Անկախության պատմություն

Ռուսաստանը դադարեցնում է խորհրդային թղթադրամների փոխանակումը

1993-ի սեպտեմբերին Ռուսաստանի Դաշնությունը դադարեցնում է հին՝ խորհրդային թղթադրամների փոխանակումը։ Ամեն ինչ սկսվել էր նույն տարվա հուլիսի 26-ին, երբ Ռուսաստանը շրջանառությունից հանում է 1961-ից 1992 թվականներին տպագրված խորհրդային թղթադրամները՝ փոխարենը մտցնելով նոր՝ ռուսական ռուբլի։ Բնակչության շրջանում եղած դրամային միջոցների փոխանակման համար ժամկետը մի քանի անգամ երկարաձգվում է, սական սեպտեմբերի սկզբին ավարտվում է։ Այս գործընթացը հայտնի է Ռուսաստանի դրամային ռեֆորմ անունով, որը շարունակվել է մինչև 1993-ի դեկտեմբերի վերջը։ Խորհրդրային ռուբլու փոփոխությունը էլ ավելի է բարդացնում Հայաստանի ֆինանսատնտեսական դրությունը։ Խնդիրն այն էր, որ Հայաստանը չէր կարող կարճ ժամանակում հրաժարվել խորհրդային թղթադրամից և նախկին միության տարբեր հանրապետություններում ավելացած ռուբլիները սկսում են հոսել Հայաստան։ Նախկին խորհրդային հանրապետությունները փորձել էին քայլեր ձեռնարկել իրադրությունը քիչ թե շատ վերահսկելի դարձնելու համար, սակայն էական արդյուքներ չէին արձանագրվել։ Ռուբլու հոսքը շարունակվում էր՝ առաջացնելով ապրանքների դեֆիցիտ և աներևակայելի թանկություն։

1993թ. սեպտեմբերի 6-ին երկօրյա պաշտոնական այցով Մոսկվա է մեկնում Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակությունը՝ վարչապետ Հրանտ Բագրատյանի գլխավորությամբ։ Պատվիրակության կազմում ֆինանսատնտեսական ոլորտի պատասխանատուներն էին, ինչպես նաև պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը։ Այցի երկրորդ օրը՝ սեպտեմբերի 7-ին, Մոսկվայում ստորագրվում է նոր տիպի ռուբլու գոտի ստեղծելու համաձայնագիրը։ Փաստաթուղթը ստորագրում են ԱՊՀ 6 պետություններ՝ Ռուսաստանը, Ղազախստանը, Ուզբեկստանը, Հայաստանը, Բելառուսը և Տաջիկստանը։ Այս երկրների տարածքում ռուբլին՝ Ռուսաստանի Դաշնության արտարժույթը, շրջանառության մեջ էր դրվում իբրև վճարման օրինական միջոց։ Տնտեսական կապերը կանոնավորելու և տնտեսական ինտեգրումը խորացնելու նպատակով, կողմերը պարտավորվում էին փոխանակման կայուն կուրս պահպանել ՌԴ ռուբլու նկատմամբ և ապահովել փոխարկելիությունը։

Վեց երկրների կառավարությունների ղեկավարների համատեղ հայտարարության մեջ նշվում էր, որ համաձայնագիրը ստորագրվում է ընդհանուր տնտեսական գոտու պահպանման և մեկ ընդհանուր դրամական համակարգ ունենալու նպատակով։ «Կայացած համաձայնությունները թույլ են տալիս պայմաններ ստեղծել պետությունների ձեռնարկությունների և բնակչության միջև ավանդական տնտեսական և այլ կապերի պահպանման համար։ Դրանց հիման վրա մոտ ժամանակներս կկնքվեն երկկողմ համաձայնագրեր, որոնցով կսահմանվեն նոր ռուբլու գոտու պայմանները և կմշակվեն դրամավարկային հարաբերությունների ոլորտի օրենսդրության մերձեցման և միասնականացման մեխանիզմները։ Իրական քայլ է կատարված վեց երկրների տնտեսական միասնականացումը խորացնելու ճանապարհին»,— ասված էր հայտարարության մեջ։

