ԿարևորՀասարակություն

Ոչ ֆորմալ կրթություն. պատմական դրվագների խաղարկման մշակույթը մտնում է Հայաստան

Եվրոպական գրեթե բոլոր երկրներում, Ամերիկայում և արդեն վերջին տասնամյակում նաև Ռուսաստանում մեծ տարածում են գտել պատմամշակութային խաղերը, որպես պատմություն առարկայի դասավանդման ոչ ֆորմալ տարբերակ։ Այս մշակույթը ներթափանցել է Հայաստան՝ դեռևս վիկինգների և ասպետների տեսքով։

Սարալանջում վերականգնվել է պատմական ժամանակաշրջան, բայց ոչ թե հայկական, այլ խաչակրաց ասպետների և վիկինգների դարաշրջանը։ Պատմամշակութային խաղը առաջին անգամ Հայաստան բերած Արման Թովմասյանը պատմում է․

«Առաջ այստեղ դատարկ տարածքներ են եղել, ժայռեր, այստեղից գեղեցիկ տեսարան է բացվում և մարդը կարողանում է դուրս գալ քաղաքային միջավայրից և հայտնվել միջնադարյան, անտառային տեղում։ Խաղի գաղափարը ծագել էր մինչև բանակ գնալս, երբ վերադարձա սկսեցինք աշխատանքները, ամեն բան ստեղծել եմ սեփական միջոցներով, պետք է արտասահմանից պատվիրեինք, բայց քանի որ ֆինանասական միջոցները չէին ներում, նախագծեցի ինքս։ Լինելով բիզնես ոլորտի ներկայացուցիչ հասկացա, որ ուզում եմ ստեղծել մի բան, որը ոչ միայն կլինի բիզնես, այլ մի նոր մշակույթ կձևավորի հայ հասարակության համար»։

Հայկական միջնադարյան պատմությունը ոչ պակաս հարուստ է և ոչ պակաս հետաքրքիր՝ խաղի վերածվելու համար։ Պատմաբան Գուրգեն Մուրադյանը պարզաբանում է, թե ինչու՞  պատմամշակութային խաղերի միջազգային փորձը չունի իր հայկական նախադեպը․

«Նմանատիպ խաղը հանրայնացնելու համար ԿԳՄՍ -ի կողմից պետք է պատվեր լինի, թիմ պետք է ձևավորվի, որտեղ կլինեն պատմագետներ, ռազմարվեստի մասնագետներ և այս ամենն առհասարակ մեծ ծախսեր է ենթադրում՝ խաղի հայկական տարբերակը ստանալու համար, անհատ անձը չի կարող այդքանն անել»։

Այնուամենայնիվ, կորոնավիրուսի թվարկությունից առաջ, խաղի շրջանակներում՝ Բագրատունիներն ու Սելջուկ թուրքերը հասցրել էին միմյանց դեմ մարտնչել։ Արմանն այս մասին պատմում է․

«ԿԳՄՍ-ի կողմից Բագրատունյաց Հայաստանի ժառանությունը միջոցառմանն ենք մասնակցել Լոռի բերդում, բայց դա ավելի շատ ներկայացում էր»։

Ճանաչել սեփական պատմությունը, հանդերձանքից մինչև ժամանակին բնորոշ դիմելաձևեր․ պատմաբանը գտնում է, որ ոչ միայն միջնադարյան պատմությունը կարելի է դարձնել խաղ, այլ սկսել ամենասկզբից՝ այն ժամանակներից, երբ Հայկը հաղթեց ոսոխ Բելին։

«Միայն միջնադարյան ժամանակաշրջանը չէ, որ կարելի է վերածել խաղի, կարելի է սկսել հենց Հայկի ՝ Բելի դեմ տարած հաղթանակից, մինչև մեր էպոսը, որը կարելի է վերածել խաղի և ոչ ֆորմալ կրթության համատեքստում ներկայացնել ուսանողին, աշակերտին՝ ավելի լավ պատկերացում կազմելու համար տվյալ ժամանակների, հանդերձանքի, դիմելաձևերի և առհասարակ տվյալ ժամանակաշրջանի անհատի վերաբերյալ»։

Հայկի ու Բելի ժամանակներից մինչև մեր՝ կորոնավիրուսի թվարկություն մի բան անփոխոխ է, հաղթանակ տանելը հեշտ բան չէ, անգամ եթե ամրոցը թղթից է, նետը՝ ոչ իսկական։

Back to top button