Անկախության պատմություն

1993-ի հաղթանակներն ու հայ-ադրբեջանական բանակցությունները

1993-ի օգոստոսն ավարտվում է ոչ միայն Արցախի ուժերի փայլուն հաղթանակներով, այլև տարածաշրջանային բարդ զարգացումներով, որոնք Լեռնային Ղարաբաղի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները դուրս են բերում միջազգային հարթություն։ Հուլիսի վերջին և օգոստոսին Ադրբեջանի և Արցախի ղեկավարների հանդիպումներն ու կնքված զինադադարները կարճատև կյանք են ունենում, և մարտերը շարունակվում էին հիմնականում Արցախի արևելյան և հարավ-արևելյան ուղղություններում։ Ադրբեջանի նախահարձակ գործողություններին և խաղաղ բնակավայրերի ռմբակոծությանն ի պատասխան՝ օգոստոսի 22-ին ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերն անցնում են ուժգին հակագրոհի և հաջորդ օրը մտնում են Ֆիզուլի։ Ռազմական գործողությունն իրականացնում էին Մարտունու և Հադրութի պաշտպանական շրջաններն ու 5-րդ կամավորական բրիգադը։ Նույն օրը ադրբեջանական զորքերը թողնում են Ջեբրայիլը, որը ևս անցնում է հայկական ուժերի հսկողության տակ։

Արցախի հարավ-արևելքում տեղի ունեցող գործողություններին զուգահեռ՝ Ադրբեջանում հռչակվել էր Թալիշ-Մուղանի ինքնավար հանրապետությունը, և Ալիևը լծվել էր այդ շարժումը ճնշելու գործին։ 1993թ. օգոստոսի 23-ի նրա ելույթը վերաբերում էր ինչպես Ֆիզուլու դեպքերին, այնպես էլ Թալիշ-Մուղանի ինքնավար հանրապետությանը։ Ըստ հայկական մամուլի հրապարակումների՝ Ալիևն իր ելույթում ասել էր, որ հայերը ոչ թե վերցրել են Ֆիզուլին, այլ ադրբեջանական զորամասերն են թողել քաղաքը։ Որոշ ուղղություններում նահանջելու համար նա մեղադրում էր Թալիշական շարժման առաջնորդ Ալիքրամ Հումմաթովին, որի վերահսկողության տակ էր 704-րդ բրիգադը։ Ավելին՝ Ալիևի ելույթից ստացվում էր, որ Հումմաթովի ենթակայության գումարտակներից մեկը սադրիչ, հարձակողական գործողություններ է իրականացրել Աղջաբեդիի շրջանում, ինչին էլ հաջորդել էր հայկական հարձակումը։

Ֆիզուլիի և Ջեբրայիլի անկումից հետո Ադրբեջանը մեծ աղմուկ է բարձրացնում, որին միանում է անգամ արտաքսված նախագահ Էլչիբեյը։ Նախիջևանի Քելեկի գյուղից նա նամակներ էր հղում Միացյալ Նահանգների, Թուրքիայի, Ռուսաստանի նախագահներին, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին և այլոց։ Էլչիբեյն ասում էր, որ հայկական զինուժի գործողությունները սպառնալիք են ստեղծել շուրջ 200 հազար ադրբեջանցիների համար։ Այս թեզը, ինչպես կտեսնենք, Ադրբեջանը լայնորեն օգտագործում է հարավային ուղղությամբ կրած պարտություններին հումանիտար աղետի տպավորություն հաղորդելու համար։

* * *

Ֆիզուլու և Ջեբրայիլի ռազմական գործողությունների օրերին Բաքվում էր Ռուսաստանի նախագահի անձնական ներկայացուցիչ Վլադիմիր Կազիմիրովը։ Հանդիպելով նրա հետ՝ Ալիևն ասել էր, որ Ղարաբաղի հակամարտությունը մեծ վնաս է պատճառում Ադրբեջանին և շատ ողջունելի կլինի, եթե Ռուսաստանը ավելի ակտիվորեն մասնակցի հակամարտության կարգավորմանը։ Մի քանի օր անց Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հանդես է գալիս հատուկ հայտարարությամբ, որտեղ իր մտահոգությունն էր հայտնում, որ ռազմական գործողությունները դուրս են եկել Լեռնային Ղարաբաղի սահմաններից։

