ԿարևորՀասարակություն

Փլուզումից տուժածների կացարանի վարձը կփոխհատուցի քաղաքապետարանը

Զեյթուն վարչական շրջանի բնակիչ Արշավիր պապը ամեն առավոտ զբոսնում է, վերադառնում տուն ու նախաճաշում․ այսօրվա նախաճաշի մասին լրագրողներին արդեն բազմիցս պատմել է։

«Նստած հաց էի ուտում, մեկ էլ հանկարծ այնպիսի պայթուն եղավ, որ շենքն էլ գնաց–եկավ»։

Օգոստոսի 26-ի առավոտյան Ռայնիսի 1 հասցեում գտնվող բազմաբնակարան շենքում փլուզում է տեղի ունեցել․ նախնական վարկածով փլուզման պատճառը պայթունն է եղել։

«Ձայնից արթնացանք վազեցինք, ամբողջը փոշի էր։ Մեր շենքը բավականին հեռու է, բայց պատուհաններ են վնասվել, փշրվել։ Մի քանի օր առաջ երկրաշարժ էր, մենք մտածեցինք այդ գմփոցն էլ երկրաշարժից է»,- պատմում է տիկին Կարինեն ու պարբերապար սրտի աշխատանքն է ստուգում։

Առավոտյան դեպքի վայրում էր նաև ԱԻՆ նախարար Ֆելիքս Ցոլակյանը․ սեյսմիկ ծառայության աշխատակիցների հետ։ Մասնագետների կարծիքով՝ այս պահին շենքի մյուս հատվածում փլուզման վտանգ չկա, բայց այնուամենայնիվ բնակիչները տարհանվել են։

Քաղաքաշինության տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Արազ Պապիկյանն ասում է, որ ստեղծվելու է մասնագիտական հանձնաժողով, որը կզբաղվի փլուզման պատճառների ուսումնասիրմամբ։

 «Հանձնաժողովում ներգրավվելու ենք բոլոր շահագրգիռ կազմակերպություններից ներկայացուցիչների, ինչից հետո կիրականացվի մասնագիտական քննություն դեպքի պատճառները պարզելու համար։ Արդյունքները կփոխանցենք իրավապահ մարմիններին»։

Տեսչական մարմնի աշխատանքներից զատ թաղապետարանի սոցիալական բաժնի աշխատակիցները ուսումնասիրություն են իրականացնում բնակիչների կարիքները գնահատելու համար, որից հետո էլ համապատասխան քայլեր կիրականացվեն քաղաքացիներին օգնելու համար։ Քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն մեզ հետ զրույցում ասաց, որ այս պահի դրությամբ 12 բնակարանում  ապրելը հնարավոր չէ, բայց մի բան միանշանակ է. անկախ ուսումնասիրության արդյունքներից ոչ ոք անօթևան չի մնա։

«Այս պահին մասնագետները գնահատում են, որպեսի հասկանանք թե քանի քաղաքացի ժամանակավոր կացարանի կարիք ունի։ Իսկ եթե բնակարանի վարձակալության անհրաժեշտություն լինի Քաղաքապետարանը կփոխհատուցի»։

Փլուզման  հետևանքով այս պահին ունենք մեկ զոհ, իսկ երկու քաղաքացիներ տեղափոխվել են Համալսարանական թիվ 1 հիվանդանոց։ Հիվանդանոցի տնօրեն Արեն Բաբլումյանը մեզ հետ զրույցում ասաց որ նրանցից մեկը գտնվում է ծանր, իսկ մյուսը ծայրահեղ ծանր վիճակում։

 «Առավոտյան 07։30-08։00-ի սահմաններում հիվանդանոց է տեղափոխվել 2 քաղաքացի։ 1949թ ծնված կին և տղամարդ՝ 1979թ ծնված։ Երկուսն էլ ենթարկվել են բոլոր անհրաժեշտ հետազոտությունների։ Կինը ունի քթոսկրի կոտրվածքներ, դեմքի վրա քերծվածքներ։ Վիճակը գնահատվում է միջին ծանրության, կայուն, գիտակցությունը պարզ է։ Տղամարդը ընդունվել է այրվածքներով, վիճակը համարվում է ծայրահեղ ծանր և գտնվում է վերակենդանացման բաժանմունքում»։

Տիկին Ասիան հարևան շենքի բնակիչ է, արդեն մի քանի ժամ է պատշգամբից հետևում է փրկարարների աշխատանքներին։ Ինքն արդեն հստակ որոշել է այսուհետև շատ ուշադիր է լինելու․ գազն ինքն իր ձեռքով բացելու է, ինքն էլ՝ փակի։

Back to top button