ԿարևորՀասարակություն

Բանակի տղան․ Արմենակ Ուրֆանյան

Արցախցի երիտասարդ գրող, «Վարդանանք» թերթի գլխավոր խմբագիր Վովա Արզումանյանի հեղինակությամբ լույս է տեսել «Բանակի տղան» գիրքը, որը նվիրված է Արցախի հերոս Արմենակ Ուրֆանյանի հիշատակին։ Գրքում  Ուրֆանյանի մասին հարցազրույցներ են մարտական ընկերների, հարազատների հետ, ինչպես նաև հերոսի մասին նրա մոր  հուշերը։

Արզումանյանը գրքում ընդգրկել է նաև Ուրֆանյանին և ապրիլյան պատերազմի հերոսներին նվիրված իր բանաստեղծությունները։  Գիրքը լույս է տեսել Արցախի հանրապետության հռչակման օրվա  առիթով, ինչի առիթով նաև նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանով Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի N զորամասի 4-րդ հրաձգային վաշտի հրամանատար, կապիտան Արմենակ Ուրֆանյանին օրերս հետմահու շնորհվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչումը և «Ոսկե արծիվ» շքանշան։ 

«Արմենակի ծնունդը  սպասված էր։ Իսկ  անունը ժառանգել է պապից։ Աշխույժ, բարի, արդար ու բոլորին օգնող էր։ Այնքան  էր նվիրվում, որ իր անձի մասին մոռանում էր։ Սպորտ շատ էր սիրում։ Ամեն անգամ թեքվանդոյի  մրցույթների գնալուց վստահ ասում էր` տա՛տ, պատին մեխ խփիր, մինչև գամ։ Գիտեր, որ հաղթելու է»,- պատմում է Արմենակ Ուրֆանյանի մայրը՝ տիկին Համեստը։ «Բանակի տղան․ Արմենակ Ուրֆանյան»․ Վովա Արզումանյանի հեղինակած գրքում  ոչ միայն տիկին Համեստի պատմություններն են։ Գիրքը ստեղծելիս  տպավորիչ պատմություններ շատ են եղել, հեղինակը հիշեց, օրինակ, Արմենակի բանակային ընկերների պատմությունը, որը ևս տեղ է գտել գրքում։

«Ընկերները պատմում են, որ մեկը արձակուրդ էր գնում ու մոտը գումար չկար։ Նա տալիս էր անվերադարձ և իրեն այնպես էր պահում, կարծես ինքն էր պարտք իր զինվորներին։ Մարդասիրության, հրամանատարի ու զինվորականի իսկական օրինակ էր Արմենակը։ Ինչպես հրամանատարներն են վկայում, նա ամենաանկեղծ կապիտանն էր, երբեք չէր ստում և իր զինվորներին էլ ասում էր՝ ինչ լինում է, ճիշտը պատմեք, հետո արդեն կհասկանանք՝ ինչ անենք, որ դուք խնդիրներ չունենաք»։

Հերոսներին չեն տարանջատում, բայց ինձ համար Արմենակը դարձավ հայրենապաշտության  չափանիշ, ասում է Արզումանյանը։ Գրքի վերնագրի  ընտրության մասին խոսելիս, նշեց, որ  Ուրֆանյանն ինքն է իրեն այդպես կոչել։ Մոր հետ խոսելիս մի անգամ ասել  է. «Մամ, ես արդեն քո տղան չեմ, ես բանակի տղան եմ»։  Բանակի ճանապարհը նա ընտրել էր մանկուց, այս մասին ևս հիշողություններ կան գրքում։

«Երբ նրանք Ռուսաստանում էին, ռազմական ինստիտուտի մոտով քայլելիս ամեն անգամ  ասում էր՝ ես պետք է զինվորական դառնամ։ Վազգեն Սարգսյանն էր շատ նրա մեջ տպավորված»։

Սամվել Առաքելյանը 2016 –ի ապրիլյան օրերին Արմենակի դասակի հրամանատարն էր։ «Բանակի տղան» գրքում նաև նրա հիշողություններն են․

«Արմենակը շատ մարդկային էր։ Ասում էր՝ մի քանի ամսից պետք է ամուսնանամ, հարսանիքիս քեզ կանչելու եմ։ Այնքան ուրախ էր պատմում, որ սիրած աղջիկն այնպես է արել, որ ծխելը թողել է»։

Գառնիկ Գրիգորյանը ապրիլյանի օրերին գումարտակի շտաբի պետ  էր։ Պատմում է․

«Արմենակը վստահ էր, որ պատերազմում շատ արյուն է թափվելու, բայց դիրքերը չպետք է տալ հակառակորդին։  Ասում էր՝ վստահ եմ, հաստատ պահելու եմ։ Անհավասար մարտ էր, ոչ թե 10, երևի 50 անգամ հակառակորդը շատ էր։ Արմենակի գործողություններից են մյուսները ոգևորվել ու  ավելի ճիշտ գործել։  Նրանից առավել ոչ ոք չէր կարող անել։ Մինչև վերջին շունչը կանգնել են՝ չգնալով ոչ մի քայլ հետ»։

 «Ապրիլի մեկին, լույս երկուսի գիշերը նա հերոսացավ։ Մինչ այդ՝ ապրիլի մեկին, քանի որ ստելու օրն էր, զանգել էր մորն ու ասել ՝ մամ, չեպե եմ արել, ինձ զորացրում են բանակից։ Գրքում  նշել եմ՝ բանակից նրան չզորացրեցին, այլ կյանքը նրան բանակից զորացրեց»։

Back to top button