ԿարևորՀասարակություն

Հիսուն հազար գիրք՝ դպրոցական գրադարաններին. հաջորդ կանգառը Արագածոտնի մարզն է

Խորհրդային Միության փլուզումից հետո դպրոցական գրադարանները  գրեթե չեն համալրվել նոր հրատարակություններով։ Եթե այս տարիների ընթացքում մարզային և համայնքային գրադարանները գոնե ինչ- որ չափով ձեռք են բերել նոր գրքեր, ապա դպրոցական գրադարանները բյուջեի բացակայության պատճառով կարելի է ասել բավականին անմխիթար վիճակում էին, «Ռադիոլուրի» հետ զրույցում հայտնեց ԿԳՄՍ նախարարության գրականության ոլորտի գլխավոր մասնագետ Արմեն Սարգսյանը․

«Մոտ 1000 գրադարան Հայաստանում ոչնչացել է Խորհրդային Միության փլուզումից հետո, և այս վերջին տարիներին համայնքների խոշորացմամբ պայմանավորված բազմաթիվ գրադարաններ փակվեցին։ Առհասարակ, համայնքային գրադարանները շատ վատ վիճակում են։ Հույս ունենք, որ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, ինչպես նաև կրթության նախարարության  համագործակցությամբ այդ հարցը կբերվի օրակարգ և համակողմանի լուծում կստանա»։

Մինչ խնդիրը կլուծվի՝ ԿԳՄՍ նախարարությունն այդ բացը լրացնելու նպատակով հանրապետության բոլոր հանրակրթական դպրոցների գրադարաններին կնվիրի վերջին տարիներին հրատարակված գրքեր։ 1336 դպրոցի գրադարաններից յուրաքանչյուրը 40 ական գիրք կստանա, նշեց զրուցակիցս։

«Նախորդ տարի շուրջ 45.000 գիրք նախարարությունը բաշխել է համայնքային գրադարաններին, այս տարի 50.000 գիրք բաշխում է դպրոցների գրադարաններին»։

Դպրոցական գրադարանները, բացի դպրոցական դասագրքերից, երբևէ չեն համալրվել գեղարվեստական գրականությամբ: Գրադարաններին տրամադրվող գրականության ցանկը ներառում է հայ դասական և ժամանակակից գրողների, հանրագիտարանային և հանրամատչելի, մշակութաբանական, պատմական գրականություն, պատկերագրքեր և այլ հրատարակություններ:

Արարատի և Արմավիրի դպրոցներն արդեն համալրվել են նոր գրքերով. հաջորդ կանգառը Արագածոտն է: Սեպտեմբերի 9-ին գրաբուսը կուղևորվի մարզ: Արագածոտնի մարզպետարանում, իհարկե, չեն դժգոհում․բավականին հագեցած և պարբերաբար թարմացվող գրադարան ունեն, բայց ինչ խոսք, հարստացված գրադարանը միշտ էլ պահանջված է, «Ռադիոլուրի» հետ զրույցում հայտնեց մարզպետարանի կրթության բաժնի պետ Ռուզաննա Նալբանդյանը։

«Նոր գրականության, նոր խմբաքանակի կարիք միշտ էլ կա։ Կարծում եմ ավելի հետաքրքիր կլինի երեխաներին գրադարան հաճախելը։ Ավելի շատ գեղարվեստական, ժամանակակից, հանրամատչելի գրականության կարիք ունենք»։

Բաշխումը մարզերում հիմնականում կազմակերպում են մարզպետարանները, իսկ ահա Երևանի դպրոցները գրքերը կստանան ուղիղ բաշխման կետից։

Back to top button