Լուսանկարը՝ Մեդիամաքսի

Վերջին օրերին ուշադրություն են գրավում Ղարաբաղի հայերի ակտիվ ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղի սահմաններից դուրս՝ Ֆիզուլի-Ջեբրայիլ վտանգավոր գոտում։ Մարտական խմբերի առաջացումը դեպի Իրանի սահմանը սպառնում է մեկուսացնել Ադրբեջանի խիտ բնակեցված մի շարք շրջաններ եւ տասնյակ հազարավոր խաղաղ բնակիչների փախստական դարձնել։ Նկատելիորեն աճում է հակամարտության միջազգայնացման վտանգը։ Ռուսաստանը չի կարող անտարբեր մնալ հարյուր հազարավոր մարդկանց ճակատագրի հանդեպ, որ ազգության էլ նրանք պատկանեն, եւ պահանջում է դադարեցնել ռազմական գործողություններն ու հետ քաշել հարձակվող ուժերը։ Հակամարտող կողմերի ներկայացուցիչների անհապաղ հանդիպման կազմակերպմանը նպաստելու համար տարածաշրջան է ուղարկվել ՌԴ նախագահի ներկայացուցիչը» Երկիր, 25-ը օգոստոսի, 1993թ.։

Ինչպես արդեն նշեցինք՝ Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանական ուժերի առաջխաղացումը դեպի հարավ Ադրբեջանը փորձում էր ներկայացնել որպես խաղաղ բնակչության անվտանգության սպառնալիք։ Խնդիրն այն էր, որ եթե հայկական ուժերը կարճ ժամանակում մոտենային Արաքս գետին, ապա Կուբաթլուի և Զանգելանի շրջանների ադրբեջանական բնակչությունը չէր կարողանա հեռանալ և ստիպված պետք է շարժվեր դեպի Իրան։ Ուշագրավ է, որ դեռևս օգոստոսի 24-ին Վաշինգտոն Պոստ թերթը գրում է, որ Ղարաբաղի հարավում տեղի ունեցած գործողությունները կարող են ներքաշել Իրանին։ Մեկ օր անց արդեն Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտնում էր, որ Միացյալ Նահանգների պետդեպարտամենտը փախստականների կարիքները հոգալու համար 2 մլն դոլար է հատկացրել Ադրբեջանին։ Փողից բացի՝ կարճ ժամանակում Բաքու էին ուղարկելու վրաններ, վերմակներ և այլ անհրաժեշտ իրեր։

Լուսանկարը՝ Անի հայկական ուսումնասիրությունների կենտրոնի

Որքան թեժանում էին ռազմական գործողություններն ու շատանում Ադրբեջանի կորուստները, այնքան ավելի էր ակտիվանում ռուսական դիվանագիտությունը։ Օգոստոսի 27-ին արտգործնախարարությունը ևս մեկ հայտարարություն է տարածում, որով մտահոգվում էր «Ղարաբաղի հայերի առաջխաղացմամբ»։ Հայտարարությունից երկու օր առաջ հակամարտության գոտի էր այցելել Վլադիմիր Կազիմիրովը, որը եղել էր Երևանում, Բաքվում և Ստեփանակերտում։ Հենց այդ օրերին տեղեկություններ են տարածվում, որ Մինսկի խմբի հաջորդ հանդիպումը լինելու է Մոսկվայում։

Հայաստանում Ռուսաստանի Դաշնության առաջին դեսպան Վլադիմիր Ստուպիշինը գրում է, որ օգոստոսյան կռիվների ժամանակ Ադրբեջանը հաճախ էր կապվում պաշտոնական Ստեփանակերտի հետ։ «Հերիք էր, որ ղարաբաղցիները հուպ տային, Ստեփանակերտում հեռախոսային ծլվլոցներ էին լսվում։ Մարտերը լռում էին, դրանից հետո անմիջապես լռում էր ուղիղ կապը»,— գրում է նա՝ ավելացնելով, որ Մոսկվան հոգատարություն էր հանդես բերում Ադրբեջանի նկատմամբ։

