Անկախության պատմություն

Ինչ քննարկումներ էին լինում Հայաստանի առաջին Սահմանադրության շուրջ

1993թ. ամռանը հրապարակվում է Հայաստանի Հանրապետության Սահմանդրության նախագիծը։ Անկախության հռչակումից երեք տարի էր անցել, սակայն Հայաստանն առաջնորդվում էր հին՝ խորհրդային Սահմանադրությամբ։ Քննարկումները, թե ինչպիսին պետք է լինի երկրի գլխավոր փաստաթուղթը, վաղուց էր սկսվել։ 1993-ի ամռանը Հայաստանի ներքաղաքական կյանքը հագեցած էր իշխանության և ընդդիմության համառ պայքարով. Արցախյան հակամարտություն, պատերազմ, հայ-թուրքական հարաբերություններ, երկրի կառավարման հեռանկար և բազմաթիվ այլ հարցեր էին ձևավորում ներքաղաքական հագեցած օրակարգը։ Այս հարցերի թվում ամենաշատը քննարկվում է Հայաստանի կառավարման ներկա և ապագա համակարգը։ Քաղաքական ուժերի մի մասը համոզված էր, որ մեր երկրի ապագան նախագահական կառավարումն է, մյուսները կողմ էին խորհրդարանական համակարգին։ Միաժամանակ՝ ընդդիմությունն իշխանությանը մեղադրում էր Սահմանադրությամբ սեփական կառավարումը հավերժացնելու համար։ Ինչպես ցույց տվեց կյանքը, Սահմանադրության նախագծի առաջին օրինակից հետո, շուրջ 30 տարի շարունակ մենք մտահոգվում ենք, որ սահմանադրական փոփոխություններն արվում են իշխանությունը պահելու նպատակով։

Առաջին Սահմանադրության նախագծի նախաբանը կարճ էր. «Մենք՝ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը, լի վճռականությամբ՝ իրականացնելու ինքնիշխան հայոց պետականության վերածնման ու հզորացման մեր ազատասեր նախնիների սուրբ պատգամը, ապահովելու համար մեր ու մեր սերունդների ազատությունը, ընդհանուր բարեկեցությունը, քաղաքացիական համերաշխությունը, ընդունում ենք սույն Սահմանադրությունը»։ Իսկ թե ինչպիսին էր Հայաստանի Հանրապետության սահմանադրության նախագիծը և ինչ կրքեր էին շիկանում նրա շուրջ, մենք այսօր կփորձենք պարզել պատմագետ Նժդեհ Հովսեփյանի հետ։

Իսկ ո՞ր դեպքում կարող էին քաղաքական ուժերը կողմ լինել այս կամ այն կառավարման համակարգին։ Կարծիք կար, որ կախված իրենց հնարավորություններից, կուսակցության կառուցվածքից և առաջնորդների հեղինակությունից, կուսակցությունները կառուցում էին իրենց մոտեցումները։ Մեր զրուցակիցը նշեց, որ միշտ չէր այդպես. Հաճախ կուռ ենթակառույցներ ունեցող կուսակցությունը կողմ էր նախագահական կառավարմանը և հակառակը։

Հարյուրավոր տարիներ մենք պետականություն չենք ունեցել, և քաղաքական համակարգի ավանդույթները, բնականաբար, չէին կարող ձևավորվել։ Հայաստանի առաջին Հանրապետությունը կարճ կյանք ունեցավ, և պետության կառավարման ու քաղաքական համակարգի փորձը Հայաստանում ձևավորվեց հիմնականում խորհրդային շրջանում։ Ինչպիսի՞ն էին մեր կարողությունները 90-ականների սկզբին, կարո՞ղ էր արդյոք Հայաստանը լինել խորհրդարանական կառավարմամբ երկիր։

Երկիր, 11 սեպտեմբերի, 1993թ.

Որքան էլ տարօրինակ լինի՝ իշխանության երկու թևերը՝ գործադիրն ու օրենսդիրը, հաճախ են հակասություններ ունենում։ 1990-91 թվականներին, նախքան անկախության հռչակումն ու ԽՍՀՄ փլուզումը, Հայաստանում այս խնդիրը հատկապես ակնառու էր։ Գերագույն խորհուրդը տևական ժամանակ չէր հաստատում բյուջեն կամ նախարարների թեկնածությունը։ 1992-ից Գերագույն խորհրդում ձևավորվեց ուժեղ ընդդիմություն, որը հանգիստ չէր տալիս իշխանությանը։ Այս բոլոր խնդիրների կարգավորումը պետք է տար Սահմանադրությունը։

Ինչպես կարող էր Հայաստանն խորհրդարանական համակարգ ձևավորել, երբ քաղաքական ուժերը նոր էին կազմավորվում, չկար կառավարչական փորձ, կուսակցությունները չունեին հմուտ վարչարարներ ու արհեստավարժ թիմ։

Ցուցադրել ավելի
Back to top button