ԿարևորՀասարակություն

Շվեդիան ճիշտ էր, ԱՀԿ-ն՝ սխալ․ հեղափոխական մոտեցում COVID-19–ի հարցում

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին COVID-19 նոր վիրուսային վարակի բռնկումը հայտարարել էր համավարակ: ԱՀԿ-ի վերջին տվյալների համաձայն, աշխարհում հայտնաբերվել է վարակման արդեն ավելի քան 24,5 միլիոն դեպք, ավելի քան 833 հազար մարդ մահացել է։  

COVID–19–ի հետ բախված աշխարհի 213 երկրից յուրաքանչյուրն ինքն է որոշել, թե անցած 8 ամիսների ընթացքում ինչ ռազմավարություն ընտրի համավարակի դեմ պայքարում։ Անծանոթ վիրուսին նոր ծանոթացող աշխարհը, իհարկե, փորձում էր հետևել նաև Առողջապահության համաշխարհային կազմակերպության հորդորներին և ուղեցույցներին։ Բայց եղել են երկրներ, որոնք ընտրել են պայքարի իրենց սեփական ճանապարհը՝ չփակվելով համավարակից և չպայքարելով դրա դեմ։ Ամիսներ հետո ԱՀԿ–ն արդեն գնահատում է, թե ո՞վ էր իրավացի։    

Ընդամենը մի քանի ամիս առաջ աշխարհը զարմացավ Շվեդիայի վրա, որը որոշեց COVID–19–ին «պատերազմ» հայտարարելու փոխարեն հարմարվել վիրուսին։ Ամիսներ անց արդեն Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը վերանայեց իր մոտեցումները։ Այսօր կառույցն ընդունում է․ կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարելու համար մեղմ սահմանափակումներ մտցնելու Շվեդիայի ռազմավարությունը երկարաժամկետ հեռանկարում պետք է օրինակ դառնա մյուս պետությունների համար: Կարծիքը հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության հատուկ պատվիրակ դոկտոր Դեւիդ Նաբարոն Magic ռադիոկայանին տված հարցազրույցում։

Համավարակի համաշխարհային քարտեզի ամեն օր թարմացվող տվյալներից պարզ է դառնում, որ «խիստ» սահմանափակումները այսպես ասենք պարտվեցին «մեղմ» մոտեցումներին։ Ամիսների խիստ կարանտին անցած եվրոպական այնպիսի երկրներում, ինչպիսիք են Իտալիան, Ֆրանսիան, Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Իսպանիան ընդհանուր հիվանդացածների թիվը 200 հազարից ավելի է և որոշ պետություններում արդեն հասնում է կես միլիոնի։ Մահացության ցուցանիշը նույնպես շատ բարձր է։ Նշածս պետություններից ամենաանմխիթար վիճակը Մեծ Բրիտանիայում է։ Համավարակի առաջին օրվանից մինչ այսօր այնտեղ մահացել է 41 504 մարդ։

Իսկ ահա COVID–19–ի պայմաններում ավելի ազատ ապրած Շվեդիայում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը գերազանցել Է 87 հազարը, մահացել Է ավելի քան 5,8 հազար մարդ:

Համավարկի օրվանից խիստ կարանտինի անցած Հայաստանում արտակարգ դրությունը երկարաձգվեց մի քանի անգամ․մարտից մինչ այս պահը այն դեռ գործում է։ Կառավարությունն ու պարետատունը, սակայն, արդեն որոշել են, որ սեպտեմբերի 15–ից հետո արտակարգ դրությունը չի երկարաձգվի։

Փոխվարչապետ Տիգրան Ավինյան․ «Մենք Աժ–ում կքննարկենք արտակարգ իրավիճակներով պայմանավորված օրենքներում փոփոխությունների իրականացման հարցը, և եթե շարունակաբար կրկին մենք պահպանենք կանոնները և համաճարակային իրավիճակը շարունակի դրական այս տենդենցը, մենք գնալով ավելի ու ավելի կվերադառնանք մեր բնականոն կյանքին»։

Օրենքներում փոփոխությունների փաթեթն արդեն ԱԺ–ում է և պատգամավորների մոտ։ Ըստ ամենայնի, օրակարգային հարց կդառնա հենց սեպտեմբերի 14–ին մեկնարկող աշնանային նստաշրջանի առաջին լիագումար նիստերում։

