ԿարևորՀասարակություն

Հայրենիքի լավ կողմն էլ, գեշ կողմն էլ մերն է․ երկու տասնամյակ տևած հայրենադարձություն

Մրգի, բանջարեղենի նորաբաց խանութում  արևմտահայերեն է հնչում, սկզբում տպավորություն է, որ սիրիահայ  է, բայց ֆրանսիահայ Ալեն Դաքեսյանն է։ Մինչ օրս տարածքի սեփականատերն էր, այժմ փորձում է անձամբ բիզնեսով զբաղվել։ Ալենի պատմությունը քիչ է տարբերվում հազարավոր ֆրանսիահայերի պատմությունից։

 «Ցեղասպանությունից մազապուրծ եղած իմ  նախնիները սկզբում հայտնված են Լիբանանում, որտեղ ես էլ ծնած եմ, բայց բավականին ջահել տարիքում  գացած ենք Ֆրանսիա։ Կարող եմ ասել՝ կյանքիս կեսն ապրել եմ Ֆրանսիայում՝ Փարիզում»։

Հայաստանի անկախացումից հետո մտքում հայրենիքն էր, որտեղ մշտական բնակություն հաստատելու երազանքն իրականություն դարձրեց  մոտ երեք ու կես տարի առաջ։ Ուշ, բայց եկա, ասում է։

«Ուշ, բայց կարևոր որոշում արի։ Սփյուռքում Հայաստանը միշտ մեր սրտի մեջ է։ Լիբանանից, Ֆրանսիայից ավելի Հայաստանը միշտ մեր սրտի մեջ էր, ոչ լեզվի վրա։ Մեր հայրենիքը միշտ կարևոր տեղ ունի մեզ համար»։

Մինչ Հայաստան տեղափոխվելը` երեք անգամ այցելել, ուսումնասիրել է։ Հաշտվել է այն մտքի հետ, որ ծով չունենք։ Բայց փոխարենը Սևան ունենք, հայրենիքի լավն էլ , վատն էլ մերն է, ասում է։

«Հիմա լավ կողմերը կամ գեշ կողմերը մերինն է, մեր հայրենիքն է, հողը, ջուրը, մշակույթը, լեզուն։ Ես շատ ուրախ ու հպարտ եմ»։

Զրուցակս ինտեգրվել  է, չնայած խոստովանում է, որ մշակութային ցնցում ժամանակին ապրել է։ Ի վերջո, մի բան է, երբ Հայաստան ես գալիս որպես զբոսաշրջիկ, մեկ այլ բան է մշտական բնակություն հաստատելը։

«Մի փոքր տարբերություն կա մտածելակերպի մեջ։ Դրսում մարդիկ ավելի փափուկ են, սիրալիր, կարևոր է միմյանց ժպտալը։ Հայաստանում այդպես չէ»։

Ֆրանսիահայ Ալենին Հայաստանում ցավ է պատճառում հատկապես տեղացիների՝ հայրենիքից հեռանալու ցանկությունը։ Միաժամանակ՝ շատերին նաև հասկանում է․

«Աշխատանքի բերումով ուզում են մեր հայրենիքից դուրս գալ։  Կհասկնամ իրենց։ Կհասկնամ, որովհետև լավ վիճակի մեջ չեն ապրում։ Բայց կցավիմ, որովհետև շատ հայրենասեր եմ, ամենագեղեցիկ երկրները լքած եմ,  եկած եմ հայրենիք և կուզեմ, որ հոս աշխատանք ըլլա և Սփյուռքի մեր բոլոր հայրենակիցներին կոչ կանեմ, որ գան ու ապրեն Հայաստանում»։

Ալեն Դաքեսյանը, այդուհանդերձ, հասկանում է՝ կոչերով  մարդկանց հայրենիք բերելն ու Հայաստանում պահելը  դժվար է։  Վերադարձի համար երկու լուրջ խնդիր է առանձնացրել․

«Կկարծեմ՝ աշխատանքը և բնակարանը։ Ես հարյուր տոկոս խորհուրդ կուտամ բոլորին գալ Հայաստան, բայց որքանով Հայաստանը կկարողանա ապահովել նրանց աշխատանքով և բնակարանով, սա է հարցը»։

Բնավորությամբ մի քիչ ավելի փափուկ, մի քիչ ավելի կոշտ, ավելի քիչ ու ավելի շատ միմյանց ժպտացող։ Բոլոր տարբերություններով հանդերձ, չկա մի բան, որը  թույլ չտա մեզ միմյանց հետ ապրել կողք-կողքի՝ հայրենիքում, կարծում է Ալեն Դաքեսյանը։ Իսկ այն, ինչ  միավորում է աշխարհի բոլոր հայերին, ըստ նրա, սերն է։

«Սերը մեր հայրենիքին, սերը մեր ազգին, սերը հայոց բանակին։ Ես ամեն օր կաղոթեմ՝ Աստված, պահի և պահպանի մեր հայոց բանակը, մեր զինվորը, Հայաստան, Արցախ և ի Սփյուռս աշխարհի»։

Back to top button