Փաստաթղթով նախատեսվում էր միասնական դրամական համակարգի աստիճանական անցում, ինչպես նաև մաքսային, հարկային, բյուջետային և տարադրամային օրենսդրությունների հիմնական սկզբունքների միասնականացում։ Համաձայնագիրն ուժի մեջ էր մտնելու երկրների խորհրդարանների վավերացումից հետո, սակայն որոշ դրույթներ, որոնք վերաբերում էին կառավարության անմիջական գործունեությանը, կիրառվելու անմիջապես։

Լուսանկարը՝ Արմենպրեսի

Համաձայնագրի 4-րդ հոդվածը թույլ էր տալիս կողմերին իրենց երկրներում օգտագործել 1961-92 թվականների թղթադրամները։ Միաժամանակ, երկրները կարող էին ներդնել ազգային թղթադրամները, սակայն, արժեզրկումից խուսափելու համար, պետք է կանխեին իրենց երկրից հին թղթադրամները հոսքը մյուս երկրներ։ Հետագայում պարզ դարձավ, որ ամբողջությամբ վերահսկել խորհրդային թղթադրամների հոսքը հնարավոր չէր, և այն հանրապետությունները, որոնք ուշ ներդրեցին ազգային դրամը, մեծ վնասներ կրեցին։

Անդրադառնալով նոր ռուբլու գոտի ստեղծելու որոշմանը՝ Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի ֆինանսաբյուջետային հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը 1993-ի սեպտեմբերին պարզաբանում էր, որ համաձայնագրում հակասություններ չկան։ «Պայմանագրում ամրագրված է, որ հանրապետությունները կարող են ունենալ իրենց ազգային դրամները, որոնց միջև անցումային փուլում պետք է լինի փոխհաշվարկային կուրս։ Բացի այդ, կենտրոնական բանկերը համաձայնում են, որ այդ կուրսը կայուն լինի շնորհիվ տարադրամային ինտերվենցիաների, որոնք իրականացնում են կենտրոնական բանկերը։ Այդ ընթացքում կողմերը պետք է համաձայնության գան միասնական միավորի հարցում։ Սկզբունքները մնում են նույնը, միասնական բանկային, հարկային համակարգ, բյուջե և մաքսային տարածք»,— ասում էր Տիգրան Սարգսյանը։

Չնայած կառավարությունը ներկայացնում էր, որ իրադրությունը վերահսկելի է և ամեն ինչ ընթանում է բնականոն հունով, մարդիկ իրենց ամենօրյա կյանքում տեսնում էին ռուբլու ամեօրյա արժեզրկումը։ Ընդդիմությունը քննադատում էր իշխանությանը կարճատեսության և ֆինանսավարկային ոլորտը վատ կառավարելու համար։ Նրանց հիմնական փաստարկն այն էր, որ Ռուսաստանի գործողությունները անսպասելի չէին. 1993-ի իրադարձությունները և Ռուսաստանի պաշտոնյաների հայտարարությունները դեռևս հուլիսից վկայում էին, որ դրամային փոփոխությունն անխուսափելի է։ «Եթե պայմանագիրը չստորագրվի Ռուսաստանը ստիպված կլինի մեկուսացնել իր կանխիկ դրամի շրջանառությունը և շրջանառության մեջ դնել իր սեփական դրամը, քանի որ Ռուսաստանի տարածքում շրջանառության մեջ է 1993թ. թողարկած թղթադրամների ավելի քան 80 տոկոսը, որոնք չեն ուղարկվում ԱՊՀ այլ պետություններ»,— գրում էր Երկիրը։

