ԿարևորՏնտեսական

Որքա՞ն է արժեցել համավարակը տնտեսության համար

Արդեն հայտնի  է, թե այս պահին որքան է արժեցել  կորոնավիրուսի համավարակը տնտեսության համար։ Թիվն այսօր կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն է հրապարակել․ հակաճգնաժամային ծրագրերի իրականացման շրջանում տնտեսություն է ներարկվել 163,4 մլրդ դրամ:  

Գումարները  ուղղվել են  հիմնականում աշխատատեղերի պահպանմանը։ Ըստ կառավարության ղեկավարի՝  համավարակը սոցիալական ու տնտեսական էական վնասներ պատճառել է, բայց ճգնաժամի չի հանգեցրել։

Փակ սահմաններն ու տնտեսական սահմանափակումները աշխարհին ստիպում են նոր կանոններով ապրել։ Տարբեր գնահատականներով  համավարակի ազդեցությունը  համաշխարհային ու ազգային տնտեսությունների վրա տարբեր է, տարբեր են նաև կառավարությունների կողմից  համավարակին հակազդելու քայլերն ու միջոցառումները։

Հայաստանի տնտեսության համար  այս պահին կորոնավիրուսի  դեմ պայքարը  մոտ  164  մլրդ դրամ է  արժեցել։  Հենց այսքան գումար է ներարկվել տնտեսություն։ Վարչապետ նիկոլ Փաշինյանն  ընդգծում է․  

 «Սա ոչ թե կառավարության կողմից ուղղակի ծախսված գումարն է, այլ միջոցառումների շրջանակներում տնտեսություն ներարկված գումարը ՝ 163․4 մլրդ դրամ։ Այդ միջոցառումների մեջ առանձնակի տեղ են զբաղեցնում աշխատատեղերի պահպանմանն ուղղված  միջոցառումները։ Որպես  արդյունք՝  կարող ենք արձանագրել, որ  2020թ հուլիսին  առկա է 613 062 վճարովի աշխատատեղ (օգոստոսի տվյալները դեռ ամփոփված չեն ), 2019-ի համեմատ՝ 6597 աշխատատեղով ավելի»։

Կառավարության ղեկավարն արձանագրում է՝  Հայաստանում սոցիալական ճգնաժամ չկա: Կան կոնկրետ տվյալներ, որոնց հիման վրա  կարելի է հասկանալ,  թե  ինչ չափով է  սոցիալական իրավիճակը երկրում վատթարացել:  Ինդիկատորներից մեկը ՀԴՄ-ներով առևտրի շրջանառությունն է։

«Խանութներում, առևտրի օբյեկտներում նվազումը  2․5 տոկոս է կազմում։ Ընդ որում՝  այս ցածր ցուցանիշին նոր ենք հասել, մարտից սկսած այդ ցուցանիշը բարձր էր: Այս թիվն ինքնին պետք է վկայի, որ, այո, ունենք խնդիրներ, բայց սոցիալական կոլապս և սոցիալական ճգնաժամ չունենք։ Սոցիալական խնդիրներ, անկասկած, կան, բայց դրանք եղել են նաև  2019 թվականին»։

Համավարակը  տնտեսական աճը փոխակերպեց տնտեսական անկման։ Տարեսկզբին  9 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ էր  գրանցվել,  մինչդեռ հուլիսի տվյալներով մոտ  5 տոկոս անկում  է գրանցվել։

Տնտեսագետ Հայկ Բեջանյանը «Ռադիոլուր»–ի հետ զրույցում ընդգծում է՝ դեռևս դրական արդյունքի մասին խոսելը վաղ է։

«Այստեղ խոսքը ոչ թե տարին տնտեսական լավ ցուցանիշով ամփոփելու մասին, այլ՝ վատ, թե ավելի վատ ցուցանիշով  ամփոփելու։ Հույս ունենք, որ  կսահմանափակվենք վատով։ Իհարկե, կառավարչությունը բյուջեի և միջնաժամկետ  ծախսերի ծրագրում նշել է 2․6 տոկոս անկում, բայց, իմ կարծիքով, դա բավականին լավատեսական կանխատեսում է»։

Կենտրոնական բանկը  տնտեսական աճի  կանխատեսումներում  ավելի խիստ է՝  այստեղ կարծում են, որ տարին մոտ  4 տոկոս տնտեսական անկումով կփակենք։  Գլխավոր դրամատանը սա նորմալ են համարում։ ԿԲ խորհրդի անդամ Հովհաննես Խաչատրյանը «Ռադիոլուր»–ի հետ զրույցում  ընդգծում է՝ առաջիկայում՝  սեպտեմբերի 15–ին, ԿԲ խորհրդի նիստում  կամփոփեն նոր տվյալներն ու կխոսեն նոր կանխատեսումների մասին։

Back to top button