյան․ «Հոբելյանական համերգաշրջան․ 50 համերգ կունենանք այս տարի, երեք շատ կարևոր հյուրախաղեր, ձայնագրության երկու մեծ նախագիծ, երեք փառատոն ենք նախատեսում անցկացնել։ Կարծում եմ, որ այս դժվար պայմաններում շատ կարևոր է , որ մենք կարողանանք  ներկայանալ  մեր ունկնդրին, իհարկե,  պահպանելով բոլոր կանոնները, քանի որ բոլորս մշակույթի կարիք ունենք»։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի  հոբելյանական՝ 15-րդ  համերգաշրջանը կմեկնարկի  սեպտեմբերի 15-ին  Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Կհնչեն  երեք հատված Տիգրան Մանսուրյանի  «Ձյունե թագուհին» բալետից և  Անտոնին Դվորժակի  9-րդ սիմֆոնիան։ Մարզահամերգային համալիրը դասական երաժշտության լուրջ հարթակի վերածելը եղել է Կարեն Դեմիրճյանի անվան  մարզահամերգային համալիրի տնօրեն Կարեն Ղազարյանի առաջնային ծրագրերից մեկը՝  պաշտոնն ստանձնելու հենց սկզբից, ասում է․

«Իմ նպատակներից մեկը եղել է այն, որ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն իր տեղը գտնի մարզահամերգային համալիրում, և այն դառնա տուն այս նվագախմբի համար»։

Նոր համերգաշրջանի մեկնարկն ազդարարելուց առաջ Սերգեյ Սմբատյանն ամփոփեց նախորդ՝ 14-րդ համերգաշրջանի արդյունքները․ վեց փառատոն, 51 համերգ՝ 17 մեծանուն մենակատարի մասնակցությամբ։ Նվագախմբի համերգներն ունեցել են 56 հազար հանդիսատես։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ հավատարիմ  իր առաքելությանը,  շարունակել է  հայ կոմպոզիտորների  ստեղծագործությունների ներկայացման և ձայնագրման  գործընթացը։ Համավարկի պարտադրած սահմանափակումների պայմաններում  անգամ նվագախումբը եղել է առցանց հարթակում  գործունեություն ծավալած  ամենաակտիվ երաժշտական կոլեկտիվներից մեկը․ 38 առցանց համերգ՝ 90 հազար դիտում և  400 հազար հասանելիություն։ Ծննդյան հոբելյանական տարում  մաեստրո Մանսուրյանը եղել է սիմֆոնիկ նվագախմբի համերգների ակտիվ մասնակիցն ու նաև՝ «գլխավոր հերոսը»։

« Ես իմ հոբելյանական տարին ապրեցի անցյալ տարի և սիմֆոնիկ նվագախումբը մեծապես իմ կողքին եղավ, բոլոր միջոցառումներին, որոնք նվիրված էին այդ առիթին։ Միասին լավ ճամփորդեցինք՝ Արցախից Գյումրի»։

Արտակարգ դրության նախորդ ամիսներին էլ մաեստրոն  խոստովանում է՝ տարբերություն չի նկատել․ ինչպես նախկինում էր տանը փակված ստեղծագործում, այնպես էլ  արտակարգ դրության պայմաններում։ Կարանտինի շրջանում երկու ստեղծագործություն է ծնվել՝ «Ձոն լռության» և չորս հայրենների հիման վրա գրված նոր երաժշտական շարքը։

Back to top button