Բացի այդ, մտահոգություն կար, որ սեփական թղթադրամը ներդնելու դեպքում այն արագորեն կարժեզրկվի, քանի որ երկրում չկա անհրաժեշտ չափի ապրանք, ոսկու և արտարժույթի պաշարներ։ «Անցման այս փուլում մենք կարող ենք հայտնվել զավեշտական մի վիճակում։ Դա տեղի կունենա այն դեպքում, երբ հին դրամից առայժմ օգտվող մյուս պետությունները մտցնեն սեփական դրամանիշ ու մենք մեխանիկորեն դառնանք հին դրամը կիրառող աշխարհի միակ պետությունը, ինչի հետևանքները կարող են ավելի քան ողբերգական լինել»,— շարունակում էր թերթը։

* * *

1993թ. սեպտեմբերի 6-ին Հայաստանի վարչապետ Հրանտ Բագրատյանը հանդիպել էր Ռուսաստանի առաջին փոխվարչապետ Օլեգ Լոբովի հետ, որի արդյունքում որոշվել էր Հայաստանին մատակարարվող էներգակիրների արժեքը։ Ռուսաստանը արտոնություններ էր տալիս, և Հայաստան առաքվող 250 հազար տոննա հում նավթը վաճառվելու էր մեկ տոննան 85 դոլարով։ Հայաստան էր առաքվելու նաև 60 հազար տոննա մազութ և 1.5 միլիար խորանարդ մետր գազ։ Նոր ռուբլու գոտու քննարկումների ժամանակ համաձայնագրից հանվել էր այն կետը, որով հայկական դրամանիշները պետք է թողարկեր Ռուսաստանի կենտրոնական բանկը։ Լոբովը հայտնել էր, թե հայկական դրամանիշները շրջանառության մեջ կդրվեն 2-3 ամիս անց, իսկ մինչ այդ Հայաստանին կտրամադրվեն 1961-92 թվականների թղթադրամներ։ Անդրադարձ էր արվել նաև հայկական ատոմակայանին. ռուսական կողմն առաջարկել էր Մեծամորի ատոմակայանը դարձնել հայ-ռուսական համատեղ ձեռնարկություն, որպեսզի, ինչպես գրում էր այն ժամանակվա մամուլը, «Ռուսաստանի ատոմային արդյունաբերության նախարարությունը դատարկ տեղը դրամ չներդնի»։

* * *

Մոսկովյան հանդիպումներն ունեին նաև քաղաքական և տարածաշրջանային բաղադրիչներ։ Հայ-ադրբեջանական սահմանին սեպտեմբերի 1-ին կնքված 10-օրյա զինադադարը պահպանվում էր, սակայն կար պայմանավորվածություններն ամրագրելու և քաղաքական հետագա գործընթացները հստակեցնելու անհրաժեշտություն։ Նախքան Մոսկովյան հանդիպումները՝ նախատեսվում էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արկադի Ղուկասյանի և Ադրբեջանի խորհրդարանի փոխնախագահ Աֆիադին Ջալիլովի հանդիպումը։ Կարծիք կար, որ Լեռնային Ղարաբաղը որոշակի անվստահություն ունի ԵԱՀԽ Մինսկի խմբի նախագահ Մարիո Ռաֆայելիի հանդեպ, քանի որ նրա միակողմանի զեկույթի հետևանքով ընդունվել էր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 853-րդ բանաձևը։ Բացի այդ, հրադադարի վերաբերյալ ԵԱՀԽ առաջարկություններում ընդհանրապես բացակայում էր Լեռնային Ղարաբաղի անունը։ Ենթադրվում էր, որ Ղարաբաղում ավելի են հակվում ռուսական միջնորդության ակտիվացման կողմը։ Շուտով հայտնի է դառնում, որ Ղուկասյանի և Ջալիլովի հանդիպումը չեղարկվում է և ընդհանրապես դուրս է բերվում օրակարգից։ Նույն օրերին Մոսկվայում էր նաև Ադրբեջանի Գերագույն խորհրդի նախագահ Հեյդար Ալիևը։ Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումներում քննարկվում էր ԱՊՀ-ին Ադրբեջանի անդամակցության հնարավորությունը։

