Անկախության պատմություն

Ընդդիմությունը ներկայացնում է Սահմանադրության իր տարբերակը. սեպտեմբեր, 1993

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության նախագիծը հրապարակումից հետո դառնում է քաղաքական այն հիմնական օրակարգը, որի շուրջ ընթանում էր իշխանության և ընդդիմության հիմնական պայքարը։ Այս հարցում, սակայն, ընդդիմության որոշ ներկայացուցիչները կարողանում են համախմբվել, բավականին ծավալուն աշխատանք կատարել և հանրությանը ներկայացնել Սահմանադրության իրենց տարբերակը, որը հայտնի է Քաղաքացիական Համաձայնության Սահմանադրություն անունով։ 1993թ. սեպտեմբերի 9-ին Հայաստանի Ազգային ժողովրդական, Դեմոկրատական, Հանրապետական, Հայ Հեղափոխական Դաշնակցություն, Ռամկավար ազատական կուսակցությունները և Սահմանադրական իրավունք միությունը ստորագրում և որպես օրենսդրական նախաձեռնություն Գերագույն խորհրդի նախագահությանն են հանձնում Սահմանադրության այլընտրանքային տարբերակը։ Այն էապես տարբերվում էր Գերագույն խորհրդի սահմանադրական հանձնաժողովի մշակած տարբերակից, որը համարվում էր իշխանությանը առավել ձեռնտու Սահմանադրություն։

Հիմնական տարբերությունը երկրի կառավարման ձևն էր՝ ընդդիմությունը կողմ էր խորհրդարանական համակարգին, և գտնում էր, որ իշխանության ներկայացրած տարբերակը Լևոն Տեր-Պետրոսյանի կառավարումը հավերժացնելու համար է։ Պատմագետ Նժդեհ Հովսեփյանի կարծիքով քաղաքական գործիչները, որոնց վիճակվում է սահմանադրական փոփոություններ անել, միշտ էլ իրենց տեսնում են ապագա կառավարման համակարգում։

Անդրադառնալով Քաղաքացիական համաձայնության սահմանադրությանը՝ ՀՅԴ կենտրոնական կոմիտեի անդամ Լևոն Մկրտչյանը 1993թ. սեպտեմբերին ասում էր, որ այն քաղաքական իրադարձություն է և աչքի է ընկնում ազգային լինելով։ «Այն Հայաստանի հայության համար է ստեղծված և ի սկզբանե հենց ազգայինի կարևորության գիտակցումը տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներին բերեց բանակցությունների և ապա՝ աշխատանքային սեղանի շուրջ։ Ազգային սահմանադրության մեջ է, որ պետք է ամրագրվեն մեր ժողովրդի պատմական փորձն ու ձգտումները։ Մենք ունենք ազատ, անկախ, միացյալ Հայաստանի մեր երազը։ Տասնամյակների փորձով իմաստացած այս կարգախոսն արտահայտում է մեր ժողովրդի՝ իր հայրենիքի ամբողջական տարածքում ժողովրդավարական անկախ պետություն ստեղծելու ձգտումը»,— պարզաբանում էր Լևոն Մկրտչյանը։

Համաձայնության Սահմանադրության 3-րդ հոդվածում նշվում էր, որ Հայաստանի Հանրապետությունը միջազգային ատյաններում և միջպետական հարաբերություններում հետամուտ է Հայ Դատի արդարացի լուծմանը և Հայոց ցեղասպանության միջազգային դատապարտմանը։ Առանձին հոդվածով ամրագրված էր, որ Հայ Դատից հրաժարվելուն ուղղված քարոզչությունն արգելվում է։

Համաձայն Քաղաքացիական համաձայնության սահմանադրության՝ Հայաստանի Հանրապետության օրենսդիր մարմինը Ազգային ժողովն էր, որն ուներ լայն լիազորություններ, որը պետք է ունենար 121 պատգամավոր։ Խորհրդարանական ընտրությունները լինելու էին ինչպես մեծամասնական, այնպես էլ համամասնական սկզբունքով։ Ազգային ժողովն ընտրում էր նախագահին, վարչապետին, հաստատում կառավարության կազմը, կառուցվածքը, անհրաժեշտության դեպքում՝ պաշտոնանկ անում նրանց։ Որոշում սոցիալ-տնտեսական, ներքին և արտաքին քաղաքականությունը, հաստատում բյուջեն, լսում կառավարության հաշվետվությունը և այլն։

* * *

Ընդդիմությունը խիստ քննադատում էր իշխանության նաև առաջարկող սահմանադրության ընդունման տարբերակի համար։ 1993-ին Հայաստանում ստեղծված դրության պայմաններում հանրաքվեով Սահմանադրության ընդունումը համարվում էր անընդունելի։ Անընդունելի էր նաև գործող՝ խորհրդային սահմանադրությամբ լուծումը, երբ երկրի գլխվոր իրավական փաստաթուղթը ընդունվելու էր Գերագույն խորհրդի պատգամավորների ձայների 2/3-րդով։

«Իշխանությունները քաջ գիտակցում են, որ այսօրվա Գերագույն խորհրդում իրենց նախագծի օգտին այդքան ձայն չեն կարող ստանալ։ Ընդդիմությունն էլ չի կարող իր նախագծի ճակատագիրը կապել ձայների նման մեծ քանակի ստանալու հետ։ Փակուղուց դուրս գալու միակ իրավական ելքը Սահմանադիր ժողովի գումարումն է, որին կտրամադրվեն թե իշխանությունների, թե ընդդիմության կողմից կազմված բոլոր նախագծերը և որը կկազմի Սահմանադրության միասնական նախագիծ ու կընդունի»,— գրում էր Վլադիմիր Նազարյանը։

Իշխանությունն, ընդհակառակը, համոզված էր, որ Հայաստանի չձևավորված քաղաքական համակարգի պայմաններում խորհրդարանական կառավարումն ընդունելի չէ։ Մեր զրուցակցից մենք փորձեցինք հստակեցնել, թե ով և ինչպես պետք է կայացնի քաղաքական, կուսակցական համակարգը, որի մասին խոսում ենք երկար տարիներ։ Նժդեհ Հովսեփյանի կարծիքով՝ այս հարցում առաջնային դերը, այնուամենայնիվ, պատկանում է իշխանությանը։

Ընդդիմության համար սկզբունքային էր նաև այն հարցը, որ նախ պետք է ընդունվեր Սահմանադրությունը, այնուհետև՝ օրենսդրական մյուս ակտերը։ 1993-ին իշխանությանը մեղադրում էին ձեռնտու օրենքներ ընդունելու, հետո միայն Սահմանադրության մասին մտածելու համար։ Եվ այս նպատակով էլ՝ 90-92 թվականներին իշխանությունը Սահմանադրության ընդունումը համարում էր վաղաժամ։ Մեր զրուցակիցը հատուկ նշեց, որ 1995թ. սահմանադրությունը, չնայած թերություններին, կարողացավ ապահովել Հայաստանի կառավարման համակարգի կայունությունը, ու չնայած մի շարք լուրջ ճգնաժամերին, մենք կարողացանք խուսափել բազմաթիվ անցանկալի բարդություններից։

Back to top button