Նույն ժամանակահատվածում քննարկման թեմա է դառնալու ընդդիմադիրների պնդումը՝ ժամանակավոր քննիչ հանձնաժողով ստեղծել կորոնավիրուսի դեմ պայքարի արդյունավերությունը ուսումնասիրելու համար։ Ամառային արձակուրդներից առաջ ընդդիմադիրների ստորագրությունների հիման վրա օրենքի ուժով կայացվեց այդ որոշումը, բայց հանձնաժողովի կազմը չձևավորվեց։

Դա արվելու է աշխատանքային առաջին օրերին։ Հարցերի շրջանակը, որ հետաքրքրում է ընդդիմադիրների ձևակերպել է ԱԺ  փոխնախագահ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից Վահե Էնֆիաջյանը։

«ՀՀ–ում մահացել են քաղաքացիներ և այս մահերի համար պետք է պատասխան տան։ 1 միլիոն բնակչության շնչով եթե համադրության ու համեմատության մեջ նայենք ՀՀ–ն ամենավատ ցուցանիշն է արձանագրել։ Ֆինանսական միջոցների մասովԵՄ–ի կողմից Հայաստանին տրամադրվել է 92 միլիոն ԱՄՆ դոլար, ՌԴ կողմից է աջակցություն ցուցաբերվել, Արժույթի միջազգային հիմնադրամը ավելացրել է ՀՀ–ին տրամադրվող գումարը մինչև 280 միլիոն դոլար, ԱՄՆ՝ 2.7 մլն դոլար, Նիդերլանդներ և այսպես շարունակ բազմաթիվ գումարներ։ Այս գումարները ի՞նչ է արվել, ի՞նչ նպատակների է ծախսվել»,- ասում է Էնֆիաջյանը։    

Այս ամենի պատասխանը պետությունը պատրաստ է տալ համավարակից հետո, քանի որ աշխատանքները դեռ շարունակվում են։

Համավարակի բացասական հետևանքները զգացել են աշխարհի բոլոր երկրներն առանց բացառության, անգամ օրինակելի դարձած Շվեդիայում բոլոր ցուցանիշներն անկում են արձանագրել։ Հայաստանում շարքային քաղաքացիների վրա կորոնավիրուսի բացասական հետևանքների ամենաթարմ հետազոտությունն իրականացրել է «Վորլդ Վիժըն Հայաստան» կազմակերպությունը։ Այն գնահատում է իրականացրել կազմակերպության ծրագրերում ներառված ծայրահեղ աղքատ և խոցելի ընտանիքների շրջանում։ Օրեր առաջ հրապարակված հարցումը ցույց է տվել, որ համավարկի շրջանում եկամուտները զգալի նվազել են։ Հարցվածների 54 %–ն է օգտվել է կառավարության աջակցության ծրագրերից։ Հայաստանի շարքային քաղաքացիների հիմնական խնդիրները, ըստ «Վորլդ Վիժըն»–ի, հետևյալն են․  

«Հետազոտությանը մասնակցած ընտանիքները մասամբ են կարողանում կամ ընդհանրապես չեն կարողանում հոգալ հիմնական կարիքները։ 82.8%–ը սննդի, 76.7%-ը՝ ախտահանիչ նյութերի, դիմակների և ձեռնոցների, 67.6%–ը մաքրող ու լվացող միջոցների, 76.7%–ը երեխաների հեռավար դասի համար անհրաժեշտ համակարգիչների ու բջջային հեռախոսների, իսկ 70.7%–ը դպրոցական պարագաների կարիքը՝ գրիչ, ներկ, տետր, քանոն, թուղթ և այլն»։  

Հետևելով Շվեդիայի օրինակին` սեպտեմբերի 15–ից Հայաստանը կփորձի վերադառնալ բնականոն կյանքին և առաջինը դա կզգան հազարավոր աշակերտները՝ «Zoom»–ից և «Viber»–ից հետո վերադառնալով դպրոցներ։ Բայց սա դեռ փորձնական քայլ է, զգուշացնում և զգոնության կոչ են անում թե ուսուցիչները, թե կրթության և գիտության փոխնախարար Ժաննա Ալեքսանյանը․

«Շատ պարզ պատկերացնենք, որ կանոնները չպահելու հետևանքը լինելու է դպրոցների փակումը մեկը մյուսի հետևից։ Կրթական գործընթացն ըստ էության տապալվելու է»,- ասում է Ալեքսանյանը։

Այս պատկերը չունենալու համար կրկին պետք է ապավինենք Շվեդիայի փորձին, որտեղ իշխանությանը օգնության հասավ բնակչությունը իր գիտակցությամբ և գիտակցված մոտեցումներով՝ դրանով իսկ խուսափելով թե խիստ սահմանափակումներից, թե համաճարակային բռնկումից։

Back to top button