ԿարևորՀասարակություն

«Մարտի 1»–ի նոր շրջադարձը․ տուժող կողմը հեռանում է դատարանից

2008 թվականի մարտի 1–ի դեպքերի ժամանակ զոհվածների և տուժածների իրավահաջորդներն ու նրանց շահերի պաշտպանները վաղվանից չեն մասնակցի սահմանադրական կարգի տապալման համար մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի և մյուս նախկին պաշտոնյաների գործով դատական նիստերին։

Զոհվածների հարազատները՝ Վաչագան Ֆարմանյանը, Սարգիս Քլոյանը և մյուսները հայտարարում են․

Ծնողները՝ բոլորս միասին ֆիզիկապես դադարեցնում ենք մասնակցությունը դատավարությանը և կոչ եմ անում գլխավոր դատախազին և մնացածին հետ դառնալ գործին։

Մենք շատ վրդովված ենք, ջղայնացած ենք, կատաղած ենք։ Դադարեցնում ենք մեր ֆիզիկական մասնակցությունը այս անբովանդակ միջոցառմանը և մեր հետագա քայլերը, զարգացումները կտեսնեք՝ ինչ կլինի։

Դատավարություն ասված բառը գոյություն չունի։ Մենք, նաև դուք, ականատես ենք լինում միայն էժանագին թատրոնի։ Դրա համար մենք դադարեցնում ենք մեր մասնակցությունը, դուրս չենք գալիս որևէ իշխանության կամ Նիկոլի դեմ, այլ՝ իր նշանակած մարդկանց, ում հետ նա աշխատում է, որովհետև իրենք անգործության են մատվել։  

Վաղը նշանակված է քրեական գործով հերթական նիստը։ Հայտարարությունը, սակայն, նշանակում է, որ կողմերից մեկն այլևս ներկա չի լինի։ Որոշումը կայացվել է փաստաբանների հետ խորհրդակցելուց հետո՝ ձգձգվող դատական նիստի վրա իշխանության և հանրության ուշադրությունը հրավիրելու համար։ Փաստաբաններ Տիգրան Եգորյան և Սեդա Սաֆարյան․

Տիգրան Եգորյան . «Սա մի քայլ է, որը նպատակ է հետապնդում վերաիմաստավորելու այն գործընթացը, որը սկսվեց 2018–ին, բայց անհասկանալիորեն կանգ առավ կամ խափանվեց»։

Սեդա Սաֆարյան. «Մարտի 1–ի թեմայից ընդհանրապես շեղվել են։ Հավատացեք, որ փաստական հանգամանքները, որ կցվել են մեղադրական եզրակացությանը, բացարձակ առնչություն չունեն այսօրվա քննարկվող նյութի հետ։ Նրանք շատ վախեցած են, որ այդ փաստերը կհրապարակվեն և այդ ուժով այլևս ոչ Ռոբերտ Քոչարյանը, ոչ պաշտպանները և լրատվամիջոցները չեն ներկայացնի, որ մեղադրանքը «ջուր» է»։  

Իրադարձությունների այս վարկածին մեղադրվող կողմի ներկայացուցիչները բազմիցս անդրադարձել են։ Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններից Արամ Վարդևանյանը խոսում է 100 հատորի հասնող գործի մասին, իսկ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը հայտարարել է, որ որևէ անակնկալ բացահայտումներ չեն լինի։

Արամ Վարդևանյան. «Իրականում դատական պրոցեսի այսպես կոչված ձգձգման հիմնական մեղավորը հենց Դատախազությունն ու ՀՔԾ–ն են մի պարզ պատճառով, որովհետև պատկերացրեք, 80 հատոր գործ են ուղարկել դատարան, այն պարագում, որ արդեն 100 հատոր է դարձել այս ժամանակահատվածում։ Եթե խնդիրը նրանում է, որ պետք է ինչ որ կայծակնային արագությամբ վճիռներ, որոշումներ լինեն՝ չկա նման գործ։ Դուք կարող եք նայել նաև աշխարհի պրակտիկան։ Եթե խոսքը մեծ քրեական գործի մասին է, այն տևելու է մեծ քանակությամբ ժամկետ»։  

Լևոն Քոչարյան.  «Մենք ձգձգելու նպատակ չունենք։ Անընդհատ լսում ենք, թե հեսա նենց բաներ ենք լսելու, նենց բաներ են բացահայտվելու, ամբողջ նյութը կա, շատ մարդկանց ցուցմունքները հրապարակվել են։ Միշտ պատրանք են ուզում ստեղծել, որ հեսա–հեսա ինչ որ բան է լինելու։ Ուզում եմ հիասթափեցնեմ՝ ոչ մի բան էլ չի լինելու։ Աննա Դանիբեկյանը նիստերը դնում է շաբաթը մեկ օր։ Ինչի՞ համար։ Մենք դեմ չենք, թող ամեն օր նիստ դրվի»։   

Ամբողջ օգոստոսի ընթացքում այս քրեական գործով դատավարություն տեղի չունեցավ։ Հիմնական պատճառն այն էր, որ մեղադրյալներից նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի փաստաբանն արձակուրդում էր, իսկ նոր փաստաբանի կարիք մեղադրյալը չէր տեսնում։

Դատավարությունից դժգոհելու մեկ այլ առիթը մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի ակտիվությունն է խափանման միջոցը փոխելուց հետո։ Մեկ ամիս առաջ, մեկ շաբաթ առաջ, 5 օր առաջ․ սա Ռոբերտ Քոչարյանի՝ վերջին շրջանում տված մեծ և փոքր հարցազրույցների ժամանակագրությունն է, երբ նա շփվել է տեղի և օտարազգի լրագրողների հետ։ Բացի այդ` նա 2 օր առաջ Սևանում էր՝ «Հաղթանակած» նախաձեռնության ճամբարականների հետ հանդիպմանը։

Մինչդեռ ժամանակին Քոչարյանն, իր պաշտպաններն ու «Իզմիրլյան» ԲԿ–ից ներկայացված փաստաթուղթը փաստում էին, որ մեկուսարանի առանձնախցում, որտեղ նա մենակ էր, ապահով պայման չէ վիրահատություն տարած 66-ամյա մարդուն COVID -19-ից ապահովագրելու համար։  

Back to top button