Անկախության պատմություն

Մեծ բեկումի նախօրյակին. հուլիս, 1993թ.

1993թ. ամառը բեկումնային էր ինչպես պատերազմի ընթացքի, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի խնդրի միջազգայնացման առումով։ Ապրիլին Քարվաճառի ազատագրումից հետո հակամարտությունն ավելի էր ծավալվել՝ հայտնվելով տարածաշրջանի խոշոր պետությունների և միջազգային հանրության ուշադրության կենտրոնում։ Քարվաճառի ազատագրումից հետո ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ընդունել էր թիվ 822 բանաձևը, և հետագա իրադարձությունները զարգանում էին բանաձևի կատարման տրամաբանությամբ։

1993թ. ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ընդունում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ 4 բանաձև։ Անվտանգության խորհուրդն իր մտահոգությունը հայտնելով հակամարտության ծավալմամբ՝ պահանջում էր անհապաղ դադարեցնել բոլոր տեսակի ռազմական գործողությունները, ինչպես նաև շրջանը գրաված ուժերը դուրս բերել Քարվաճառից։ Միաժամանակ, կոչ էր արվում շարունակել բանացությունները Եվրոպայի անվտանգության և համագործակցության խորհրդի Մինսկի խմբի շրջանակներում, և «ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կխոչընդոտեն խնդրի խաղաղ կարգավորմանը»։

———————————————————————————————————

Քելբաջար, Քելբաջար… Անցյալ տարի ամռանը ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերը անցան հարձակման և ընդհուպ մոտեցան Մարտակերտին։ Չնայած Քելբաջարից կատարվող անվերջ ռմբակոծություններին ու հրթիռակոծություններին, հայ բնակչությունը վերադառնում էր հարազատ օջախները։ Ամռանը ադրբեջանցիները դեռ չէին մտել Չլդրան ու Վանք, բայց Հաթերք ու Կիչան մտան։ Արդեն պարզ էր, որ քանի դեռ կան Քելբաջարի զինակետերը, մեզ չի հաջողվի պահել Մարտակերտի շրջանը։

Ալվարդ Բարխուդարյան,
«Հայք», 24 ապրիլի, 1993թ. (Ղարաբաղ. Դարավերջ, Երևան, 2004)

———————————————————————————————————

1993թ. մայիս-հունիս ամիսներին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում ակտիվ մասնակցության փորձեր է սկսում Թուրքիան, որը Քարվաճառի գործողությունից հետո վերջնականապես փակել էր Հայաստանի հետ սահմանը և հնարավորինս աջակցում էր պարտություններ կրող Ադրբեջանին։

Մայիսին Ռուսաստանի Դաշնությունը, Միացյալ Նահանգներն ու Թուրքիան ներկայացում են կարգավորման նոր տարբերակ, համաձայն որի հաստատվում էր հակամարտության կարգավորման գործողությունների ժամանակացույցը։ Մինչև հունիսի 10-ը Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանության ուժերը պետք է դուրս գային Քարվաճառից, ռազմական բոլոր գործողությունները պետք է դադարեցվեին, իսկ հունիսի 14-15-ին հրավիրվեր Մինսկի խորհրդաժողովը։

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման Ռուսաստանի, Թուրքիայի և Միացյալ Նահանգների նախաձեռնությանը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Վահան Փափազյանն ասել էր, որ այն հրադադարի հասնելու որոշ հույսեր տալիս է, և Հայաստանը հիմնականում համաձայն է նախաձեռնությանը։ Նա նշում էր, որ հրադադարի երաշխիքների համար անհրաժեշտ կլիներ տարածաշրջանում միջազգային մանդատ ունեցող խաղաղապահ ուժեր տեղակայել, որոնց թիվը կարող էր լինել երկու-երեք հազար, որի 70-80 տոկոսը կարող էին լինել Ռուսաստանի խաղաղապահները։

Մոնթե Մելքոնյանը ազատագրված Քարվաճառում, ապրիլ, 1993թ.

Ընդամենը մի քանի շաբաթ անց կողմերին հակամարտության կարգավորման ևս մեկ տարբերակ է ներկայացվում, որը գրեթե նույնությամբ կրկնում էր նախորդը և առավելապես հայտնի է դառնում 3+1 անունով, որտեղ Ռուսաստանին, Միացյալ Նահանգներին և Թուրքիային միանում էր ԵԱՀԽ-ն։ Այս ծրագրով նույնպես գործողությունների ժամանակցույց էր սահմանվում, որը, սակայն, իրականացվելու էր մինչև հուլիսի սկիզբը, երբ տարածաշրջան էին ժամանելու մոտ 50 դիտորդ, ապա գումարվելու էր Մինսկի խորհրդակցությունը։

