ԿարևորՀասարակություն

Աշխարհազոր պետք է միշտ ունենալ. ուշացած, բայց անհրաժեշտ նախաձեռնություն

Պաշտպանության նախարարությունը նախաձեռնել է «Պաշտպանության մասին» օրենքում լրացումներ կատարել, որով Զինված ուժերին զուգահեռ նախատեսվում է ստեղծել աշխարհազոր։

Ըստ նախագծի՝ աշխարհազորը Հայաստանի վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ ռազմական գործողությունների պայմաններում Հայաստանի զինված պաշտպանությանը կամավորության սկզբունքով քաղաքացիների մասնակցության համակարգ է:

Ըստ օրինագծի՝ աշխարհազորի ղեկավարումը կիրականացնի ԶՈՒ գլխավոր շտաբի պետը՝ աշխարհազորային շտաբի միջոցով։ Նախագիծն արդեն դրված է հանրային քննարկման։ Այսօր օրինագծին անդրադարձել են «Հոդված 3» մամուլի ակումբի հյուրերը։

Պաշտպանություն, անվտանգություն եւ մարդու իրավունքներ – այս երեք տեսանկյուններից հանրային քննարկումները բավականին բուռն ընթացք են ունենում։ Եթե պաշտպանության եւ անվտանգության խնդիրների լուծման առումով օրինագիծը հիմնականում համարվում է հասկանալի եւ ընդունելի, ապա մարդու իրավունքների տեսանկյունից դեմ արտահայտվողները օրինագիծը խնդրահարույց են համարում։ Այսօրվա քննարկման մասնակիցներից նման դիրքորոշում ուներ, օրինակ, «Խաղաղության երկխոսություն» ՀԿ տնօրեն Էդգար Խաչատրյանը։

Մարդու իրավունքների տեսանկյունից դիտարկելով հարցը՝ նա ասաց.

«Ես բարձրացրեցի մարդու իրավունքների հետ կապված մի քանի հարց, որոնց պատասխանը ես չունեմ, բայց դրանք շատ կարեւոր հարցեր են, որոնք անտեսել չի կարելի»։

Հարցերից մեկն, օրինակ, այն է, ըստ «Խաղաղության երկխոսություն» ՀԿ տնօրենի, թե՝ ինչպե՞ս է զենք տրվելու աշխարհազորի անդամին եւ ինչպե՞ս է այն վերահսկվելու։ Բացի այդ՝ կարծում է, որ չկան նաեւ այնպիսի հարցերի պատասխաններ, թե ինչպես ու ի՞նչ միջոցներով պետք է պահվի աշխարհազորի անդամը, եթե, օրինակ, առողջության հետ կապված խնդիրներ են առաջանում հենց ծառայության ընթացքում։ Նա կարծում է, որ այս օրինագծում պաթոս կա, ինչից պետք է զերծ մնալ։ Այս տեսակետները չի կիսում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆիա Հովսեփյանը։

Երբ խոսքը անվտանգության մասին է, պետք չէ այդ ոճով խոսելը՝ ասաց։ Շեշտեց նաեւ, որ չի տեսնում մարդու իրավունքների տեսանկյունից որեւէ մտահոգություն։ Ավելին՝ փորձն էլ ցույց է տվել, որ հենց մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից էլ անհրաժեշտ է, որ այդ կառույցը ստեղծվի ու կայանա։  

«Ես համարում եմ ուշացած նախագիծ։ Սա պետք է լիներ միշտ մեզ մոտ։ Հասկանանք, որ մեր երկրի համար առաջնային անվտանգություններից մեկը մարտունակ թիկունք ունենալն է»,- ասաց Հովսեփյանը։  

Ինչ վերաբերում է մնացած հարցերին. Սոֆիա Հովսեփյանը կարծում է, որ որեւէ փակ բան չկա եւ բոլոր հարցերն էլ հեշտ կարգավորվող են ու վերահսկվող, այդ թվում՝ նաեւ զենքի վերահսկողության առումով, ու պետք չէ երկրորդային մտավախությունների պատճառով առանց այն էլ ուշացած այդքան կարեւոր նախաձեռնությունը էլի ուշացնել։

Անվտանգության քաղաքականության եւ կառույցների բարեփոխումների մասնագետ Սոսի Թաթիկյանը նկատեց, որ ՊՆ-ի առաջարկած աշխարհազորային մոդել շատ երկրներում կա եւ կոչվում է օժանդակ ուժ։ Վերջերս խոսելով նախաձեռնության մասին պաշտպանության փոխնախարարը նշել էր,  որ աշխարհում նման տաբեր մոդելներ կան, սակայն այս նախաձեռնությունը որեւէ մեկից վերցված չէ եւ այն զուտ հայկական մոդել է։

Սոսի Թաթիկյանն ասաց, որ համաձայն է փոխնախարարի հետ, քանի որ ուսումնասիրել եւ տեսել է, որ հայկական մոդելն իսկապես յուրահատկություններ ունի եւ նման չէ այլ երկրներում կիրառվող մոդելներին։ Անվտանգության քաղաքականության եւ կառույցների բարեփոխումների մասնագետը մի փոքր վերապահում ունի «աշխարհազոր» անվան առնչությամբ։        

«Իստ իս՝ մենք խոսում ենք քաղաքացիական պաշտպանության մասին։ Անկախ նրանից, թե անունը ինչ կդնենք՝ «աշխարհազոր», թե «քաղաքացիական պաշտպանություն», բայց  դա անհրաժեշտություն է Հայաստանի համար։ Համաձայն եմ, որ միգուցե նույնիսկ մի քիչ էլ ուշացած է։ Կարեւոր է փաթեթավորել ճիշտ ե՛ւ ներքին հանրության համար, ե՛ւ միջազգային հանրության, որպեսզի սխալ ընկալում չլինի»,- նշեց մասնագետը։

Օրինագիծը նախնական փուլում է եւ բոլոր հարցերը բավականին մանրամասնություններով քննարկելու հնարավորությունը  կա՝ իր հերթին նկատեց-եզրափակեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆիա Հովսեփյանը։

Back to top button