ԿարևորՀասարակություն

Ամենակարևորն անվտանգությունն է և այն քննարկման թեմա չէ․ Արայիկ Հարությունյանն ամփոփել է պաշտոնավարման 100 օրը

Պետք է անենք առավելագույնը՝ իրականացնելու մեր առջև դրված հավակնոտ ծրագրերը, որ նախագծել ենք, լուծելու հաճախ նաև անլուծելի թվացող հարցերը, այս մասին պաշտոնավարման 100 օրվա առիթով հրավիրած այսօրվա մամուլի ասուլիսում հայտարարել է ԼՂՀ նախագահ Արայիկ Հարությունյանը։ Նա վստահեցրել է, որ դրա համար իր ղեկավարած իշխանությունն ունի անհրաժեշտ ներուժն ու կամքը։

Ի՞նչ է արվել անցած 100 օրվա ընթացքում։ Արայիկ Հարությունյանը նախ հակիրճ ներկայացրեց տարբեր ոլորտներում արածը, ապա նաև պտասխանեց լրագրողներին հետաքրքրող ավելի քան տասնյակ հարցերի։

Պաշտպանունակության ամրապնդման, բանակի մարտունակության մակարդակի հետևողական բարձրացման ուղղությամբ լուրջ աշխատանքներ են տարվում, ներառյալ զինծառայողների ծառայողական և սոցիալական՝ հատկապես բնակարանային պայմանների շարունակական բարելավումը՝ վստահեցրեց Արայիկ Հարությունյանը։

Բանակը գլխավոր նպատակն է ու գլխավոր խնդիրը և այստեղ միջոցներ չեն խնայվելու՝ հավաստիացրեց Արցախի նախագահը։ Փոխարենը, արձագանքելով Արցախի պետական ապարատի ուռճացման մասին հարցին, Արայիկ Հարությունյանն ասաց, թե օրենսդրական փոփոխություններ են նախաձեռնել և ուռճացում չի լինելու։ Հակառակը՝ հունվարից կկրճատվեն մեքենաների քանակը, անիմաստ ծախսերը ու նաև կլինի օպտիմալացում։

Արցախում երկիշխանության վտանգի հնարավորության մասին հարց նույնպես տրվեց Արցախի ղեկավարին։ Ի պատասխան՝ Արայիկ Հարությունյանը շեշտեց, որ բացառվում է նման բան։ Ինչ վերաբերում է Անվտանգության խորհրդի մեծացմանը. հրամանը ինքն է տվել՝ ելնելով առկա գործերի ծավալից և արդյունավետության գործոնից։    

Պաշտպանության ոլորտին ու բանակին Արայիկ Հարությունյանն անդրադարձավ ասուլիսի տարբեր հատվածներում՝ արձագանքելով նաև լրագրողների հարցադրումներին՝ սկսած հայկական ռազմաարդյունաբերության ոլորտի արգասիքների կիրառումից, մինչև սննդի ապահովման ասպարեզում փոփոխություններն ու այլ բարեփոխումները։

Ամենակարևորն անվտանգությունն է և այն քննարկման թեմա չէ։ ԼՂՀ նախագահին հարցեր ուղղվեցին նաև բանակցային գործընթացներում Մադրիդյան սկզբունքների մասին։ Այդ պարագայում անվտանգությունն ավելի խոցելի է դառնում՝ ասաց։ Փառք աստծու, որևէ փաստաթուղթ չի ստորագրվել և դա էլ պետք է ֆիքսել՝ ասաց։ Շեշտեց, որ այդ առումով այսօր իրենք չեն քննարկում որևէ տարբերակ, որը կարող է թուլացնել Արցախի անվտանգության աստիճանը։  

Արտաքին քաղաքականությանն անդրադառնալով՝ Արայիկ Հարությունյանն ասաց, որ շարունակելու են հնարավոր բոլոր պետությունների հետ փոխադարձ հարգանքի հիման վրա բարեկամական, փոխշահավետ, իրավահավասար քաղաքական ու տնտեսական հարաբերություններ հաստատելու և ամրապնդելու ուղեգիծը։ Միասնական քաղաքականություն են վարելու այս ուղղությամբ։ Անցկացվում են կանոնավոր խորհրդակցություններ երկու հայկական պետությունների միջև՝ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերաբերյալ։

Սփյուռքի հետ համագործակցության մասին Արայիկ Հարությունյանն ասաց, որ պետք է խորացվի։ Խոսեց Արցախից լիբանանահայությանը ուղարկված օգնության մասին։ Նշեց, որ մի քանի լիբանանահայ ընտանիք այս ընթացքում արդեն ցանկություն են հայտնել գալ Արցախում ապրելու և իրենք աջակցել ու ուժերի ներածին չափով աջակցելու են բոլոր նման ցանկություն հայտնած մեր հայրենակիցներին։

Արայիկ Հարությունյանը նաև վստահեցրեց, որ առաջիկայում Արցախում ունենալու ենք Հայաստանի որակի և Հայաստանի գնի բջջային կապ։   

Back to top button