ԿարևորՀասարակություն

Սերժ Սարգսյանն առողջական խնդիրներ ունի

Այսօր պարզ է դարձել, որ Սերժ Սարգսյանի առողջական վիճակը վատացել է, նա հանձնել է COVID-19-ի թեստ։ Արդեն երկրորդ անգամ է նա չի ներկայանում դատարան՝ իրեն առնչվող քրեական գործով։ Մեղադրող դատախազ Արսեն Մարտիրոսյանն այսօր դատարանում խոսել է խափանման միջոցի փոփոխության մասին։  

Ընդամենը 17 օր առաջ աննախադեպ մեծ ասուլիս տված և լրագրողների հարցերին 3 ժամ պատասխանած պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանն այսօր առողջական խնդիրներ ունի։ Ամբաստանյալի դատավարական կարգավիճակով նա արդեն երկրորդ անգամ չներկայացավ իրեն և մի շարք այլ նախկին պաշտոնյաներին առնչվող դատական նիստին։ Նրա պաշտպան Ամրամ Մակինյանը երեկվա օրով թվագրված բժիշկի տեղեկանք ներկայացրեց դատարանին․

«Ամբուլատոր դեղորայքային բուժում է անցնում 5–7 օր ժամկետում։ Արձանագրված է բարձր ջերմություն, հանձնվել է ՊՇՌ COVID-19-ի թեստ»։

Ներկայացված փաստերը բավարար չեն մեղադրող դատախազ Արսեն Մարտիրոսյանի համար։ Նա արդեն խոսում է խափանման միջոցի փոփոխության մասին։

«Փաստաթղթի բովանդակությունից որևէ բան պարզ չի։ Հիմա այսօր ջերմաստիճանը իջե՞լ է, թե նորից բարձր է եղել և օբյեկտիվորեն ամբաստանյալը հնարավորություն ունեցե՞լ է նիստին մասնակելու, թե՞ չի ունեցել։ Սա շատ էական նշանակություն ունի՝ ամբաստանյալի վարքագիծը քննարկելու և ամբաստանյալի խափանման միջոցի հարցը փոխելու հանգամանքին անդրադառնալու համար։ Եթե այս պայմաններում ամեն նիստից առաջ մի բժշկական փաստաթուղթ բերեն ներկայացնեն դատարանին՝ մենք անվերջ նիստերը կձգձգենք»։

Դատական նիստին մեղադրյալ Սարգսյանի պաշտպան Մակինյանը մեղադրող դատախազ Մարտիրոսյանի խոսքում էթիկայի կանոնների խախտում է գտել և դատավոր Վահե Միսակյանից պահանջում է կանխել դա։ Նա հիշեցնում է, որ իր պաշտպանյալը ՀՀ նախկին նախագահն է, պատշաճ հարգանք է պահանջում և տեղին չի համարում նրա հասցեին «ամբաստանյալ» ձևակերպումը։

— Էթիկայի ի՞նչ կանոնների խախտման մասին է խոսքը դատախազի կողմից։ Եթե ես նման բան նկատեի, ես հաստատ կարձագանքեի։ Միգուցե, իմ աչքից վրիպե՞լ է։

-Արժանի հարգանք եմ պահանջում Հանրապետության նախագահի հասցեին խոսելուց, շեշտադրումներ ընտրելու հարցում։ Այն, որ հարգելի դատախազը դեռ ուսումնառություն էր ստանում դատական դպրոցում Հանրապետության երրորդ նախագահը ղեկավարում էր մի պատերազմ։

-Այդ բանավեճի մեջ պետք չէ մտնել։

-Ես հարգանք ունեմ բոլոր ինստիտուտների նկատմամբ։ Ներկա դատավարական փուլում Սերժ Սարգսյանի դատավարական կարգավիճակը ամբաստանյալի դատավարական կարգավիճակ է։ Դատավարական կարգավիճակը սահմանվում է Քրեական դատավարական օրենքով։  

Պաշտոնաթող նախագահի առնչվող քրեական գործն առնչվում է պետական բյուջեից մոտ կես միլիարդ դրամի հափշտակությունը կազմակերպելուն։ Բացի Սերժ Սարգսյանից քրեական գործով մեղադրյալներ են նաև նախկին գյուղնախարար Սերգո Կարապետյանն ու Սերժ Սարգսյանի մտերիմ գործարարներից համարվող «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը, գյուղնախարարության նախկին պաշտոնյա Գևորգ Հարությունյանը։

Ըստ Հատուկ քննչական ծառայության` քննված քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների համակցության հիման վրա պարզվել է, Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ և «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ՝ գյուղատնտեսության նախարարի նախկին տեղակալ Սամվել Գալստյանի ու նույն նախարարության բուսաբուծության վարչության պետ Գևորգ Հարությունյանի օժանդակությամբ, գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանի կողմից 2013 թվականի հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերից առանձնապես խոշոր չափերով գումար։

Այս քրեական գործով առաջին դատական նիստը փետրվարի 25–ին էր։ Մինչ այսօր դատարանը չի անցել բուն դատաքննությանը։ Սերժ Սարգսյանի այսօրվա բացակայությունը՝ ի տարբերություն նախորդի, դատարանը հարգելի համարեց։ Հաջորդ նիստը հոկտեմբերի 22–ին է։

Back to top button