Անկախության պատմություն

Ժողովրդավարություն, թե՝ աշխարհաքաղաքական շահեր. Հայաստանը անկախության արշալույսին

Գլխավոր լուսանկարը՝ Մայիս Վարդանյանի «Սկիզբ» գրքից, Երևան, 1998

Արցախյան շարժման գրեթե սկզբից Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները միջազգային հանրությունը դիտարկում էր որպես ժողովրդավարական պայքար։ Անկախության հռչակումից հետո նույնպես մեզ համարում էին ժողովրդավարական սրընթաց ձեռքբերումներ արձանագրող պետություն։ Շատերը կհիշեն, որ Հայաստանը համարվում էր տարածաշրջանի ժողովրդավարական կղզյակը։ Ժամանակի ընթացքում ակնհայտ դարձավ, որ ժողովրդավարությունը թեև կարևոր է, սակայն մեծ պետություններն առավելապես առաջնորդվում են իրենց աշխարհաքաղաքական և տնտեսական շահերով։

1990-ականների սկզբին, օրինակ, Ադրբեջանում ավելի ու ավելի էր ուրվագծվում նավթային գործոնը, հակառուսականությունը և աշխարհաքաղաքական այլ առավելությունները և այդ պատճառով խոշոր երկրները սկսում էին հետին պլան մղել այդ երկրի ժողովրդավարացման հարցը։ Զուգահեռաբար, արևմուտքն արդեն այնքան էլ ժողովրդավար չէր համարում Հայաստանը։ Ինչո՞վ էին պայմանավորված այս փոփոխությունները։ Այս հարցերի պատասխանները գտնելու ակնկալիքով մենք այսօր զրուցելու ենք պատմաբան Հրանտ Տեր-Աբրահամյանի հետ։

Ներքաղաքական կյանքում ևս ժողովրդավարությունը մեզ համար կարևոր էր, սակայն անկախության առաջին տարիների սոցիալ-տնտեսական ծանր ճգնաժամը, պետության կայացման ճանապարհին հանդիպող երբեմն անլուծելի թվացող խնդիրները, կարծես թե, դուրս մղեցին ժողովրդավարության կարևորությունը։ Հասարակությունն ավելի ու ավելի հաճախ էր խոսում ուժեղ ձեռքի, կարգուկանոնի և պրոֆեսիոնալ կառավարման մասին։

Ժողովրդավարության դրսևորում էր նաև իշխանությանը մշտապես քննադատելը, այդ թվում՝ պատերազմի ծանր օրերին։ Քննադատությունը նվազեցնելու մասին ցանկացած հեռավոր ակնարկ ընկալվում էր որպես խոսքի ազատության սահմանափակում, ժողովրդավարության ոտնահարում։ Իշխանությունն, իր հերթին, քաղաքական բազմակարծությունը համարում էր հիմնարար ձեռքբերում, թեև առիթը բաց չէր թողնում դժգոհելու, թե ընդդիմությունը կառուցողական չէ և անցնում է թույլատրելիի սահմանները։

Ժողովրդավարության դրսևորում էր համարվում նաև քաղաքական տարբեր ուժերին, այդ թվում՝ ընդդիմության ներկայացուցիչներին կառավարական համակարգում ներառելը։ Հրանտ Տեր-Աբրահամյանի կարծիքով նորանկախ պետությունների դեպքում առավել արդյունավետ է ուժեղ կառավարությունը և բարձր պատասխանատվությունը։

Կառավարման լիբերալ համակարգը և պետության միջամտության նվազեցումը անկախություն կառուցող երկրների համար լավագույն լուծումը չէ. այսպես է կարծում Հրանտ Տեր-Աբրահամյանը։ Նա գտնում է, որ պետությունը պետք է ավելի մեծ մասնակցություն և ստեղծագործական միտք ունենա երկրի կառավարման գործում։

Back to top button