ԿարևորՀասարակություն

Լարված իրավիճակի թուլացմանը զուգահեռ թուլացվելու են նաև կանոնները․ ԿԳՄՍ նախարար

Կրթության շարունակականությունն ապահովելու համար բավականին բարդ փոփոխություններ  տեղի ունեցան կրթական համակարգում։ Հեռավար կերպով իհարկե հաջողվեց չընդհատել կրթությունը, սակայն ծնողների մեծամասնությունը նախընտրում է նույնիսկ համաճարակի պայմաններում երեխաներին ուղարկել դպրոց։

Դպրոցները վերաբացվում են։ Բայց վերաբացվում են պայմանով, որ դպրոցներում աշակերտները պետք է պահեն երեք կանոն՝ ախտահանում, սոցիալական հեռավորություն, դիմակների կրում, համընդհանուր ծնողական ժողովին ասել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։

Դպրոցների ու բուհերի բացումը չպետք է նպաստի վարակվածների թվի ավելացմանը, ֆեյսուքյան իր էջի ուղիղ եթերում՝ համապետական ծնողական ժողովի ընթացքում հայտարարեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։

Դպրոցները բացվում են, քանի որ մոտ 1 ամիս առաջ իրականացրած ոչ պաշտոնական հարցման համաձայն՝  ծնողների շուրջ 80 տոկոսը պատրաստակամություն է հայտնել երեխաներին ուղարկել դպրոց։ Ու հենց մեծամասնության կարծիքը հաշվի առնելով է նախարարությունը որոշել բացել կրթօջախները։ Դա բավականին պատասխանատու և ռիսկային քայլ է, ուստի աշակերտները պետք է պահեն երեք կանոն՝ ախտահանում, սոցիալական հեռավորություն, դիմակների կրում։

«Կարող է կարճ ժամանակ հետո թվերն այնպիսի վերելք ապրեն, որ մենք ստիպված լինենք նորից դպրոցները փակել, ինչը մեծ խնդիր է կրթական համակարգի համար, մենք ամեն ինչ անում և անելու ենք, որ դա թույլ չտանք, և թույլ չենք տալու»։

Անդրադառնալով դիտարկումներին, թե երեխաները երկար ժամանակով դիմակ կրել չեն կարող, նախարարը հայտնեց, որ դա հաշվի առնելով են դասացուցակն ու դասաժամերը վերանայել։ Աշակերտները կարճ ժամանակով են մնալու դպրոցում. տարրական դպրոցում՝ մինչև 3 ժամ, միջին դպրոցում՝ 3-4 ժամ, ավագ դպրոցում՝ մինչև 5 ժամ:

«Համաձայն ԱՀԿ ցուցումների՝ 6 տարեկանից բարձր երեխաների դիմակի կրումը խնդիր չի առաջացնում, իսկ որոշ դեպքերում, երբ կա համաճարակային լարված վիճակ, դիմակը պետք է կրել։ Մենք հետևում ենք իրավիճակին, և լարված իրավիճակի թուլացմանը զուգահեռ թուլացվելու են նաև կանոնները, և հնարավոր է՝ ամեն շաբաթ նոր ուղեցույց հրապարակվի»:

Կորոնավիրուսը պատերազմ է, որ ամբողջ աշխարհում է, և մեզ  համար շատ տարօրինակ է որոշ մարդկանց, այդ թվում ծնողների քամահրական վերաբերմունքը կանոններին, անկեղծացավ նախարարը։ Նաև նկատեց, որ այդ քամահրական վերաբերմունքը կարող է լրջագույն խնդիրներ ստեղծել դպրոցներում:

Սահմանված կանոնների ու դրույթների վերաբերյալ թյուրըմբռնումներ կան նաև տետրերի հետ կապված, նկատեց փոխնախարար Ժաննա Անդրեասյանը։ Տետրեր, իհարկե, օգտագործվելու են: Միայն թեմատիկ աշխատանքներն են կատարվելու թղթերի վրա, պարզաբանեց փոխնախարարը։

Ինչ վերաբերում է ուսուցիչների թեստավորումներին, դրանք կատարվելու են պոլիկլինիկաներում և անվճար: Գործընթացը, փոխնախարարի տեղեկացմամբ, կիրականացվի մինչև ուսումնական տարվա սկիզբը:

Առաջին դասարանցիների համար, ի տարբերություն ավելի ավագների, նոր ուսումնական տարին կսկսվի սեպտեմբերի 14-ից։ Նախարարը հորդորեց այս տարի զերծ մնալ առաջին դասարանցիներին ամբողջ ընտանիքով դպրոց բերելու ավանդույթից։

«Մենք գիտենք, որ հայկական ընտանիքներում շատ կարևոր է առաջին դասարան ուղեկցել ամբողջ ընտանիքով, հարազատներով, բայց այս դեպքում դա կարող է լրացուցիչ առողջական խնդիրներ ստեղծել»։

Հաշվի առնելով համաճարակային վիճակը՝ նախարարը խնդրեց զերծ մնալ ավելորդ կուտակումներից՝ հավելելով, որ մեկ ուղեկցողն էլ բավարար է։

Back to top button