ԿարևորՀասարակություն

Ձգձգվող ճանապարհաշինությունն ու տևական փոշին՝ բնակիչների անհանգստության պատճառ

Արմավիրում «Կենսական նշանակության ճանապարհների նորոգման» ծրագրի շրջանակում հունիսի սկզբից մեկնարկել է Երևան-Արմավիր-Իսահակյան-Գյումրի հանրապետական նշանակության ճանապարհի Արմավիր քաղաքով անցնող 2 կմ 70մ հատվածի վերակառուցումը:  Պատվիրատուն տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն է:   Ճանապարհաշինությունը անհարմարություններ է առաջացրել երթևեկության, հետիոտնի, ուղևորների ու բնակիչների համար: Նրանք  դժգոհում են աշխատանքների ձգձգումից ու տևական փոշուց:

Ուղիղ 3 ամիս առաջ մեկնարկեց Արմավիր քաղաքի  Երևանյան փողոցի 2 կմ 70 մ ճանապարհի շինարարությունը, որը սկսվում և ավարտվում է Արմավիր քաղաքի մուտքի և ելքի կամուրջներով: Երևան-Արմավիր-Իսահակյան-Գյումրի հանրապետական նշանակության ճանապարհի վրա գտնվող արմավիրյան կամուրջներն էլ իրենց անվանումներն ունեն՝ ավտոճանապարհի  Կարմիր կամուրջն ու երկաթգծի  Կապույտ կամուրջը:

Կենսական նշանակության ճանապարհը վերակառուցվում է պետական բյուջեի միջոցներով, արժեքը 983 մլն 400 հազար դրամ է: Քաղաքացիները գնահատում են աշխատանքը.

«Մաքրվի, գեղեցկանա Արմավիրի մարզը, ճամփա չկար, քայլելու տեղ չկար, եսիմ, որ թվերին էին արել, 80-90 տարվա ճամփա է: Տրուբեքն է՜ն թվերից էր գցած, հեսա փոխում են, ապրեն, զորանան: Հիմա տրուբեքը Կարմիր կամրջից մինչև Կապույտ կամուրջ գցել են, բաժանում են կետերը»:

80 -ամյա Նորիկ Մրագարյանն է, ապրում է Երևանյան փողոցի բազմաբնակարան շենքերից մեկում, ավտոկայանի մոտ և ամեն օր հետևում է ճանապարհաշինությանը: Այս հատվածում արդեն մեկ շաբաթ սկսել են մայթերի կառուցման աշխատանքները: Շինարարները Մարտունուց են, Սպիտակից: Այս տարվա նրանց խոպանն Արմավիրի մարզում է.

«Մի 10 օր առաջ ենք եկել, մենակ մենք չենք, ուրիշ բրիգադներ էլ կան, մենք 3-րդ գծի եզրաքարերն ենք շարում, խճապատում, որ ասֆալտ անեն: Մարտունուց ենք: Էս տարի խոպան չենք գնացել, մնացել ենք հողագործությամբ ենք զբաղվել, հիմա էս գործն եղավ, եկել ենք, տարբեր տեղեր ենք մնում»:

«Ես Սպիտակից եմ, էս քանի օրն եմ եկել, հողային աշխատանքներ եմ  անում, ճանապարհի ջրահեռացման գծի փոսերն եմ լցնում»:

Ջրահեռացման ցանցի  աշխատանքմները դեռ շարունակվում են: Ճանապարհաշինությունը որոշակի անհարմարություններ է ստեղծել  երթևեկության, հետիոտնի, ուղևորների և բնակիչների համար: Արդեն 3 ամիս  2 կմ-անոց ճանապարհի փոշին  չի անցնում: Ճամեզրերի ծառերն ու շինությունները պատված են դեղին փոշով:  Ոմանք ըմբռնումով են մոտենում խնդրին, ոմանք՝  դժգոհում աշխատանքի դանդաղ ընթացքից.

«Ինչ անենք, ինչ կարող ենք անել, պետք է, որ անում են՝ լավ է, թող անեն, կարգին կլինի»:

«Վերջում լավ կերևա»:

«Փոշին խեղդում է հարևան տների բնակիչներին: Նայեք ինչ վիճակ է: Էդ շինարարության տերը, զակազչիկը եկել, տեսել է: Էդ վիճակի համար ո՞վ պետք է պատասխան տա: Բնապահպաններին բերեն, ասեն փոշի է ելնում, չէ՜: Գոնե հասկանալով իրենք շինարարությունն այնպես կազմակերպեն, որ արագություն հաղորդեն, տեմպ հաղորդեն: Բնակիչները մեղք են, մի հատ էդ տների վիճակը նայեք: Ամբողջ Երևանյան փողոցը փակած է, 2 տեխնիկա է աշխատում»:

Շինարարությունում ընդգրկված են տարբեր աշխատանքներ կատարող խմբեր: Ամենօրյա փոշին շնչող բնակիչներն ուզում են, որ ձգձգվող աշխատանքները որակյալ կազմակերպվեն, որպեսզի երկար ծառայի: Ակամա հետևելով  շինարարության ընթացքին նկատել են, որ բացթողումներ կան և վերահսկողության բացակայություն.

«Տեխնադզորի հսկողությունը բացակայում է, որ գա նայի՝ ինչ են շարում, ոնց են շարում, ինչ բազալտ են շարում, ինչ հաստության, ինչ որակի: Շատ անորակ բազալտ է, մենք շինարարությունից հեռու կանգնած մարդիկ ենք, բայց տեսնում ենք՝ ծակոտկեն, բնական ճաքերով: Մի հատ թող քայլեն նայեն, էդ տեխնադզորն ինչով է զբաղված: Վաղը, մյուս օրը քանդելն ավելի դժվար կլինի, քան թե  հիմա գան, հետևեն շինարարության որակին»:

Կենսական նշանակության ճանապարհի կառուցումը նախատեսել են ավարտել դեկտեմբեր ամսին: Բնակիչները տարակուսած են.

«Հիմա լավ եղանակային պայմաններ, էդ ֆրոնտը կա, էս փոշին մենք շնչում ենք, տրանսպորտի ճնշվածությունը մենք զգում ենք, բայց շինարարության տեմպը չի երևում: Հիմա գիշեր-ցերեկ պիտի աշխատեին, 2 սմենով աշխատեին: Ենթադրենք եկավ հոկտեմբեր, նոյեմբեր ամիսը, անձրևային շրջան, նոր ասֆալտի ու բետոնի աշխատանք անե՞ն: Էլի լավ բան են անում, հասկացանք, շինարարություն է, բայց փողոցի աղբն ինչի պիտի չհանեին, ինչի համար մարդը պիտի  հանգիստ չքայլի, տղամարդը հըլը կթռնի, բա կինն ինչ անի»:

Պետական բյուջեի միջոցներով կառուցվում  է նաև Նալբանդյան-Գետաշեն-Նոր Կեսարիա ճանապարհի 3 կմ-ոց հատվածը, որի արժեքը  200 մլն դրամ:

Back to top button