ԿարևորՀասարակություն

Աղուտները` տեխնիկական սորգոյի կամ կենցաղային ավելի մշակման հարմար միջավայր

Արմավիրի մարզի աղակալած հողատարածքներում հարմարեցված մշակաբույսերից է սորգոն, որի ցողուններից սիլոս են պատրաստել: Սորգոն աղակայուն, երաշտադիմացկուն բույս է: Մշակելը դժվար է և ծախսատար, ինչից ելնելով  գյուղացիները կրճատել են ցանքատարածքները: Զարթոնքում միայն 90 հեկտարի վրա  մշակվում է սորգոյի տեխնիկական սորտը, որից ավել են պատրաստում:

Կենցաղում մաքրության  աշխատանքներ կազմակերպելիս հաճախ օգտագործում ենք ավել, որը գյուղատնտեսության մեջ  այլ անվանում ունի՝ սորգո: Այն հացահատիկային, կերային և տեխնիկական խոտաբույս է,  աճում է նաև  աղուտներում և շատ ջուր չի պահանջում:  Հենց այս առանձնահատկություններից ելնելով  Զարթոնքում և աղայկալած հողային տարածքներ ունեցող համայնքներում սորգոն դարձել է հիմնական մշակաբույսերից մեկը: Գյուղատնտեսության զարգացման դարում, երբ գիտության նվաճումներն ուղղված են  ձեռքի  աշխատանքի կրճատմանն ու  մեքենայացմանը,  սորգոյի մշակությունում մարդկանց չարչարանքը դեռ  շատ է: Մարտուն Դալլաքյանը դժգոհում է իրենց տարածքում տարածված մոլախոտերից, որոնք էլ դժվարացնում սորգոյի մշակությունը.

«Ղաուրդանն ավելի շատ ու շուտ է աշխատում, քան ավելը: Սկզբից վարում են, մի հատ ջրում, սրսկում, ղաուրդանը չորացնում են, չիզել են անում մեջը, նոր ցանում, թե չէ մոլախոտերը չեն թողնում աճի: Ավելի շուտ ինքն է բարձրանում, բույսը խեղդում, չի թողնում ավելն աճի, փուսքյուլ տա, նվազ է մնում»:

Գյուղատնտեսության մեջ հաջողության հասնելու համար սովորաբար  գյուղացիները հաշվարկում են հողի, մշակաբույսի  արդյունավետությունն ու նվազ աշխատատարությունը:  Այս տեսակետից Արմավիրի մարզի այն գյուղերւմ, որտեղ առաջ շատ էին մշակում սորգո  կամ ավել մշակաբույսը, հիմա ցանքսը զգալիորեն կրճատվել է: Մարտուն Դալլաքյանն արդեն 5 տարի հրաժարվել է ավել ցանելուց.

«Ավելն էդքան էլ եկամտաբեր չի, ծախսատար է, շատ գործողություններ պետք է իր վրա անել՝ վարել, ցանել, մարգ քաշել, ցանել, ջրել, մշակել, քաղհանել, պարարտանյութ տալ, դրանց ծախս է պետք: Մի տարի ցանեցի մի հեկըար՝ բան չելավ: 1 հա-ից առնվազն 4000-5000 ավել պիտի լիներ, 1500 հատ հազիվ եղավ, էն էլ չոփ»:

 Չնայած մշակման դժվարություններին, այնուամենայնիվ  Զարթոնքի գյուղնշանակության վարելահողերում սորգոյի մշակությունը գերակշռող է  բանջարեղենի ցանքատարածքներից,  մոտ 90 հեկտար է:  Բացի մշակության աշխատատար լինելուց նաև ծախսատար է, աշխատուժն էլ՝  թանկ: Գյուղատնտեսական աշխատանքներ կատարող  ինքնակամ ձևավորված խմբերը հետագայում դառնալով  կայուն բրիգադներ՝ ավելի թանկ գնահատեցին իրենց աշխատանքը, իսկ հողատերերն էլ հարմարվում են նրանց առաջարկած գնին:

«Հինգ տարի առաջ աշխատուժը 5000 դրամ էր, հիմա դարձել է 7000 դրամ: Մի ընտանիքը չի կարող 1 հա քաղհանել, բայց բանվոր էլ չկա, որ գա, օրը 7000 դրամով գոնե քաղհանի: Մի մարդ քաղհանում է օրական մինչև 500 քմ, 20 հոգի պետք է, որ 1 հեկտարը 2 օրում քաղհանեն, վերջացնեն»:

Սորգոյի տեխնիկական սորտը, որից ավել են պատրաստում   դեռ հասունանալու փուլում է, 1 ամսից կսկսեն քաղել: Հիմնականում  ձեռքով են կտրում, բայց  տրակտորով էլ են քաղում: Մարգեր մտած տրակտորը  հեշտացնում է  աշխատանքը՝  գետնին թեքելով մարդաբոյից բարձր ցողունները: հետո հավաքում են, բերում տուն:  Տանջանքը  ցողուններից առանձնացնելն է, սերմերը թափելն ու ավել կապելը: Առաջ սորգոյի կոշտ ցողուններից սիլոս են պատրաստել, պահետավորել, որպես  ձմռան անասնակեր: Հիմա դրանք վառում են  կամ տալիս գոմեշներին, երբեմն՝ հակավորում ու պահում: Դժվարությամբ մշակվող ոչ խոնավասեր բույսի սերմերից էլ են օգուտ ստանում՝ վաճառում են կամ պահում ընտանի թռչուններին կերակրելու համար:

Back to top button