ԿարևորՀասարակություն

Ադրբեջանը Սարիբեկյանի ծնողներին կվճարի 60 հազար եվրո․ ՄԻԵԴ-ը մերժել է Բաքվի բողոքը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մերժել է վարույթ ընդունել Ադրբեջանում խոշտանգված Թթուջուր գյուղի բնակիչ Մանվել Սարիբեկյանի գործով Եվրադատարանի վճռի դեմ Մեծ Պալատ ներկայացրած Ադրբեջանի բողոքը: Այս տարվա հունվարի 30-ին Ստրասբուրգի դատարանը ճանաչել էր Սարիբեկյանի ոտնահարված իրավունքն ու պարտավորեցրել Բաքվին 60 000 եվրո վճարել Սարիբեկյաններին: Ադրբեջանի բողոքը մերժելուց հետո դատարանի վճռի կատարումը վերահսկելու է ԵԽ նախարարների կոմիտեն՝ «Ռադիոլուրի» հետ զրույցում հայտնել է ՄԻԵԴ-ում Մանվել Սարիբեկյանի ընտանիքի ներկայացուցիչ, միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Արա Ղազարյանը։   

«Սարիբեկյանը և Բալյանն ընդդեմ Ադրբեջանի» գործի վճիռը Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել էր 2020 թվականի հունվարի 30-ին։ Եվրադատարանը Ադրբեջանի կառավարությանը պարտավորեցրել էր Մանվել Սարիբեկյանի ընտանիքին 60 000 եվրո վճարել: Ադրբեջանը երեք ամիս ժամկետ ուներ վճիռը բողոքարկելու համար, ինչը եւ արել էր՝ բողոք ներկայացնելով Մեծ պալատ։ Այդ բողոքի վարույթ ընդունումը երեկ մերժվել է։ Մեզ հետ հեռախոսազրույցում ՄԻԵԴ-ում Մանվել Սարիբեկյանի ընտանիքի ներկայացուցիչ Արա Ղազարյանը նշեց, որ սա բողոքարկման վերջին ատյանն էր։ Այսպիսով, ՄԻԵԴ-ի ավելի վաղ՝ հունվարի 30-ին, հրապարակած վճիռը մտնում է օրինական ուժի մեջ.  

 «Հիմա հարցն արդեն  տեղափոխվում է Նախարարների կոմիտեի վերահսկողության դաշտ, որը պետք է վերահսկի վճռի կատարումը։ Ադրբեջանը պետք է առաջարկի գործողությունների ծրագիր, կամ էլ՝ Նախարարների կոմիտեն։ Մենք էլ կարող ենք նամակագրությամբ հայտնել մեր նկատառումները՝ վճիռը կատարվո՞ւմ է, թե՞ ոչ։  Երեք ամսվա ընթացքում պետք է վճարի։ Դա էլ է կարեւոր, որովհետեւ մեխանիզմ չկա դեռ։ Այդ մեխանիզմը պետք է ստեղծվի, միգուցե, Եվրոպայի խորհրդի միջոցով, բայց նաեւ՝ այդ գումարը պետք է վճարվի ծնողներին՝ Ադրբեջանի բյուջեից»։

Հիշեցնենք, որ 2010 թ. սեպտեմբերի 11-ին Գեղարքունիքի մարզի Թթուջուր գյուղի բնակիչ 20-ամյա Մանվել Սարիբեկյանը անասուններին փնտրելիս մոլորվել էր Տավուշի մարզի սահմանամերձ գոտում ու հայտնվել հակառակորդի մոտ: Նույն թվականի նոյեմբերի 4-ին ադրբեջանական իշխանությունները հայտնել են նրա մահվան լուրը` հայտարարելով Մանվել Սարիբեկյանի ինքնասպանության մասին: Հայկական կողմը դիմել էր ՄԻԵԴ։ Գործը ԵԴ-ում ներկայացրել էին իրավապաշտպաններ Արա Ղազարյանը և Արտակ Զեյնալյանը։ Մանվել Սարիբեկյանի ընտանիքի ներկայացուցիչներից բացի` գործի քննությանը մասնակցել էր նաև Հայաստանի կառավարության այդ ժամանակվա ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանը:

