ԿարևորՀասարակություն

Բալային համակարգ․ մեքենա են վարում անգամ սպառված միավորներով

Հունվարի 1-ից ուժի մեջ մտած Ճանապարհային երթևեկության կանոնակարգման բալային համակարգը սեպտեմբերից պետք է գործեր նաև  ճանապարհային ոստիկանության աշխատակիցների արձանագրած խախտումների դեպքում։ Համավարակը նաև այս ոլորտը չշրջանցեց։ Այժմ նոր փոփոխությանը սպասելու ենք ևս 2 տարի։ Փոխարենը` արդեն  9 ամիս տեսանկարահանող սարքերն են բավականին անողոք կարգազանց վարորդների նկատմամբ։ Ունենք 100-ից ավելի կասեցված վարորդական վկայականներ, վարորդական իրավունքից զրկվածներ։

Երթևեկության կանոնակարգման բալային համակարգը դեռևս միայն տեսանկարահանող սարքերի դեպքում է գործում, «Ռադիոլուրի» հետ զրույցում հայտնեց Ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի անդամ Սերգեյ Ղահրամանյանը։

«Երբ ամբողջ Հայաստանում ներդրվի պարեկային ծառայությունը, այդ ժամանակ էլ կգործարկվի այդ ամբողջ մեխանիզմը»,- ասաց Ղահրամանյանը։

Ինչ վերաբերում է տեխնիկական սարքերով հայտնաբերված խախտումներին, բալային համակարգը արդեն 9 ամիս է գործում է, թեև արդյունավետության մասին դեռ վաղ է խոսել, նկատեց զրուցակիցս։

Երթևեկության փորձագետ Արտակ Խաչատուրովն այնքան էլ լավատես չէ բալային համակարգի արդյունքների նկատմամբ։ Իրավախախտ վարորդը անգամ կասեցված ու  առանց վարորդական վկայականի կշարունակի վարել, և մեծ է հավանականությունը, որ աննկատ կմնա, կարծում է։

«Սոցհարցում էինք իրականացնում, թե քանի վարորդ է պատրաստ մեքենան բակում կանգնեցնել և չերթևեկել մեքենայով մինչև կասեցման ժամկետի ավարտը, բարեխիղճ վարորդն ասում է, որ ամեն ինչ կանի, որ չզրկվի վարորդականից, բայց զրկվելու դեպքում էլ 1 տարի մեքենան բակում չի մնա, ինքն էլ՝ առանց մեքենա»,- նշեց փորձագետը։

Արտակ Խաչատուրովն իհարկե համաձայնում է, որոշակի խստացում կա, ինչը շատ լավ է ու ողջունելի, միայն թե բալայինի հետ դա որևէ կապ չունի, ասում է։

«Եթե այսօր բալային համակարգը հանեք, բացարձակ ոչ մի բան չի փոխելու»։

Համակարգը կգործեր ու այն էլ բավականին արդյունավետ, եթե ներդրվեին իսկապես լուրջ մեխանիզմներ և սահմանվեր տոտալ վերահսկողություն։ Իսկ այն, ինչ հիմա է արվում, միայն թղթաբանությունն է ավելացրել, նկատեց զրուցակիցս։

Ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի անդամ Սերգեյ Ղահրամանյանը եւս փաստում է, որ կան և կասեցված վարորդական իրավունքներ, և վարորդական իրավունքից զրկված վարորդներ, որոնք շարունակում են մեքենա վարել։ Նանցից ոմանց նկատմամբ անգամ քրեական գործեր են հարուցված։

«100-ից ավելի վարորդներ կան, որոնց 9 միավորը արդեն լրացել է և վարորդականը կասեցվում է։ Նաև քրեական գործեր են հարուցվել։ Հունիսի 30-ի դրությամբ 137 քրեական գործ է հարուցվել, որոնց մեծ մասն արդեն ուղարկվել է դատարան։ Դրանք հիմնականում վերաբերում են զրկված վարորդականով վարելուն, ոգելից խմիչքի ազդեցության տակ վարելուն»,- նշեց Սերգեյ Ղահրամանյանը։

Թեև վարորդները նախապես տեղեկացվել էին, որ սեպտեմբերից  բալային համակարգը գործելու էր նաև ճանապարհային ոստիկանության աշխատակիցների արձանագրած խախտումների դեպքում, սակայն կորոնավիրուսն այստեղ էլ խախտեց ծրագրերը։ Համավարակի պատճառով օրենքի այս կետն  ուժի մեջ կմտնի 2022 թվականին։ Համապատասխան արձանագրություններն էլ կկազմեն արդեն ոչ թե ՃՈ տեսուչները, այլ նոր ստեղծվելիք պարեկային ծառայության ոստիկանները։

Ցուցադրել ավելի
Back to top button
Close