ԿարևորՀասարակություն

Կարանտին՝ արտակարգ դրության փոխարեն. տուգանքները կպահպանվեն

Սեպտեմբերի 11-ի ժամը 18։00-ից Հայաստանում կվերանա արտակարգ դրության ռեժիմը։ Արդեն հայտնի է, որ այն այլևս չի երկարացվելու, պարետի ինստիտուտը վերանալու է։ Սա, սակայն չի նշանակում, որ այս պահին գործող սահմանափակումները կվերանան։ Այսինքն,  համաճարակի դեմ պայքարը շարունակվելու է և կարգավորումներն էլ իրականացվելու են հենց այս օրենսդրական փաթեթով։ Ըստ փաթեթի՝ կարող է հայտարարվել կարանտին։ Լիազոր մարմնի առաջարկությամբ կարանտին կարող է սահմանել Կառավարությունը, մարզպետը, Երևանի քաղաքապետը։ Հարցով հիմնական զեկուցող արդարադատության փոխնախարար Ռաֆիկ Գրիգորյանի փոխանցմամբ՝ սահմանափակումների հարցը որոշելու է կառավարությունը։

«Նախնական քաղաքականությունը այնպիսին է, որ սահմանափակումները շարունակելու են պահպանվել։ Սակայն, թե ինչ ռեժիմով, ինչպիսի կիրառմամբ՝ կֆիքսվի կառավարության որոշմամբ»,– ասաց Ռաֆիկ Գրիգորյանը։   

Դիմակների կրման անհրաժեշտությունը նույնպես սահմանելու է կառավարությունը։ Առողջապահության նախարարն էլ պետք է հաստատի այն դեպքերն ու անհատական պաշտպանության միջոցների ցանկը, որոնք պետք է կիրառվեն։ Ռաֆիկ Գրիգորյանը շտապեց հստակեցնել.

«Նախնական՝ կարանտին սահմանելու որոշմամբ դիմակի հետ կապված կարգավորումները շարունակելու են գործել։ Այսինքն, այս օրենսդրական փաթեթը չի նշանակում, որ դիմակի կրման պարտադիր պահանջը հանվում է»,–նշեց Գրիգորյանը։

Փաթեթով նախատեսվում է, որ համավարակով պայմանավորված կարանտին կարող է հայտարարվել, եթե արտակարգ դրություն առաջանա։ Կարանտինային պայմաններն ու կիրառվելիք միջոցառումներն էլ կարգավորվում են այս օրենսդրական փաթեթով։ Ընդդիմադիր պատգամավորները, սակայն, նկատեցին, որ կարանտին սահմանվելու պարագայում կիրառվելու են սահմանափակող այնպիսի  միջոցառումներ, որոնք, օրինակ՝ արտակարգ դրության ժամանակ էլ էին կիրառվում։ Այսինքն, արտակարգ դրության վերացումից հետո սահմանափակումները, այսպիսով, չեն թուլանում կամ վերանում, ինչն անհրաժեշտ է հատկապես երկրի տնտեսության շնչառության համար։ Ընդդիմադիր ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյան.

«Մի ամսվա  ստուգումով արտակարգ դրության փոխարեն, մեզ առաջարկում են մինչև 6-ամիս կարանտին հայտարարելու նոր  իրավակարգավորումներով նախագիծ, որը բազմաթիվ խնդիրներ ունի։ Մի մասը շտկվեց հանձնաժողովի քննարկումների ժամանակ, մի մասը՝ չշտկվեց։ Մեր մտահոգությունն այն է, որ այն ունի իր մեջ  հակասահմանադրական դրույթներ՝ մարդու իրավունքների հետ կապված, և երկրորդը՝  կարանտին հայտարարելու ուղերձը շատ վատ  ուղերձ է։ Ես մտավախություն ունեմ, որ այն երկրները, որոնք պատրաստվում  էին ՀՀ քաղաքացիների համար սահմանները բացել սեպտեմբերի 12-ից հետո՝ արտակարգ դրության դադարի հիմքով, հնարավոր է, որ հիմա շարունակեն նույն կարանտինի հիմքով մեր նկատմամբ նույն սահմանափակումները պահպանել, որից տուժելու է մեր տնտեսությունը, մեր ժողովուրդը, մենք բոլորս։ Բնականաբար ԼՀ-ն դեմ կքվեարկի այս նախաձեռնությանը, որովհետև այն չի բխում այսօրվա խնդիրների լուծումներից և այն ավելի է խնդիրներ առաջացնելու»,– ասաց Մարուքյանը։  

Քննարկումներում նաև զգալի տեղ հատկացվեց կարանտին սահմանելու դեպքում կանոնների խախտման համար օրինագծով սահմանված պատիժներին։ Նաև այդ մասին հիշատակելով՝ նախագծին ԲՀԿ խմբակցության դեմ լինելու մասին հայտարարեց Նաիրա Զոհրաբյանը։ Կարանտին հայտարարելն ամենավատ ազդակն է՝ ընդդիմադիր գործընկերոջ հետ համերաշխություն հայտնեց նա.  