Սեպտեմբերի 7-ին տեղի է ունենում Ռուսաստանի պաշտպանության նախարար Պավել Գրաչովի և Հեյդար Ալիևի հանդիպումը։ Հանդիպման ժամանակ քննարկվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը։ Ալիևը Գրաչովին խնդրում է օգտագործել պաշտպանության նախարարի անձնական հարաբերությունները Հայաստանի ղեկավարության հետ և հասնել ռազմական գործողությունների դադարեցմանը։ Միաժամանակ, Ալիևը հույս ուներ, որ Գրաչովի միջնորդության հայկական զորամասերը դուրս կբերվեին Ադրբեջանի կորցրած տարածքներից։ Անդրադառնալով ռազմական գործողությունների դադարեցման և ԱՊՀ-ին Ադրբեջանի անդամակցության մասին խոսակցություններին՝ Հեյդար Ալիևն ասում էր. «ԱՊՀ-ի մեջ մտնելը պետական նշանակության մեծ, սկզբունքային հարց է։ Ինչ վերաբերում է ռազմական գործողությունների դադարեցմանը, ապա այդ առումով Ռուսաստանը, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը կարող են շատ մեծ դեր կատարել, օգտագործելով իրենց ազդեցությունն ու հեղինակությունը»։ ԱՊՀ-ին անդամակցելու մասով Ալիևը հայտնում էր, որ Ադրբեջանում կան թե՛ հակառակորդներ և թե կողմնակիցներ։ «Մենք այդ հարցը քննարկել ենք խորհրդարանի նիստում, քննարկել ենք բացեիբաց։ Այդ գաղափարը բավականաչափ հակառակորդներ ունի, բայց կողմնակիցներ էլ կան։ Ելնելով ընդհանուր շահերից, անձամն ես այն դիրքորոշման եմ, որ Ադրբեջանը պետք է լինի ԱՊՀ-ի կազմում, եթե, իհարկե, համագործակցության մասնակիցները չառարկեն։ Նկատի է առնվում և՛ տնտեսական դաշինքը, և՛ կոլեկտիվ անվտանգության խորհուրդը, և՛ այլ հարցերը»,— ասել էր Ալիևը։ Ինչպես տեսնում ենք՝ հայ-ադրբեջանական սահմաններում զինադադարի հաստատումը և Ալիևի իշխանության աստիճանական ամրապնդումն, այնուամենայնիվ, որոշակի կապ ուներ ԱՊՀ-ին անդամակցելու հետ։ Հեյդար Ալիևի իշխանության ամրապնդման հարցերին և Ադրբեջանի արտաքին քաղաքական ուղղությունների փոփոխությանը մենք առավել մանրամասն կանդրադառնանք մեր առաջիկա թողարկումներում։

Նույն օրը Գրաչովը հանդիպում է նաև Հայաստանի պաշտպանության գործերով պետնախարար Վազգեն Սարգսյանի հետ։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հայկական կողմի հետ հանդիպումը տեղի էր ունեցել Ալիևի հետ զրույցից հետո, Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաստատում էր հակամարտության կարգավորման գործում իր ուղղակի մասնակցությունը։ Հանդիպմանը ներկա էր նաև Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Միխայիլ Կոլեսնիկովը։

Անկախության հռչակումից հետո Հայաստանում սկսված համակարգային փոփոխությունները չէին կարող շրջանցել կրթական համակարգը։ Այն տարիներին ընդհանուր միտում կար, որ խորհրդային կրթությունը հնացել է, չի համապատասխանում նոր իրականությանը, առավել ևս՝ շուկայական հարաբերություններին։ Արդեն 1991թ. ներդրվեց ընդունելության քննության գնահատման 20 բալանոց համակարգը։ Միաժամանակ, բուհերում ստեղծվեցին վճարովի տեղեր, և ոչ անցողիկ միավորներ ստացած ուսանողները նույնպես կարող էին բարձրագույն կրթություն ստանալ։ Այս ամենն, իհարկե, չէր նշանակում, թե Հայաստանի կրթության համակարգում խնդիրները լուծվել էին։ Սոցիալական ծանր դրությունը և ուսուցիչների և դասախոսների ցածր աշխատավարձը, ուսման համեմատաբար բարձր վարձը դժգոհության նորանոր օջախներ էին ստեղծում։ Բուհ չընդունված ուսանողները, իրենց ծնողների հետ միասին, գրեթե ամեն տարի աշնան սկզբին ցույց կամ նստացույց էին անում գլխավորապես կառավարության շենքի դիմաց։ Նրանք պահանջում էին ավելացնել բուհերի տեղերը, որպեսզի իրենք նույնպես կարողանան սովորել։ Բուհական համակարգի մեղմ ասած, անբավարար պետական ֆինանսավորման հետևանքով, դիմորդների պահանջները հիմնականում կատարվում էին և ուսանողների թիվն օրեցօր ավելանում էր։