Այս տարվա հունվարի 30-ին ՄԻԵԴ-ն արձանագրեց, որ Ադրբեջանը խախտել է ՀՀ քաղաքացու` Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով երաշխավորված հիմնարար իրավունքները, մասնավորապես, Կոնվենցիայի 2-րդ հոդվածը՝ կյանքի իրավունք և 3-րդ հոդվածը՝ խոշտանգումների արգելում։ Հայկական կողմն այն ժամանակ շեշտել էր, որ ՄԻԵԴ-ի որոշումն աննախադեպ է և մեծ ազդեցություն կարող է ունենալ Կարեն Ղազարյանի գործի քննության վրա: ՄԻԵԴ-ի վճռի աննախադեպությունը հայտարարությամբ շեշտել էր նաեւ ՀՀ ԱԳՆ-ն՝ նկատելով, որ դրանում Մարդու իրավունքների եվրոպական դատարանն առաջին անգամ ամրագրել է Ադրբեջանի պատասխանատվությունը ՀՀ քաղաքացուն կյանքից զրկելու գործում և արձանագրել, որ ՀՀ քաղաքացին տանջամահ է արվել Ադրբեջանի ռազմական ոստիկանության ստորաբաժան անձնակազմի բռնի գործողությունների հետևանքով: Եւս մեկ մեջբերում Հայաստանի արտաքին գերատեսչության նշված հայտարարությունից. 

«Այս վճիռը հերթական անգամ հաստատում է, որ Ադրբեջանը բացահայտորեն խախտում է մարդու իրավունքների պաշտպանության միջազգային պարտավորությունները: Այն նաև փաստում է, որ Ադրբեջանի իշխանությունների վերահսկողության ներքո հայտնված յուրաքանչյուր հայ, անկախ կարգավիճակից, ուղղակիորեն վտանգված է»:  

Հունվարին ընդունված որոշումից հետո պաշտպանները նաև նշել էին, որ այդուհանդերձ, ՄԻԵԴ-ը չի արձանագրել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 14-րդ հոդվածի, այն է` խտրականության արգելքի խախտումը, ինչի համար իրենք նույնպես դեռ մայիսին դիմել էին Մեծ պալատ: Փաստաբան Արա Ղազարյանը նկատել էր, որ թեեւ 14-րդ հոդվածի խախտում ՄԻԵԴ-ը չէր արձանագրել, բայց նաև նշել էր, որ քննությունը պետք է տարվեր էթնիկ հիմքով ատելության շարժառիթով հանցագործության ուղղությամբ։ Ըստ էության՝ դրանով Եվրոպական դատարանի կողմից հաստատվում էր Ադրբեջանի իշխանությունների հակահայկական գործունեությունը:

 «Մենք բողոքարկել էինք հետևյալ  հիմքով․ քանի որ դու արդեն ասացիր, որ նրան սպանել են եւ սպանել են պաշտոնատար անձինք, այսինքն՝ քրեակատարողական հիմնարկի աշխատակիցներ, եւ սպանել են, որովհետեւ ատելության մթնոլորտ կա Ադրբեջանում հայերի նկատմամբ, այսինքն՝ սպանել են, որովհետեւ նա հայ էր, ապա մնում էր վերջին քայլը կատարել՝ հայտարարել, որ տեղի է ունեցել նաեւ խտրականության արգելքի խախտում, այսինքն՝ ռասիզմ։ Եվրոպական դատարանը դա չասեց, ասեց, որ պետության անգործությունն էր դրանով պայմանավորված՝ ռասիզմով։ Իսկ մենք ուզում էինք, որ նա ասի նաեւ, որ սպանությունը նույնպես պայմանավորված էր ռասիզմով»։

Այն, որ ՄԻԵԴ-ն այդպես էլ չհամարեց, որ Ադրբեջանը սպանությունը կատարել է ռասիզմի հողի վրա, Արա Ղազարյանի խոսքով, նման է վերջին ու ամենակարևոր քայլը չանելուն։ Մինչդեռ այդ քայլը  կարեւոր կլիներ ամբողջ Եվրոպայի համար։  

«Որովհետեւ ԵԽ-ում կա մի պետություն, որը գուցե միակն է ամբողջ Եվրոպայում, որը պաշտոնատար անձանց շուրթերով , այդ թվում՝ նախագահի , քարոզում է ռասիզմ։ Ուրիշ պետություն ես չգիտեմ, իսկ դա համաեվրոպական նշանակություն ունի, որովհետեւ ԵԽ-ում, փաստորեն, կա մի հիվանդ բջիջ , որը սպառնում է ամբողջ եվրոպական անվտանգությանը»։  

Այդ բջիջը  պետք էր բուժել, եւ հենց դրա համար մենք խնդրում էինք, որ դատարանի որոշումով արձանագրվի, որ նաեւ սպանությունն է տեղի ունեցել  ռասիզմի դրդապատճառով, ասաց Արա Ղազարյանը՝ հունվարի 30-ի որոշումը, այդուհանդերձ,  միանգամայն գոհացուցիչ  համարելով։  

Back to top button