ԿարևորՀասարակություն

ՀԱԷԿ-ի վերազինումը շարունակվում է. 2021-ին այն կկանգնեցվի 141 օրով

Հայկական ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի արդիականացման ու շահագործման ժամկետը երկարաձգելու նախագծի շրջանակում  ատոմակայանում իրականացվելու է ռեակտորի թրծում։

ԱԷԿ-ի ռեակտորի իրանի մետաղի վերականգնողական թրծման կայանքը Ռուսաստանից օրերս է հասել Հայաստան։ ՀԱԷԿ-ի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Մովսես Վարդանյանի պարզաբանմամբ՝ տեխնիկական այս վերազինումը էական թարմացում է խոստանում հայկական ատոմակայանին։

 «Դա թրծման կայանք է, սարքավորումների խմբաքանակ, որով կատարվում են ռեակտորի իրանի թրծման աշխատանքներ։ «Ռոսատոմ» կազմակերպության հետ կնքված պայմանգիր շրջանակում  սարքավորումների խմբաքանակը տեղափոխվել ու այժմ գտնվում է ատոմակայանի տարածքում»։

«Ռադիոլուրի» գրավոր հարցմանն ի պատասխան  հայկական ատոմակայանից արձագանքել են․ «Ռեակտորի իրանի վերականգնողական թրծման անհրաժեշտությունը թելադրված է հայկական ԱԷԿ-ի 2-րդ բլոկի շահագործման ժամկետը երկարացնելու անհրաժեշտությամբ, որի ամենակարևոր տարրը ռեակտորի իրանն է, ավելի կոնկրետ` թիվ 4 եռակցված հանգույցը։ Մովսես Վարդանյանի տեղեկացմամբ՝ առաջիկայում Հայաստան կժամանեն ռուսաստանյան մասնագետները, որոնց հետ միասին ամբողջությամբ կհավաքեն կայանքը, կիրականացնեն կարգաբերման աշխատանքները՝ սպասելով արդեն  2021-ին նախատեսված կայանի շահագործման ժամկետի երկարաձգման ավարտական փուլի աշխատանքներին։

«2021 թվականին մենք կդադարեցնենք կայանի  աշխատանքը 141 օրով ՝ սկսած մայիսի սկզբից մինչև սեպտեմբեր։ Այդ ընթացքում կկատարվեն թրծման աշխատանքները։ Թրծման արդյունքում  ռեակտորը 80-ից 85 տոկոսով կարող ենք վերադարձնել  ելակետային վիճակին»։

Ըստ Վարդանյանի, այս գործողությունը բավարար է մինչև ատոմակայանի շահագործման ժամկետի ավարտը։ 2021-ի սեպտեմբերին նախատեսվում է թողարկել կայանն արդեն թրծված ռեակտորով։  Ատոմակայանի աշխատանքի 141 օրյա դադարը ենթադրում է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացում` ասում է Մովսես Վարդանյանը։

Back to top button