1993թ. սեպտեմբերն այս առումով բացառություն չէր. դիմորդները ցույց էին անում Հանրապետության հրապարակում՝ ասելով, որ անվճար տեղերի համար դիմած, բայց չընդունված ուսանողների միավորներն ավելի բարձր են, քան վճարովի տեղերինը։ Նրանք պահանջում էին լրացուցիչ վճարովի տեղեր հատկացնել։ Բարձրագույն կրթության և գիտության նախարարությունը պարզաբանում էր, որ այդ ուսանողները դիմել են միայն վճարովի տեղերի համար, և վճարովի հիմունքներով սովորելու համար նրանք լրացուցիչ քննություն պետք է հանձնեին։

1993 թվականին Հայաստանի բուհերն ունեցել էին շուրջ 14 հազար դիմորդ։ Մասնագիտությունների, այսպես ասած, մոդայիկ լինելը ձևավորվել էր դեռևս անկախության առաջին տարիներին, գուցե նաև՝ խորհրդային շրջանում։ Հայ երիտասարդները հիմնականում ցանկանում էին դառնալ բժիշկ, իրավագետ, տնտեսագետ և օտար լեզուների մասնագետ։ Մյուս մասնագիտություններն այնքան էլ պահանջված չէին և բուհերն ունեին բազմաթիվ թափուր տեղեր։ Ուշագրավ է, որ խնդիրը շարունակվում է մինչ օրս։ «Առաջին տխուր հետևանքը եղավ, որ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը, իր բոլոր մասնաճյուղերով հանդերձ, պետպատվերով նախատեսված տեղերի կեսից մի փոքր ավելին ապահովեց, իսկ 1070 վճարովի հնարավորության դիմաց երկու ուսանող ունեցավ։ Այս տեսանկյունից ոչ պակաս տխուր փաստի առջև են կանգնած Երևանի ճարտարապետաշինարարական, հայկական գյուղատնտեսական, Երևանի անասնաբուժական-անասնաբուծական և Խաչատուր Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտները»,— գրում էր Ազգը 1993թ. սեպտեմբերի 8-ին։ Դիմորդների պակասն, իր հերթին, հանգեցնում էր դասախոսների հաստիքների կրճատմանը։

Բարձր էր նաև ուսման վարձը՝ 90-100 հազար ռուբլի, և քիչ չէին դեպքերը, երբ ուսանողները, չկարողանալով վճարել վարձը, կիսատ էին թողնում ուսումը։ Բարձրագույն կրթության և գիտության նախարար Վարգես Գնունին 1993թ. աշնանը ընդունում էր, որ բուհերի տեղերի և մասնագիտությունների պլանավորման մեթոդաբանություն մշակված չէ։ Շատերն էլ համոզված էին, որ պետպատվերի համակարգն է բոլոր թերությունների գլխավոր պատճառը։

