ԿարևորՀասարակություն

Մնաս բարով արտակարգ դրություն, բարի գալուստ կարանտին

Չինաստանի հետ ուղիղ չվերթ չունենալը  չխանգարեց, որ  COVID–19–ը  Հայաստան հասնի։ Գարնան առաջին օրը դիմավորեցինք  նոր տեսակի կորոնավիրուսի առաջին դեպքով։

13 օր անց արդեն այն,  ինչ աշխարհում էր կատարվում,  ԱՀԿ–ն պանդեմիա   բնորոշեց։ Մարտի 16–ին  Հայաստանում  արտակարգ դրություն հայտարարվեց․

«ՀՀ ամբողջ  տարածքում 2020թ մարտի 16–ից ժամը 17․00  մինչև ապրիլի 14–ը   ժամը  09․00  հայտարարել արտակարգ դրություն»։

Եվ այսպես ևս հինգ անգամ․  կառավարությունը 6 արտահերթ, իսկ Ազգային ժողովը 6 հատուկ նիստ հրավիրեցին մարտի 16–ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը 5 անգամ երկարաձգելու համար։

Հայտարարության տեքստերն ու հիմնավորումները  գրեթե նույնն էին, փոխվում էին միայն ամսաթվերն ու սահմանափակումների ծավալները։  Խիստ սահմանափակումներից  դեպի ավելի մեղմ սասհմանափակումներ,  մի   քանի համայնքներում մուտքի ու ելքի արգելք, տեղաշարժման հնարավորության սահմանափակում,  անցում  հեռավար կյանքի։ 

Աշխատանք, թե ուսուցում, առևտուր, թե գործարքներ դարձան օնլայն , անգամ հարսանիք՝  համացանցով։ Փոխվեց անգամ հոգեհանգստի մասնակիցների  թույլատրվող  ցանկը։  

«Պարետ», «պարետատուն», «մեկուսացում», «ինքնամեկուսացում»․ անցած կես տարում նաև  մեր բառապաշարը փոխվեց։ Դե իսկ ամենաշատ գործածված բառերը  կորոնավիրուսը, համավարակը, covid 19–ն էին։

Արտակարգ դրություն հաստատելուց տասը օր անց կառավարությունը սկսեց կորոնավիրուսի  տնտեսական ու սոցիալական  հետևանքների չեզոքացման հակաժգնաժամային  առաջին ծրագրերը։ Դրանք այսօր արդեն երկու տասնյակից ավելի են։  Ընդհանուր առմամբ՝   համավարակին հակազդելը  շուրջ 160 մլրդ դրամ նստեց   տնտեսության  վրա։

Անցած վեց ամսում նաև պայուսակների ու  աշխատանքների սեղանների  պարունակությունը  փոխվեց՝  ախտահանիչ նյութերն ու  դիմակները դարձան բոլորիս ուղեկիցը։   Մայիսի 18–ից  արդեն ոչ թե ըստ ցանկության, այլ  պարտադիր սկսեցինք ընկերություն անել   դիմակների հետ։  Ընկերություն  չանողները սկսեցին տուգանվել։

Հետո արդեն պիտի պարզվեր, որ  դիմակները դառնալու են  մեր հագուստի պարտադիր բաղադրիչը  և մեզ հետ են լինելու  մինչև տարեվերջ ։ Իսկ դրանք մշտապես ունենալու հիշեցնելու է անձամբ վարչապետը։

Տեսչական մարմինների աշխատակիցներն էլ դարձան առևտրի կետերի, հասարակական վայրերի ու տրանսպորտի  շատհաճախ չսպասված, երբեմն գուցե նաև սպասված հյուրերը։ Անցած վեց  ամսում պարետի որոշմամբ շուրջ   5300 կազմակերպության գործունեություն դադարեցվեց,  իրականացվեց  85 հազարից ավելի ստուգում։

Այսօր հրաժեշտ ենք  տալիս  կեստարյա արտակարգ դրությանն ու անցնում ենք  կարանտինային ռեժիմի։        

Կառավարությունը որոշել է, որ Հայաստանի ամբողջ տարածքում այսօրվանից մինչև 2021թ․  հունվարի 11-ը կսահմանվի կարանտին։ Որոշումը հրապարակվել է այսօր, ուժի մեջ է հրապարակման պահից:

Կառավարության որոշման հիմքում այն օրենսդրական փաթեթն է, որն ընդունվել էր օրերս, իսկ  նախագահի կողմից ստորագրվել երեկ։  Սահմանափակումների հիմնական մասն, ըստ  էության, պահպանվելու է․

Արդարադատության նախարարի տեղակալ Ռաֆիկ Գրիգոյան. «Օրենսդրական փաթեթը հիմնականում պահպանել է  կիրառվող սահմանափակումների որոշ հատվածը։ Այնպիսի սահմանափակումներ ինչպիսին եղել են էլեկտրոնային համակարգի միջոցով անձանց տեղորոշումը այլևս չի կիրառվելու։ Տվյալները կոչնչացվեն։ Տնտեսական գործունեության դադարեցման հնարավորություն նախատեսված չէ։ Միայն նախատեսված է անվտանգության կանոնների սահմանում և սահմանափակումներ։ Միայն բացառիկ դեպքերում, երբ իրավաբանական անձը կհանդիսանա վարակի աղբյուր, հնարավոր կլինի նաև այդ հատվածում կարանտին հայտարարել»։

Կարանտինի ընթացքում    մուտքի և ելքի հատուկ ռեժիմը կշարունակի գործել։ Բացառությամբ մի շարք  դեպքերի՝    ցամաքային սահմանի անցակետերով կարգելվի ՀՀ  քաղաքացիություն չունեցող անձանց մուտքը Հայաստանի Հանրապետություն։ COVID-19-ի հաստատման դեպքում  ինքնամեկուսացման կանոնները կշարունակեն գործել, իսկ հանրային  միջոցառումները թույլատրելի կլինեն   60-ից ոչ ավելի անձանց մասնակցությամբ։  Անվտանգության կանոնների պահպանմամբ կարանտինի շրջանում թույլատրվում է  նաև  մշակութային ուկրթական միջոցառումների անցկացումը  փակ տարածքներում։  

Ցուցադրել ավելի
Back to top button
Close