ԿարևորՀասարակություն

Արտակարգ դրությունը կվերանա, սահմանափակումները կշարունակվեն

Արտակարգ դրությունն էլ չի երկարացվի։ Սեպտեմբերի 11-ին ժամը 18։00-ից մեր երկրում կվերանա արտակարգ դրության ռեժիմը։ Համաճարակի դեմ պայքարը, սակայն, չի դադարեցվելու։ Համաճարակով պայմանավորված արտակարգ դրության ռեժիմին այնուամենայնիվ փոխարինելու են գալու նոր կարգավորումներ։ Պայմանական ասենք՝ կարանտինային ռեժիմի նոր կարգավորումների օրենսդրական փաթեթը վաղը կքննարկվի խորհրդարանի արտահերթ նստաշրջանում։

Ազգային ժողովում այս օրենսդրական փաթեթի հիմնական զեկուցող է նշանակվել Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանը: Մենք այսօր փորձեցին որոշակի մեկնաբանություններ ստանալ օրինագծի մասին, բայց ապարդյուն։ ԱՆ-ից ասացին, որ օրինագիծն ամենայն մանրամասնություններով կներկայացվի և բոլոր հարցերին պարզաբանումներ կտրվեն խորհրդարանի վաղվա արտահերթ նստաշրջանում։ Մինչ այդ, օրենսդրական փաթեթից որոշ ուշագրավ կետեր առանձնացնենք։

«ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթով՝  համավարակով պայմանավորված արտակարգ իրավիճակ առաջանալու դեպքում կարող է սահմանվել կարանտին։ Լիազոր մարմնի առաջարկությամբ կարանտին կարող է սահմանել՝ Կառավարությունը, մարզպետը, Երևանի քաղաքապետը»։ 

Նախագծով նաև հստակեցվում է, թե կարանտին սահմանվելու դեպքում ինչ սահմանափակող միջոցառումներ են կիրառվելու։ Այն 6 կետ է պարունակում՝ սկսած  համաճարակի (կարանտինային) գոտում մուտքի և ելքի հատուկ ռեժիմի սահմանումից, մինչև պետական սահմանով հաղորդակցության ժամանակավոր դադարեցում կամ սահմանափակում ու ինքնամեկուսացում, մեկուսացում:

Նշենք նաև, որ կարանտին սահմանելու մասին որոշմամբ կարող են կիրառվել անձանց ազատ տեղաշարժվելու իրավունքի և տրանսպորտային միջոցների տեղաշարժման  սահմանափակումներ։ Այս դեպքում նախատեսված է սահմանափակող 4 տեսակի միջոցառում։

«Նախատեսված միջոցառումների կիրառման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում և սահմանափակումների խախտման համար պատասխանատվության միջոցները կիրառում է Ոստիկանությունը:   Սահմանափակող միջոցառումների կիրառման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու նպատակով սահմանափակման ենթակա անձանց վերաբերյալ տվյալները էլեկտրոնային առողջպահության համակարգի միասնական օպերատորի կողմից փոխանցվում են Տեսչական մարմնին և Ոստիկանությանը»,- ասված է օրինագծի փաթեթում:

Առաջարկվում է, որ կարանտին կարող է սահմանվել մինչև վեց ամիս ժամկետով: Կարանտին սահմանելու հիմքերը չվերանալու դեպքում այն կարող է երկարաձգվել մինչև 6 ամիս ժամկետով։ Կարանտինը դադարում է ժամկետը լրանալով կամ մինչև ժամկետի լրանալը կարանտին սահմանելու մասին որոշումը   ուժը կորցրած ճանաչելու միջոցով: Փաթեթով հստակեցվում են նաև արտակարգ իրավիճակի հիմք հանդիսացող համաճարակով պայմանավորված կարանտին սահմանելու դեպքում կիրառվելիք միջոցառումները, նաև՝ հստակեցվում են հանրային համարվող միջոցառումները և դրանց խախտման համար նախատեսվելիք պատիժներն ու տուգանքների չափը։

Ուշագրավ է, որ կարանտին սահմանվելու պարագայում կիրառվելու են սահմանափակող այնպիսի  միջոցառումներ, որոնք, օրինակ՝ արտակարգ դրության ժամանակ էլ էին կիրառվում։ Այս մասին արդեն նկատելի են սոցցանցային անհանգստություններ։ Մի մեջբերում դրանցից.

«Հույս ունենալ, որ արտակարգ դրության ռեժիմի վերացումից հետո սահմանափակումները կթուլանան կամ ընդհանրապես դրանք կհանվեն, մեղմ ասած՝ իրականությանը չեն համապատասխանում»։  

Մի բան, ինչի վերաբերյալ քննարկումների պակաս անցած ընթացքում էլ չի եղել, հետևաբար՝ ենթադրելի է, որ հենց այդ կետերի շուրջ էլ խորհրդարանի վաղվա նստաշրջանում բավականին սուր քննարկումներ կծավալվեն։

Back to top button