«Մեր նախկին գործընկերը շատ լավ մի նախադասություն ուներ՝ քաղաքացին տուգանվելու մատերիալ չէ, որի հետ մենք բոլորս, միանշանակ, համաձայն էին։ Այս փաթեթով 11 նոր տուգանքի ձև է ավելանում։ 10, 20 մինչև 500 հազար և դրա ամպլիտուդը հսկայական է, թողնված է սուբյեկտիվ որոշումներ կայացնելու տեղ։  Բնականաբար այս ձևով այս նախագիծը ԲՀԿ-ի համար միանշանակ անընդունելի է»,– ասաց Զոհրաբյանը։   

Ամբողջ աշխարհում համավարակը դարձել է քաղաքական պայքարի գործիք՝ նկատեց անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը՝ հորդորելով ավելի զգուշ մոտեցում օրինագծի հարցում։   

«Դրանով մենք քաղաքացուն դարձնում ենք ոչ թե համավարակի դեմ պայքարում պետության, մեր բոլորի դաշնակից, այլ նրան օտարում ենք պետությունից՝ ուղերձ հղելով առ այն, որ համավարակի դեմ պայքարի կանոններին պետք է հետևել միայն չտուգանվելու համար։ Արդյունքում՝ համավարակի սպառնալիքին դեմ հանդիման միայնակ են մնալու ինչպես քաղաքացիները, այնպես էլ պետությունը։ Սա, գուցե, օրինագծի ամենամեծ գաղափարաբանական թերությունն է»,– ասաց Բաբաջանյանը։    

Տուգանքների մասին ընդդիմադիր պատգամավորների դիտարկումներին հակադարձեցին իշխող մեծամասնությունից Տաթև Հայրապետյանն ու Բաբկեն Թունյանը. 

«Ըստ էութայն մենք այն իշխանությունն ենք, որի տրամաբանության հիմքում դրված է՝ նվազ տուգանքներ քաղաքացիների համար, բայց աշխարհում չկա որևէ իրավական պետություն, որտեղ կարգուկանոնը չսահմանվի տուգանքներով, նաև՝ բազմաթիվ եվրոպական երկրներում։ Դա անհրաժեշտ պայման է և դրանից որևէ իրավական պետություն չի կարող խուսափել, և պետք չէ դա ներկայացնել որպես հակառակ այն տրամաբանությանը, որը մենք որդեգրել ենք»,– ասաց Թունյանը։

«Խնդրում եմ, այնպիսի տպավորություն չստեղծեք, որ պետության նպատակը տուգանքներ հավաքելն է սեփական քաղաքացիներից։ Բոլորս էլ լավ գիտենք, անկախ նրանից անունը կդնենք «կարանտին», թե կդնենք «արտակարգ դրություն», բոլորս գիտենք  մենք ինչ խնդիր ունենք ու բոլորս էլ ցանկանում ենք էդ խնդիրը լուծել։ Հիմա, ոչ մի բան չանելով. ոչ մի սանկցիա չդնելով՝ այդ խնդիրը ո՞նց ենք լուծելու»։

«Իմ քայլը» խմբակցության անունից էլ Ռուբեն Ռուբինյանը հայտարարեց, թե ընդդիմադիր գործընկերները բերում են փաստարկներ, որոնք ոչ մի տրամաբանության մեջ չեն տեղավորվում. եթե «կարանտին» բառը «հրաշք» բառով էլ փոխենք՝ ոչինչ չի փոխվելու՝ շեշտեց նա Նաիրա Զոհրաբյանին և Էդմոն Մարուքյանին հակադարձելով.  

«Երբ որևէ մի երկրից մուտքը կամ ու ելքը արգելում են համաճարակի ժամանակ, դրա համար մեկ ցուցիչը հետևյալն է՝ ինչպիսի հակհամաճարակային վիճակ է իրականում այդ երկրում։ Այսինքն, օրինակ, օրական վարակումների որքան թիվ է գրանցվում։ Սա է գլխավորը։ Ու եթե դուք իրոք հետաքրքրված եք, որ հնարավորինս շուտ, հնարավորինս արագ բացվեն սահմաները, դուք պետք է հետաքրքրված լինեք, որպեսզի հնարավորինս արագ թվերը շարունակեն իջնել»։  

Որպեսզի թվերը հնարավորինս արագ շարունակեն իջնել՝ անհրաժեշտ են այն միջոցառումները, որոնք իրականացվում են՝ եզրափակեց իշխող մեծամասնության ներկայացուցիչը։  

Back to top button