Կազիմիրովից բացի՝ Բաքու էր այցելել նաև Ռուսաստանի արտգործնախարարության պատվիրակությունը, որը քննարկել էր ռուս-ադրբեջանական հարաբերությունների մի շարք մանրամասներ։ Ժամանակային առումով այս բոլոր համընկնումները խոսակցությունների պատճառ էին դարձել, թե Ադրբեջանը շուտով անդամակցելու է Անկախ Պետությունների համագործակցությանը։ Թեև Ադրբեջանի նախագահի խորհրդական Վաֆա Գուլուզադեն պաշտոնապես հերքել էր այս տեղեկությունները, սակայն մի քանի օր անց՝ սեպտեմբերի 3-ին Հեյդար Ալիևը Մեջլիսում խնդրում էր պատգամավորներին իրեն թույլատրել մասնակցելու ԱՊՀ ղեկավարների Մոսկվայում կայանալիք հանդիպմանը, որտեղ կարող էր քննարկվել այդ կառույցին անդամակցելու հարցը:

* * *

Ադրբեջանական փախստականների հարցին օգոստոսի 31-ին անդրադառնում է նաև ԼՂՀ պաշտպանության պետական կոմիտեն՝ նշելով, որ իրենք որևէ գործողություն չեն նախատեսել հարավում և հրադադարը խախտել են ադրբեջանցիները։ Արցախի իշխանությունները, սակայն, իրենց պատրաստակամությունն էին հայտնում վերսկսել ուղիղ բանակցությունները Ադրբեջանի հետ։

1993թ. օգոստոսի 29-ին Արցախի ինքնապաշտպանական ուժերը սկսում են Կուբաթլուի ազատագրման ռազմական գործողությունը։ Այս ուղղությամբ առաջին մարտերը տեղի էին ունեցել դեռևս ամսի 26-ին, և Բաշարաթ գյուղի մի քանի հենակետ անցել էր հայերի վերահսկողության տակ։ Շարունակելով առաջխաղացումը՝ օգոստոսի 31-ին Արցախի բանակի ստորաբաժանումները մտնում են Կուբաթլու։

Կազիմիրովի այցելությունը, թեև դժվարությամբ, սակայն դրական արդյունք էր արձանագրում։ Արդեն օգոստոսի 30-ին հայտնի է դառնում, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունները իրենց համաձայնությունն են տվել Ադրբեջանի հետ բանակցությունները վերսկսելու համար։ Շատ ավելի դրական էր արձագանքել Հեյդար Ալիևը։ Բաքվում Կազիմիրովի հետ հանդիպման ժամանակ նա ասել էր, որ ԵԱՀԽ-ի որոշումները մնում են թղթի վրա։ Հետևաբար՝ հակամարտության կարգավորման հիմնական դերը պետք է ստանձնի Ռուսաստանը։ Ալիևը նաև պատրաստակամություն էր հայտնել բանակցելու Արցախի հետ։ Վերադարձի ճանապարհին՝ Երևանում Կազիմիրովը հանդիպել էր Հայաստանի Հանրապետության նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ և քննարկել իր տարածաշրջանային այցելությունների մանրամասները։

1993թ. օգոստոսի 31-ին Ադրբեջանն ու Լեռնային Ղարաբաղը 10-օրյա հրադադար հաստատելու համաձայնագիր են ստորագրում: Հայկական կողմից փաստաթուղթը վավերացրել էին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտգործնախարար Արկադի Ղուկասյանը, ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերի հրամանատար Սամվել Բաբայանը, ադրբեջանական կողմից՝ Ադրբեջանի Գերագույն խորհրդի նախագահ Ջալիլովը և պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սաֆար Աբիևը:

Սեպտեմբերի 1-ին հրապարակվում է նաև Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության հատուկ հայտարարությունը, որն ուրվագծում էր տարածաշրջանային այն հիմնական մտահոգությունները, որոնք ուներ Ռուսաստանը։ Հայտարարության մեջ ամփոփելով Կազիմիրովի այցելության մանրամասները, ռուսական կողմը նշում էր, որ Ղարաբաղի հայերի առաջանալը դեպի Իրան պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծել։ «Ադրբեջանի, Հայաստանի, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի ղեկավարության հետ անցկացված բանակցությունների արդյունքում ադրբեջանական ու ղարաբաղյան կողմերի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն հրադադարը տասն օրով վերականգնելու մասին, պայմանով, որ այն կարելի է հետագայում երկարաձգել։ Մենք անհրաժեշտ ենք համարում, որ կողմերը խստորեն պահպանեն այն համաձայնությունը, որ ձևակերպվել է Ռուսաստանի ԱԳՆ-ի միջնորդությամբ, ինչը թույլ կտա առաջ տանել ռազմական գործողությունների դադարեցմանն ուղղված բանակցությունները, հետ քաշվել հարձակվող ուժերն ու վերադարձնել գաղթականներին։ Կողմերն այժմ պետք է հատուկ աչալրջություն ցուցաբերեն, ամբողջովին մեկուսացնեն չվերահսկվող զինված խմբերը, բացառեն ռազմական գործողությունների վերսկսումը, առավել ևս հակամարտության միջազգայնացումը»,— ասված էր Ռուսաստանի արտգործնախարարության հայտարարության մեջ։

