ԿարևորՀասարակություն

«Ժամհարյան». հայկական օծանելիքի 300-ամյա բույրը

18-րդ դարում Ալաշկերտի Սողոմոն գյուղում «ծնված» Ժամհարյան գերդաստանի օծանելիքը արդյո՞ք կարող ենք համարել  հայկական առաջին բույրը․ դժվար է ասել, համենայն  դեպս՝  պնդելու համար  հիմնավոր փաստեր չունենք։ Բայց համոզված ենք, որ «Ժամհարյան» օծանելիքի ու այն ստեղծած գերդաստանի պատմությունը  շատերիդ կգերի՝  հայկական բույրից ոչ պակաս։

Արևմտյան Հայաստանի  Ալաշկերտի Սողոմոն գյուղում  1700-ականներին ապրում էր Ժամհարյանների ընտանիքը։ Ավագ որդուն Ժամհար Վարդան էին կոչում, քանի գյուղի եկեղեցու ժամհարն էր ու երեցը միաժամանակ։ Հոգևոր ծիսակատարությունների ժամանակ եկեղեցու տարածվող խնկաբույրն իրենց պատրաստածն էր։ Ժամհար Վարդանը նաև հոբբի ուներ։ Պատմում է  Վարդան Ժամհարի տոհմի 9-րդ սերնդի ներկայացուցիչը` Վարդան Ժամհարյանը։

«Ժամհար Վարդանի հոբբիներից էր նաև տարբեր տեսակի ծաղիկներից, բույսերից ստանալ հեղուկներ։ Չէր վաճառում, այլ ծիսական արարողությունների ժամանակ նվիրում էր համայնքի ներկայացուցիչներին, մինչև որ նրա տղան՝ Սամվելը, ձեռնամուխ եղավ ավելի զարգացնելու հայրական արհեստը»։

Սամվելը որոշեց այս նյութերը նաև վաճառքի հանել։ Դա դժվար չէր, քանի որ Սողոմոն գյուղը առևտրական քարավանների խաչմերուկում էր։ Արևելքից եկող քարավաններին խնդրում  էին իրենց համար նաև արևելյան բույրեր բերել։  Սամվելի որդի Վարդանը՝ Ժամհար Վարդանի թոռը, ընտանեկան բիզնեսն ավելի առաջ է տանում։

«Վարդանը սկսում է էլ ավելի լայն մասշտաբներով վաճառք իրականացնել։ Ապրանքը սկսում է արտահանել Արևմուտք, Միջագետք, արևելյան  երկրներ։ Անգամ տարրաներ են պատվիրում Հնդկաստանից ու Չինաստանից։ Զարդանախշեր են անում, շշալցնում։ Եվ այս արհեստը եկավ մինչև 1800-ական թվականներ»,- պատմում է Վարդանը։

Ռուս-թուրքական պատերազմից հետո` 1830-ականներին, Ժամհարյաններն Ալաշկերտից գաղթեցին Արևելյան Հայաստան։ Գաղթի ճանապարհին ընտանիքի յոթ որդիներից երկուսն անհետանում են։ Հինգ եղբայրներով հիմնում են «Ժամհարյան» տեսականու արտադրությունը ու այն պահպանում մինչեւ 1910-ական թվականները։ Սոցիալապես քայքայված երկրում  օծանելիքը մարդկանց քիչ էր հետաքրքրում, ասում է Վարդան Ժամհարյանը։ Խորհրդային կարգերի հաստատումից հետո մասնավոր արտադրության ու նման արհեստների մասին, առհասարակ, խոսք լինել չէր կարող։ 1910-ականներին Ժամհարյանների ընդհատված բույրը Ժամհարյան տոհմի 9-րդ սերնդի ներկայացուցիչ Վարդան Ժամհարյանը  վերականգնեց  2018 թվականին, ինչի համար ճակատագրական դարձավ  հանդիպումը «Ալ Աթթար պարֆյում»-ի հիմնադիր Ալ Աթթարի հետ։ Դա 2015 թվականն էր։

 «Ալ Աթթար պարֆյում»-ը  կազմակերպություն է, որը 1971 թվականին գրանցվել է որպես ապրանքանիշ  և գործում է ԱՄԷ-ում։  Ալ Աթթար թարգմանաբար նշանակում է բույր։ Սակայն տվյալ դեպքում սա  ազգանունն է այն հիմնադրի, ով սկսել է այս գործը՝ օծանելիքի արտադրությունը»։

Մասնագիտությամբ արևելագետ Վարդան Ժամհարյանը խորամուխ եղավ  պարֆյումերի, այսինքն՝ օծանելիքագետի հմտությունների յուրացման մեջ։ Չափազանց թանկ ու ոչ դյուրին ոլորտ, նկատում է զրուցակիցս։  2018-ին Հայաստանում գրանցված «Ալ Աթթար պարֆյում  Հայաստան» հայ-արաբական համատեղ կազմակերպությունն այսօր   ներկայանում է  Ժամհարյան ապրանքանիշով։

«2019-ի հուլիս ամսից մենք մեր արտադրանքով մտել ենք շուկա։ Առաջնային հումքը վերցնում ենք  շվեյցարական, անգլիական, ֆրանսիական հանրահռչակ կազմակերպություններից։ Ստացած նյութերով մեր պարֆյումերը ստանում է տարբեր տեսակի փնջեր։ Առաջնային հումք ստանալը մեծ ներդրումներ է պահանջում , և գաղտնիք չէ, որ օծանելիք արդատրող աշխարհահռչակ ընկերություններից շատերը չեն արտադրում  ֆրեգրանս։ Դա արտադրում է համապատասխան գործարանը»։

Արտադրական ծավալներով  Հայաստանում, թերևս, միակը  համարվող «Ժամհարյան» տեսականուն արդեն ծանոթ են Ռուսաստանում,  օծանելիքի որոշ քանակություն ուղևորվել է նաև Իրաք, Իրան։ Նկատենք, որ այս ամենն իրականացվել է ընդամենը յոթ ամսում, հենց այդքան է տևել արտադրական գործընթացի մեկնարկից մինչև չարաբաստիկ  համավարակը։

Եթե  այս պահին ընկերության գործունեությանը խոչընդոտում է զուտ կորոնավիրուսի համավարակը, ապա Հայաստանում, առհասարակ,  Վարդան Ժամհարյանը  խնդիր է դիտարկում նաև ոլորտում գոյություն ունեցող անառողջ մրցակցությունը։

«Արտասահմանից ներկրվող օծանելիքը ստուգում և սերտիֆիկացում չի անցնում։ Եվ հաճախ էժան տեսականու մեջ հանդիպում է օծանելիք, որտեղ օգտագործված է տեխնիկական սպիրտ՝ մեթիլ։ Այդ սպիտի հետ կապված ողբերգության մասին մի քանի օր առաջ լսեցինք։ Ի վերջո, այս սպիրտը կարող է առաջացմնել մաշկի քաղցկեղ։ Որակյալ օծանելիքի մեջ պետք է օգտագործվի, այսպես կոչված, բյուրեղյա սպիրտ՝ 96.6 տոկոսանոց։ Մեզ երբեմն ասում են՝ ինչու 5000, եթե տեսել ենք, օրինակ,  2500 դրոմով ։  Հայաստանում ինչո՞ւ  եք թանկ արտադրում»։

«Ալ Աթթար պարֆյում  Հայաստան» կազմակերպության համահիմնադիր Վարդան Ժամհարյանն, այդուամենայնիվ, նկատում է՝ մեր օրերում քիչ են մնացել մարդիկ, որոնք ընտրում են  էժանը և անորակը։

Back to top button