1993-ին երկու նախարարություն էր զբաղվում կրթության և գիտության հարցերով։ Մեկը, ինչպես արդեն նշեցինք, բարձրագույն կրթության և գիտության նախարարությունն էր, մյուսը, որը զբաղվում էր հանրակրթությամբ, լուսավորության նախարարությունն էր։ Այս ոլորտում նույնպես կային բազմաթիվ ոչ մի կերպ չլուծվող խնդիրներ։ 93-ի սեպտեմբերի առաջին օրը Երևանի մի շարք դպրոցների ուսուցիչներ դասադուլ են հայտարարում։ Նրանք պահանջում էին բարձրացնել աշխատավարձը, պակասեցնել դրույքի համար նախատեսված դասաժամերի քանակը, տալ սոցիալական ավելի մեծ երաշխիքներ։ Սեպտեմբերի 1-ին գործադուլ անող ուսուցիչները հանրահավաք են կազմակերպում Ազատության հրապարակում։ Ուսուցիչները դժգոհում էին նաև, որ համապետական ընտրություններն անցկացվում են դպրոցներում, որոնց մասնակցում է կոլեկտիվը և չի վարձատրվում։ «Բազմաթիվ տարիներ ընտրությունները տեղի են ունեցել դպրոցներում։ Այդ չարքաշ, ստրկական աշխատանքը դրվել է ուսուցչի վրա։ Ինչ են մտածում պատգամավորները, որքանով է բարոյական, երբ այդ աշխատանքը կատարում ենք մենք, իսկ Գերագույն խորհուրդը չի ուզում լսել մեր խնդիրները»,— ասում էր ուսուցիչներից մեկը։ Նա նաև առաջարկում էր դպրոցներին, որտեղ կան ընտրատեղամասեր, բոյկոտել և խափանել ընտրությունները։ Ցուցարարներն, այնուհետև երթով շարժվում են նախագահի նստավայրի մոտ, որտեղ էլ պահանջում են մանկավարժի աշխատավարձը սահմանել 50 հազար ռուբլի։

Այս դժգոհությանն ի պատասխան, Լուսավորության նախարար Հայկ Ղազարյանը մամուլում պարզաբանում է, որ ուսուցիչների պահանջը իրատեսական չէ։ Նա նշել էր, որ թեև ժողովրդավարությունը ենթադրում է սեփական շահերի պաշտպանություն նաև գործադուլի միջոցով, սակայն ուսուցիչներն ու բժիշկները բացառություն պետք է լինեն։ «Նրանք սոցիալական այն շերտն են, որոնք պատասխանատու են ազգի հոգևոր և ֆիզիկական առողջության համար, և նրանց գործադուլը այնպիսի վնասներ կարող է պատճառել, որոնք վաղը անշրջելի կլինեն»,— ասել էր Հայկ Ղազարյանը։

Նախարարը նշում էր, որ ուսուցիչների պահանջը՝ մոտ 10 անգամ բարձրացնել աշխատավարձը, իրագործելի չէ։ Բացի այդ, տնտեսական անկումը շարունակվում էր, և ինչ արագությամբ աշխատավարձը բարձրացնում էին, մի քանի անգամ ավելի արագ արժեզրկվում էր ռուբլին և ապրանքը թանկանում էր։ «Ցավոք, դա մեզնից չէ կախված, առայժմ Ռուսաստանն է թելադրում գների քաղաքականությունը, պարզապես, եթե նման հնարավորություն կար, հենց սկզբից աշխատավարձերը չպետք է բարձրացնեին, որպեսզի այսօրինակ թռիչքներ չլիներ գների առումով»,— պարզաբանում էր Ղազարյանը։ Իհարկե, պետք է ասել, որ կառավարությունը փորձում էր հնարավորության չափով աջակցել մանկավարժներին, սակայն, Հայաստանի այն ժամանակվա տնտեսական հնարավորությունների պայմաններում, երևի թե ավելին անել հնարավոր չէր։

Հանրակրթական խնդիրների թվում էին նաև դասագրքերը, որոնք բավականին թանկ էին, և շատերը չէին կարողանում վճարել։ Պետությունը որոշակի լրավճար էր տրամադրում, և դասագրքերը աշակերտներին տրամադրվում էր 150-ից 300 ռուբլու չափով՝ յուրաքանչյուրը, ինչը դարձյալ, ոչ բոլորին էր մատչելի։

Ցուցադրել ավելի
Back to top button