Չնայած զինադադարին՝ իրադրությունը տարածաշրջանում իսկապես ծայրահեղ լարված էր։ Իրանում հայտնված փախստականները, թուրքական բանակի ստորաբաժանումների մոտեցումը հայկական սահմանին, բազմակողմանի կոշտ հայտարարությունները վտանգավոր իրադրություն էին ստեղծել։ Այդ պատճառով էլ Հայաստանի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը սեպտեմբերի մեկին հատուկ հայտարարությամբ կոչ է անում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանություններին դուրս բերել զորքերը Կուբաթլուի շրջանից։ Շուտով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության պետական կոմիտեի նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարում է, որ «ընդառաջ գնալով Հայաստանի Հանրապետության նախագահի դիմումին՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ինքնապաշտպանության ուժերը հետ են քաշվելու զբաղեցրած դիրքերից»: Այս ուշագրավ դրվագին իր հուշերում անդրադարձել է նաև Վլադիմիր Ստուպիշինը, գրելով, թե «ԼՂՀ զորքերին, որոնք մինչ այդ հասցրել էին գրավել Լաչինից հարավ գտնվող Կուբաթլու շրջկենտրոնն ու շրջանի ևս երեք տասնյակ գյուղեր, ետ քաշվելու հրաման տրվեց՝ բարի կամքի դրսևորման նկատառումով։ Կազիմիրովը հայտարարեց, որ Ռուսաստանի ԱԳՆ-ն նախազգուշացրել է Թեհրանին ու Անկարային՝ նրանց առաջարկելով ձեռնպահ մնալ հակամարտությանը միջամտելուց, ընդգծելով, որ ղարաբաղյան հակամարտության ցանկացած միջազգայնացում բացարձակապես անթույլատրելի է»։

Այստեղ թերևս արժե նշել, որ սեպտեմբերի սկզբին Թուրքիայի վարչապետ Թանսու Չիլլերը հայտարարել էր, որ եթե հայկական զորքերը հարձակվեն Նախիջևանի վրա, իրենք պատերազմ կհայտարարեն Հայաստանին։ Միաժամանակ՝ թուրքական զրահատեխնիկան մոտեցվել էր սահմանին։ Դեսպան Ստուպիշինը պատմում է, որ ի պատասխան Թուրքիայի այս քայլերին՝ «Հայաստան» սահմանապահ զորքերի ստորաբաժանումները վճռական բողոք ներկայացրին, և Գյումրիի սահմանին առաջ տարան ծանր զրահատեխնիկան։ «Ռուսական զինվորականների գործողությունները սառեցրին Թանսու Չիլլերի և նրա նախարարների ռազմատենչությունը»,— գրում է Ստուպիշինը։

Տարածաշրջանային խիստ լարված իրադրությունը և Հայաստանի հետագա քայլերը քննարկելու նպատակով 93թ. սեպտեմբերի 6-ին տեղի է ունենում Անվտանգության խորհրդի նիստ՝ ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ: Նիստի ընթացքում նշվում է, որ անհրաժեշտ է տարածաշրջանում ստեղծված իրավիճակը լիցքաթափելուն միտված քաղաքական քայլեր կատարել և հանձնարարականներ են տրվում նախարարություններին ու գերատեսչություններին: Անվտանգության խորհրդի նիստում նշվում է, իրադրության կայունացումը զգալիորեն պայմանավորված է շահագրգիռ երկրների կողմից զսպվածություն ու շրջահայեցություն դրսևորելուց, և Հայաստանի Հանրապետությունը խորապես մտահոգված է տարածաշրջանում ռազմաքաղաքական իրադրության սրմամբ և հանդես է գալիս խաղաղարար գործընթացին աջակցելու և կայունություն հաստատելու ջանքերի օգտին:

