ԿարևորՄշակույթ

Լեդին եւ Բիձան. մի բլյուզի պատմություն

Եղեգնաձորցի բլյուզմեն կամ նույն ինքը բիձա — բլյուզ Արմեն Ադամյանի առաջին կիթառը գյուղի տան բահն է եղել։  Տասնամյակներ առաջ, պատահաբար ամսագրում Արմենը տեսավ կիթառի լուսանկարն ու ակնթարթորեն լուսավորվեց ճանապարհը՝ տանող դեպի բլյուզի աշխարհ․

«Ծնողներս մանկավարժներ էին և մենք ստանում էին բազմաթիվ ամսագրեր, դրանց թվում էր նաև «Լեհաստան» ամսագիրը, որի մեջ պատահաբար ես տեսա այն ժամանակ՝ 60-ական թվականներին մոդայիկ էլեկտրական կիթառները և, քանի որ ամենաշատը տան պարագաներից բահն էր նման կիթառի, վերցնում էի այն ու հայելու առաջ երևակայում, թե նվագում եմ, բայց դա դարձավ իրականություն։ Իմ եղբայրը մի օր ինձ ցույց տվեց Բիթլզի ձայնագրությունը և դա իմ առաջին ծանոթացումն էր բլյուզի հետ։ Այն ժամանակ լավ սովորող աշակերտներին պարգևատրում էին ուղևորությամբ, և ինձ նույնպես պարգևատրեցին, ինձ ծնողներս գումար էին տվել ՝ չեխական արտադրության հայտնի կոշիկներ գնելու համար, որը սակայն ես ծախսեցի և գնեցի կիթառ»։

Եղեգնաձորից Նոյեմբերյան բլյուզե կամուրջ կա, որով անցնելուց հետո Մագա Գիշյանին բիձա բլյուզը կնքեց՝ լեդի բլյուզ։ Երիտասարդ երաժիշտը պատմում է․

«Բլյուզ շատ եմ սիրում, պատանեկան տարիքում եմ հայտնաբերել բլյուզը և սկսեցի լսել, բլյուզը զգացողություն է, եթե լսում ես բլյուզ պետք է կարողանաս մտնել այդ տրամադրության մեջ, ինձ համար բառերով բացատրելը դժվար է»։

Այսօր բոլորին հայտնի Բիձա բլյուզը Եղեգնաձորում «Էվրիկա» ստեղծեց՝ բառիս բուն իմաստով, հասնելով մեծ բեմերի՝ ընդհուպ մինչև ելույթներ Scorpions խմբի հետ՝ նույն բեմից.

«Էվրիկան շուրջ 40 տարի գործես և արեց հնարավոր ամեն ինչ, երկար տարիներ իմ կինը նվագում էր խմբում՝ հարվածային գործիքներ։ Բազմաթիվ համերգներ ենք ունեցել, ընդհուպ մինչև Scorpions խմբի հետ ելույթ ենք ունեցել նույն բեմից»։

Այսօր երիտասարդները բլյուզով այնքան էլ հետաքրքրված չեն, պատճառից՝ վերապահումներով, Լեդի բլյուզը խոսում է․

«Հարթակի առումով իհարկե Երևանը ավելի մեծ հնարավորություն է տալիս, կան ակումբներ, ռեստորաններ, որտեղ հարսանիքներ չեն անցկացվում, էդտեղ ինչ-որ չափով որակյալ երաժշտությունը պահանջված է։ Ես չեմ ուզում նոյեմբերյանը թիրախավորել, որովհետև բլյուզ չլսելու և առհասարակ անճաշակ երաժշտություն նախընտրելու խնդիրը համատարած է ՝ ողջ Հայաստանով մեկ»։

Ընդունենք սակայն, որ հարսանիքներին ռաբիզ երաժշտության տակ պարող մորքուրների, քեռիների կամ պարզապես հյուրերի մեջ բոլորս էլ դրայվ ենք նկատում, որտե՞ղ է դրայվը,  կամ ինչու՞ է սխալ տեղում, Բիձա բլյուզը մեկնաբանում է․

«Դինամո համալիրում այն ժամանակ կազմակերպվում էին համերգներ և այնտեղ կար բլյուզային դրայվը, մարդկանց շարժը։ Ես դա կապում եմ այսօրվա ընդհանուր երաժշտական ճաշակի հետ, իհարկե ով ինչ ուզի կարող է լսել, բայց ընդունենք, որ Արմենչիկի համերգի ժամանակ օրինակ այդ դրայվը կա։ Բլյուզ նվագողը և լսողը պիտի ազատ լինի՝ պայմանակություններից դուրս»։

Ի դեպ, հայկական ջազ կա, իսկ հայկական բլյո՞ւզ․

«Հայկական ջազ կա, հայկական բլյուզ՝ այդքան էլ չէ, ավելի շատ անհատ կատարողներ». Մագա Գիշյան:

«Հայկական ջազ կա, այո, բլյուզ ևս, եթե անհամեստություն չանեմ, այդ արտահայուտությունը՝ հայկական բլյուզ, առաջինն իմ անվան հետ է կապվում». Արմեն Ադամյան:

Ազատության լեզու, երաժշտությունների կուսակցությունից դուրս  բլյուզը, ասում են, ժամանակ չճանաչող տարածություն է, որտեղ սեփական ընտրությամբ հայտնվելուց հետո, ոչ ոք քեզ չի կարող արտաքսել։  

Back to top button