ԿարևորՀասարակություն

Սա վերջին պանդեմիան չէ․ կորոնատարվա դասերը

Սա վերջին պանդեմիան չէ

Այս նախազգուշացում–ահազանգը հնչեց Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի կողմից․ հիվանդությունների բռնկումներն ու համաճարակները կյանքի մի մասն են կազմում։ Պատմությունը, սակայն, ԱՀԿ ղեկավարից շատ առաջ է ընկել՝ պարբերաբար մարդկությանը ապացուցելով պնդումն այն մասին, որ առողջությունը երկու հիվանդությունների միջև ընկած էպիզոդ է։

Համաճարակներ եղել են, կան, և պետք չէ զարմանալ, երբ նրանք վերադառնում են։

Համաճարակաբան Արման Բադալյանի հետ փորձում ենք անուն առ անուն հիշել բոլոր կործանարար վարակները՝ ժանտախտ՝ իր տարատեսակներով, խոլերա, էբոլա, մալարիա, հետո հասկանում, որ բոլորը հիշելը շատ ժամանակատար կլինի ու որոշում իրարից տարիների հեռավորության վրա գտնվող վարակների «բնավորությունները» համեմատել․
Կորոնավիրուսը, օրինակ, շփվող վարակ է․

«Վիճակը, որը կար միջնադարում, մեր թվարկությունից առաջ կամ 20-րդ դարում, անհամեմատելի է այն իրավիճակի հետ, որն ունենք այսօր։ Համավարակները համեմատել կարող ենք, բայց ամեն ժամանակաշրջան իր ուրույն առանձնահատկությունն է ունեցել։ Զարգանում ենք, բայց մյուս կողմից վարակվելն ու վարակելը դյուրին է դառնում»։

Սոցիոլոգ Արմեն Խաչիկյանն էլ տարբերությունները գնահատում է իր մասնագիտական պրիզմայով․ «300 տարի առաջ համաճարակներն ավելի դասակարգային կարող էին լինել, այսինքն՝ կարող էր վարակվել օրինակ միայն աշխատավորների դասը, գյուղացիների դասը։ Այժմ համաճարակները չեն ճանաչում սեռ տարիք կրթություն, ֆինանսական վիճակ կամ կրոնական պատկանելիություն։ Մենք այլևս ապրում ենք սարսափելի մոբիլ շարողունակությամբ հասարակությունում»։

Փրկել տնտեսությու՞նը, թե՞ մարդկանց

Մարդկության՝ առողջապահական, տնտեսական, սոցիալական, կրթական և մի շարք այլ խնդիրների առաջ կանգնելու պրոցեսսը պարբերական բնույթ է կրում։ Եվ երկու համաճարակների մեջտեղում ընկած ժամանակահատվածում ոլորտները հասցնում են վերականգնվել այնքան, որ հաջորդ անգամ կորցնելու բան են ունենում։

Այս համաճարակի գտածն ու կորցրածն ամբողջացնում է տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը․

«Բոլոր պետությունների մեջ, բացի բեռնափոխադրումներից, ի հայտ է եկել փակ սահամնների գաղափարը, որը հաջորդ էտապում տարածվում է ոչ միայն կոնկրետ պետության, այլ նաև պետության ներսում առանձին մարզին քաղաքի, համայնքի վրա։ Սա ազդեցություն է ունենում փակ կամ նեյրտալիզացված բջիջների առումով, որոնք չգործելով իրար հետ՝ համախմբված արդյունք չեն տալիս»։

Պարոն Խաչատրյանը վստահ է՝ մարդկությունն ունեցավ ավելի շատ տնտեսական վնաս, քան մարդկային։ Ուսումնասիրել է մահվան դեպքերի վիճակագրությունն ու տեսել՝ ընդամենը 6 օր ենք հետ ընկել․

«Երկիր մոլորակի վրա օրական մահանում է մոտ 150,000 մարդ, իսկ այս պահի դրությամբ ունենք մոտ 900,000 մահ։ Այս տեսանյունից եթե նայենք՝ դա 6-7 օր։ Մարդկային կորստի այս ցուցանիշին հակադրվել է ամբողջ Երկիր մոլորակի վրա տնտեսության սառեցումը․ Արդյո՞ք արժեր նման կորստի համար սառեցնել համաշխարհային տնտեսությունը, թե՞ ոչ․․․»։

Տնտեսագետը բանաձև է առաջարկում․ դու քո կողմից արա ամեն ինչ ու վերջին բաղադրիչը թող ճակատագրին։ Վստահ չէ, որ բոլոր երկրներն են առաջնորդվել այս կամ նմանօրինակ բանաձևով․

«Շատ երկներ հասկացան, որ տնտեսությունները խիստ լոկդաունի ենթարկելու հանգամանքը ճիշտ չէ և մտան տնտեսությունների վերականգնման փուլ։ Նրանք հասկացան, որ նման տիպի դադարեցումը շատ վտանգավոր է և սկսեցին կառավարվող, ոչ թե մեկուսացվող պանդեմիայի ռեժիմով շարժվել»

Դասեր՝ հաջորդ սերնդի վարակներին

Համաճարակաբան Արման Բադալյանի և սոցիոլոգ Արմեն Խաչիկյանի հետ անցյալն ամփոփելուց հետո նայում ենք դեպի ապագա․

Արման Բադալյան
«Դեռ մեկ տարի չկա, ինչ կորոնավիրուսը հայտնվել է։ Կանգնած ենք աշնան առաջ, երբ միշտ սկսում են այլ օդակաթիլային վարակները գլուխ բարձրացնել։ Մենք պիտի հասկանանք տվյալ վիրուսը ո՞նց կհամագորակցի մնացած վիրուսների հետ, ի՞նչ ռեակցիայի մեջ կմնտի։ Սա շատ հետաքրքիր է։ Միշտ պիտի պատրաստ լինես ավելի վատ սցենարի»։

Արմեն Խաչիկյան
«Ամեն հաջորդ համաճարակ էլ ավելի ուժեղ ու էլ ավելի պատրաստված է դարձնելու հասարակությանը ու մարդկանց անհատապես։ Եթե մարդը մի անգամ կարողացել է դիմագրավել որևէ համաճարակի, ապա երկրորդ անգամ ավելի պատրաստված կլինի։ H1N1–ը, թռչնի գրիպը համաճարակներ էին, որոնք սովորեցրին մեզ ինստիտուցիոնալ մակարդակում դիմակայել համաճարակներին։ Այդ սովորած գործողությունների ամբողջությունը մեզ օգնեց նաև այս անգամ լրիվ դատարկ թղթից չսկսել հակահամաճարակային գործողությունները ու ես կարծում եմ՝ ամեն հաջորդ համաճարակի ժամանակ մեզ համար ավելի պարզ է լինելու՝ ինչ անել»։

Մենք բոլորս միասին ենք նույն իրավիճակում, վտանգին մոտ, իրարից՝ հեռու։ Օդակաթիլային ճանապարհով փոխանցվող վարակների կյանքում այլ կերպ վարվել չենք էլ կարող։

Բայց իրավիճակը մեկանգամյաներից չէ։

Մնում է ուշադիր նայել անցյալի վարակներին, ներկա վարակի ժամանակներում ապրել հնարավորինս առողջ՝ ապագայի վարակներին նախապես պատրաստվելու ջանքեր գործադրելով։

Ցուցադրել ավելի
Back to top button
Close