ԿարևորՀասարակություն

Դիմակադասեր․ նոր ուսումնական տարվա նոր պարագան

Նոր ոճով. դասագրքերի ու տետրերի հետ պարտադիր են լինելու նաև  դիմակները։   Նոր ուսումնական տարվա շեմին Հայաստանում վարակվածների թիվը շարունակում է նվազել, սակայն հանրակրթական ուսումնական հաստատությունների վերաբացումը մեծացնում է վարակի տարածման ռիսկը։ Վարչապետ Նիկոլ Փաշինանն այս պարագայում էլ ավելի է կարևորում հակահամաճարակային կանոնների պահպանումը, այդ թվում` դիմակներ կրելը։

«Այն որոշումները, որոնք կայացվում են, վերաբերում են ոչ միայն ուրիշներին, այլ մեր երեխաներին նույնպես։ Եվ մեր երեխաները ոչ դպրոցներում, ոչ մանկապարտեզներում, ոչ էլ  որևէ այլ տեղ արտոնյալ չեն։ Մենք կգնանք  այս ճանապարհով, բայց նաև մոնիթորինգ կանենք իրավիճակը և որ պահին կզգանք, եթե այս միտումը շարունակվի, մեր նպատակն է կամաց–կամաց դուրս գալ այս սահմանափակումների ռեժիմից։ Եվ համապատասխան անհրաժեշտ որոշումները կկայացնենք, որպեսզի մեր երեխաները  հնարավորինս օր առաջ լիաթոք շնչեն»,- ասաց Փաշինյանը։

Դիմակները լավագույն միջոցն են վարակային բռնկումներից խուսափելու համար, վստահ է նաև առողջապահության նախարարությունը` ի դեմս փոխնախարար Լենա Նանուշյանի։

«Որևէ  վտանգ  երեխաների առողջությանը չի սպառնում։  Որևէ ապացույց այս մաով չկա։ Եվ միմիայն դիմակն է հնարավորություն տալիս  երեխային պահպանել իր առողջությունը և չվարակվել հիվանդությամբ։ Գուցե երեխաների մոտ քիչ են  գրանցվում բարդ դեպքերը, բայց, օրինակ, վերջին ամսվա ընթացքում մի շարք հետազոտություններ ցույց են տվել, որ երեխաները  կարող են վարակի փոխանցման աղբյուր լինել և դպրոցից վարակը տանել տուն»,- նշեց փոխնախարարը։

Մի քանի կանոնների պահպանումը հնարավորություն կտա  առկա ուսուցումը կազմակերպել երկար ու  ապահով, ասում է առողջապահության փոխնախարարը։

Միաժամանակ դիմակ արտադրողներն են նշում, որ դպրոցներն սկսել են իրենց հետ համագործակցել։ Մասնավորապես` արդեն 5 տարի դիմակների արտադրությամբ զբաղվող «Սալյուս» ընկերությունը վեց դպրոցներից համագործակցության առաջարկ ստացել է, «Ռադիոլուրին» հայտնեց տնօրեն Ժիրայր Մանդալյանը։

Ընկերությունը մինչ այս մեկ ամիս դիմակ չէր իրացրել, անգամ մտածել են արտադրությունը դադարեցնելու մասին։ Ներկրվող դիմակները, ճիշտ է, ավելի ցածր որակ ունեն, բայցև ավելի էժան են` ասում է Մանդալյանը։

«Առաջներում չէինք հասցնում արտադրել, որովհետև մենակ մենք էինք արտադրող Հայաստանում։ Բայց դրանից հետո ուրիշ խաղացողներ եկան, ուրիշ արտադրողներ մտան և գործը բարդացավ։ Շուկայի օրենքն է, ինչ ասեմ»։

Համավարակով պայմանավորված խոշոր ընկերությունները ևս հետաքրքրություն են հանդես բերում դիմակների արտադրության հարցում։ Իհարկե, մանրներն այստեղ կարող են տուժել, բայցև խոշորները կարող են իրենց արտադրանքը արտահանել։ Կառավարությանը նման խոստում տվել է «ԲԱԱՄ ՎԵՆՏՉՐ ԿԱՊԻՏԱԼ» ընկերությունը։ Այսօր նրան կառավարությունը հարկային արտոնություն է տրամադրել` ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը հետաձգվելով 3 տարով։ Ընկերությունը  մեկ ամսվա ընթացքում  նախատեսում է արտադրել 2-3 մլն հատ դիմակ։ Արտադրանքը իրացվելու է ինչպես Հայաստանի տարածքում և, ինչպես արդեն ասացինք, նաև արտահանելու է։

Ցուցադրել ավելի
Back to top button
Close