ԿարևորՄշակույթ

Վենետիկից` սահմանամերձ Չորաթան․ Մխիթարյան Միաբանությունն այսօր

1701 թվականի սեպտեմբերի 8-ին՝ վանահայր Մխիթար Սեբաստացու կողմից հիմնադրվել է Մխիթարյան Միաբանությունը։ Միաբանությունն իր գործունեության ընթացքում հրատարակել է բազմաթիվ հայագիտական-բանասիրական, կրոնական և գիտական աշխատություններ։ Այսօր լրանում է միաբանության գործունեության 319 տարին։

Վենետիկից Չորաթան․ Տավուշի մարզի սահմանամերձ գյուղի կինոյի շենքում գրեթե ամեն օր, դասից հետո հավաքվում են երեխաները՝ կրթամշակութային նոր բացահայտումներ անելու։ Մխիթարյան միաբանության Չորաթանի «Մխիթար» երիտասարդական կենտրոնը Ադրբեջանի հետ սահմանից բաժանում է 4 կմ, կենտրոնի տնօրեն Էդգար Քալանթարյանը պատմում է․  

«Միաբանության հիմնական առաքելություններից մեկը կրթամշակութային գործունեություն ծավալելն է՝ աշխարհի տարբեր վայրերում և Չորաթան համայնքում այս կենտրոնի ստեղծումը, այդ նպատատակի հերթական դրսևորումն էր։ 2001 թվականին Չորաթանի գյուղապետարանը որոշեց կինոյի շենքը նվիրաբերել Մխիթարյան միաբանությանը և Միաբանությունը միջոցներ հայթայթեց և 2001-ին ստեղծեց այս հրաշալի կենտրոնը, որը տարիների ընթացքում որոշակի մաշվածություն ունի»։

Ժամանակին լքված այս շենքն այսօր ունի ջեռուցման խնդիր, տանիքից երբեմն-երբեմն կաթում է, բայց սիրո և ջերմության պակաս չի զգում․

«Ջեռուցման, վերանորոգման խնդիրներ ունենք, բայց երեխաներն անգամ ցրտին չեն ուզում թողնել կենտրոնը և գնալ։ Ամենամեծ նպատակը հայ երիտասարդների մեծ կրթամշակութային արժեքներ ստեղծելն է։ Միաբանությունը նաև ուղորդում է երիտասարդներին՝ մասնագիտության ընտրության հարցում և եթե երիտասարդներից 5-6 ընդունվում են պետական բուհեր, ընդունենք, որ սա գյուղի համար բավականին լավ ցուցանիշ է։ Մենք նաև սոցիալական խնդիրներ ենք լուծում, այսինքն մեր գործունեությունը միայն գիտակրթական բնույթ չէ, որ կրում է։»

Վերադարձ արմատներին, երկու հենարան՝ Աստված և հայրենիք, գաղափար, որը 319 տարի առաջ ստեղծվեց և որը շարունակում է պահպանվել մինչ օրս․ Հայր Եղիա Վարդապետը պատմում է․

«1701 թվականի սեպտեբերին 8-ին Մխիթար Սեբաստացին իր առաջին ժողովը գումարեց և ասաց իր աշակերտներին, որ պիտի ուսում տա նրանց և պահի իր մոտ։ Սա իրական գաղափար է, որը խոսում է այն մասին, որ նմանատիպ գործերը մեկ անձը չի կարող կատարել, սա նման է ճակատում գտնվող զինվորների, ովքեր եթե միանան՝ հաղթանակ կտանեն, եթե բաժանվեն միմյանցից՝ դատապարտված են պարտության։ Այսօր Մխիթարյան Միաբանությունը շարունակում է իր հիմնական գործը՝ կրթականը, մշակութային և կրոնականը, սակայն պատմական փայլուն վիճակը չէ, տկար ենք, պետք է շարունակենք մեր գործունեությունը, մինչև չհզորանանք ավելին, քան առաջ էինք»։

Արմատներին վերադառնալու գաղափարին անդավաճան մնաց նաև Էդգար Քալանթարյանը։ Ծնվել է Չորաթանում, տեղափոխվել Երևան, մեկնել Իտալիա ուսումնառության, բայց վերադարձել կրկին հայրենի սահմանմերձ գյուղ՝ ամենաօրյա չդադարող կրակոցներին ընդառաջ․

«Ընկերներս ասում են, ինչու՞ թողեցիր Իտալիան և վերադարձար, և ես հասկանում եմ, որ ամեն մեկս մի փոքրիկ ներդրում պիտի անենք, որ մեր երկրի ապագան ավելի լավը դառնա։ Այն տարիներին, երբ Երևանում էի սովորում, սկսվեց կապս Մխիթարյան միաբանության հետ, իսկ երբ եղավ առաջարկ ղեկավարելու Չորաթանի կենտորնը՝ միանգամից համաձայնեցի»։

Երևանում Մխիթարյան միաբանության դպրոց գործում է ԿԳՄՍ-ի չափորոշիչներով, հայոց լեզվի, գրականության և պատմության  չափորոշիչների մասին խոսում է նաև Հայր Վարդապետ Եղիան․

«Հայը որքան լավ հայերեն և պատմություն իմանա, ավելի մեծ արդյուք կունենա, առանց այն էլ այսօր հայը տկար է, եթե լավ չիմանա իր պատմությունը և լեզուն՝ ավելի կտկարանա, հազարամյակներ շարունակ հայն իր ինքնության շնորհիվ է ապրել, եթե մարդը հեռանում է իր արմատներից, դատապարտված է չորանալու»։

Զրույցի վերջում Հայր Եղիա վարդապետն անտարբեր չմնաց նաև իմ ՝ Մխիթարյան ազգանունը կրելու փաստի հանդեպ։ Հարցրեց՝ որտե՞ղից են արմատներս և իմանալով, որ Ջավախքից են՝ Մուշից գաղթած ժողովրդից, ասաց, որ եթե 250 տարի հետ գնամ, գուցե Մխիթար Սեբաստացուն տեսնեմ, խնդրեց՝ բարևներ փոխանցել։

Back to top button