Անվտանգության խորհրդի նիստից հետո Հայաստանի Հանրապետության նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը Թուրքիայի նախագահ Սուլեյման Դեմիրելի հետ քննարկում է հայ-թուրքական սահմաններում նկատվող թուրքական բանակի կուտակումների խնդիրը: Նախագահը նշել էր, որ դա կարող է բարդացնել իրավիճակը և խանգարել բանակցությունների գործընթացին, քանզի սեպտեմբերի 8-ին սպասվում է Ադրբեջանի և ԼՂՀ իշխանությունների ներկայացուցիչների հանդիպումը Մոսկվայում, իսկ սեպտեմբերի 9-ին սկսվելու են Մինսկի խմբի ոչ պաշտոնական խորհրդակցությունները, որոնք կարող են նպաստել հակամարտության խաղաղ կարգավորմանը: Երկու երկրների ղեկավարները համաձայնում են ամեն կերպ աջակցել ռազմական գործողությունների դադարեցմանը և խաղաղություն հաստատելու գործընթացին:

Սեպտեմբերի 6-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Վահան Փափազյանն իր հերթին հեռախոսային զրույց է ունենում Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Ալի Աքբար Վելայեթիի հետ, որը տևում է շուրջ կես ժամ, և քննարկվում է ստեղծված իրադրությունը: Երկու երկրների արտաքին գործերի նախարարներն իրենց մտահոգությունն են հայտնում տարածաշրջանում ռազմական և քաղաքական իրադրության կտրուկ սրման կապակցությամբ: Իրանի արտգործնախարարը հայտնել էր, որ իր երկիրը չի կարող անտարբեր մնալ տասնյակ հազարավոր ադրբեջանցի փախստականների ճակատագրի նկատմամբ և անհրաժեշտ միջոցներ կձեռնարկի իրավիճակը շտկելու համար:

Վահան Փափազյանը հավաստել էր, որ Հայաստանի իշխանությունները անում են հնարավորը ղարաբաղյան հակասությունը խաղաղ, քաղաքական ճանապարհով կարգավորելու համար: Արդյունքում պայմանավորվածություն ձեռք բերվում, որ սեպտեմբերի 7-ին Երևան պետք է ժամանի Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարարի անձնական ներկայացուցիչը՝ տեղում առավել մանրամասնորեն քննարկելու տարածաշրջանում ստեղծված իրավիճակը, նաև պայմանավորվածություն ձեռք բերելու Հայաստան-Իրան երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման շուրջ:

1993թ. սեպտեմբերի 6-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հանդես է գալիս հայտարարությամբ, որտեղ իր խորը մտահոգությունն էր հայտնում հարևան երկրների սպառնալի հայտարարությունների և տարածաշրջանում զինվորական տեղաշարժերի մասին հաղորդվող լուրերի կապակցությամբ, որոնք անվստահության և տագնապի մթնոլորտ էին ստեղծում: «Ստեղծված իրադրությանը կամ ներքին հանրային կարծիքին հակազդելու պատրվակով կատարվող այս գործողություններն իրականացվում են այն պահին, երբ նշանակալի առաջխաղացում է նկատվում ինչպես ռազմական գործողությունների մեղմացման իմաստով, այնպես էլ դիվանագիտական ասպարեզում»,— ասված էր արտգործնախարարության հայտարարության մեջ:

Միաժամանակ, Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը ակնկալում էր, որ ստեղծված բարդ իրավիճակում բոլոր երկրներն ու կազմակերպությունները զսպվածություն և աչալրջություն ցուցաբերեին և ձեռնպահ մնային Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն առավել լայն նպատակների համար օգտագործելու գայթակղությունից՝ չվատթարացնելով իրադրությունը և հակամարտության լուծումն ավելի չբարդացնելով:

Այսպես է ավարտվում 1993-ի բեկումնային ամառը։ Արցախի ինքնապաշտպանական ուժերը կարողանում են ազատագրել մի շարք հույժ կարևոր ռազմավարական նշանակություն ունեցող տարածքներ։

Ցուցադրել ավելի
Back to top button