ԿարևորՔաղաքական

Ռազմավարական դաշինք. կեղծ օրակա՞րգ, թե՞ անհրաժեշտություն

ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի «Ապառաժ» պաշտոնաթերթի խմբագիր Արա Պլուզյանը ցույց է տալիս մի քանի նախագծեր, ասում, որ դրանք այն աշխատանքային փաստաթղթի տարբերակներն են, որի մասին Արցախի նախագահն ասում էր ասուլիսի ժամանակ։

Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 2-ին ասել էր, որ Հայաստանի ու Արցախի անվտանգության խորհուրդների առջև խնդիր է դրված առաջին փուլում աշխատանքային փաստաթուղթ ունենալ:

Ռազմավարական դաշինքի թեման 2019-ի մայիսին թարմացրեց հենց ՀՅԴ: Կուսակցության նախաձեռնությամբ  Ստեփանակերտում գումարվեց «Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինք» ֆորումը, որի ընդունած հռչակագրով   Հայաստանի եւ Արցախի օրենսդիր եւ գործադիր իշխանության մարմիններին կոչ է արվում  համապատասխան քայլեր ձեռնարկել հնարավորինս սեղմ ժամկետներում իրավապայմանագրային հարաբերությունների բացը լրացնելու եւ համապարփակ համագործակցության պայմանագիր կնքելու ուղղությամբ:

Արա Պլուզյանն ասում է, որ 2008-ից ի վեր առաջին անգամ Հայաստանի իշխանությունները գործնական քայլեր են անում:

Արցախի Ազգային ժողովի պատգամավոր, խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ Մարսել Պետրոսյանը կարծում է, որ դաշինքը պետք է լինի ընդամենը փաստաթուղթ երկու պետությունների արտաքին քաղաքական ու ռազմական գերատեսչությունների միջև, ավելի ընդգրկուն փաստաթղթի անհրաժեշտություն չկա:

Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանի  կուսակից Մարսել Պետրոսյանը հարցի  արծարծումը դիտարկում է  դաշնակցության կողմից քաղաքական դիվիդենտներ շահելու համատեքստում: «Ապառաժի» խմբագիրը հակադարձում է:

«Ռազմավարական դաշինքը միջազգային իրավունքի դաշտում օրինականացնում է Հայաստան-Արցախ փոխհամագործակցությունը»,- ասում է Արա Պլուզյանը:

Արցախի խորհրդարանի ամենամեծ խմբակցության՝ «Ազատ Հայրենիքի» կենտրոնական խորհրդի անդամ,  Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը կողմ է դաշինքին, հիմնավորում է:

Մարսել Պետրոսյանն ասում է, որ ցանկացած նման քայլի և փաստաթղթի հետևանքները  պետք է մանրակրկիտ հաշվարկել:

Այսպես մտածում է նաև Արցախի նախագահը։  Արայիկ Հարությունյանն ասել է․ «ամեն ինչի հաշվարկը պետք է կատարվի՝ արդյոք որոշումը կայացնելուց հետո մենք շահելու ենք, ինչ է տալու մեզ եւ ինչ ենք կորցնելու: Այնպես չէ, որ դրան դեմ մարդ կա»:

Նախագահը առանց փակագծերը բացելու նշել է, որ  արտգործնախարարությունները  նույնպես այդ ուղղությամբ ուսումնասիրություններ են անում:

Back to top button