Նոր փաստաթուղթն ընդլայնում էր միջազգային դիտորդների լիազորությունները, որոնք հետևելու էին ոչ միայն Քարվաճառից զորքերի դուրսբերմանը, այլև ապահովելու էին, որ Ադրբեջանն այնտեղ զորք չտեղակայի՝ բացառությամբ սահմանափակ թվով թեթև զինված անձնակազմի, որը պետք է ապահովեր բնակչության անվտանգությունը: Բացի այդ, հաստատվում էր 60-օրյա զինադադար, որը, ժամկետի ավարտից հետո, երկարաձգվելու էր՝ մինչև Մինսկի խորհրդաժողովի հրավիրումը:

Միջազգային հանրության ջանքերն իրականություն կարող էին դառնալ, եթե հակամարտության բոլոր կողմերը տային իրենց համաձայնությունը։ Հայաստանի Հանրապետությունը կողմ էր առաջարկվող ծրագրին, Ադրբեջանը չէր շտապում պատասխանել, իսկ Լեռնային Ղարաբաղը կտրականապես մերժում էր։ Հիմնական մտահոգությունը պայմանավորված էր անվտանգության թույլ երաշխիքներով, ավելի ճիշտ՝ գրեթե լիակատար բացակայությամբ։ Հայաստանում նույնպես, քաղաքական ուժերի ու գործիչների մի զգալի մասը գտնում էր, որ Քարվաճառից զորքերը դուրս բերելուց հետո այն վերածվելու ադրբեջանական ուժեղացված ռազմակայանի, որը հնարավոր հարձակման դեպքում հարկ էր լինելու կրկին հետ վերցնել՝ արդեն շատ ավելի մեծ կորուստներով։

Հունիսի 14-ին Հայաստանի Հանրապետության նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը մեկնում է Ստեփանակերտ՝ քննարկելու ստեղծված իրադրությունը։ Նշենք նաև, որ այդ այցելությունից երկու օր առաջ Հայաստան էին եկել Ռուսաստանի Դաշնության բարձրաստիճան պաշտոնյաներ՝ արտաքին գործերի նախարար Անդրեյ Կոզիրևը, անվտանգության նախարար Վիկտոր Բարաննիկովը և պաշտպանության նախարարի տեղակալ Բորիս Գրոմովը։ Այս այցելության ընթացքում նույնպես քննարկվել էր առաջարկված տարբերակը։ Ռուսաստանի Դաշնության բարձրաստիճան պաշտոնյաները հանդիպել էին նաև ԼՂՀ պաշտպանության պետական կոմիտեի նախագահ Ռոբերտ Քոչարյանի և Գերագույն խորհրդի նախագահ Գեորգի Պետրոսյանի հետ։ Լևոն Տեր-Պետրոսյանի այցելությունը Ստեփանակերտ փորձ էր՝ համոզելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանություններին՝ ընդունել ներկայացվող տարբերակը։

Ձախից աջ՝ Վիկտոր Բարաննիկով, Անդրեյ Կոզիրև, Բորիս Գրոմով

Մեկ օր անց՝ հունիսի 15-ին «Երկիր» թերթը գրում էր, որ նախագահ Տեր-Պետրոսյանի և ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահության ու պաշտպանության պետական կոմիտեի անդամների հանդիպումն անցել է լարված մթնոլորտում։ Նախագահության դաշնակցական 4 անդամները՝ Գեորգի Պետրոսյանը, Վալերի Բալայանը, Վալերի Ղազարյանը և Լևոն Մելիք-Շահնազարյանը հրաժարվել էին ստորագրել Մարիո Ռաֆայելիի առաջարկած փաստաթուղթը։ Չէր ստորագրել նաև անկուսակցական Համլետ Գրիգորյանը։ Ինչ վերաբերում է պաշտպանության պետական կոմիտեին, ապա նրա անդամները կողմ էին եղել փաստաթղթի ստորագրմանը։ Արդյունքում՝ Գեորգի Պետրոսյանը հրաժարական էր տվել, և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահի պաշտոնակատար էր դարձել Կարեն Բաբուրյանը։

Արցախի Հանրապետության Գերագույն խորհրդի նորանշանակ նախագահը միաժամանակ նամակ է գրում Մարիո Ռաֆայելիին՝ խնդրելով մեկ ամսով հետաձգել գործողությունների կատարման ժամանակացույցը, ինչը պայմանավորված էր Ղարաբաղում իշխանության փոփոխությամբ, ինչպես նաև տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններով։

Ալվարդ Բարխուդարյանը և Գեորգի Պետրոսյանը
Լուսանկարը՝ «Ղարաբաղ. դարավերջ» գրքից (Երևան, 2004)

Այն օրերին, ինչպես նաև հետագայում, շատ էին խոսում, որ նախագահ Տեր-Պետրոսյանը Ստեփանակերտում ճնշում էր գործադրել Արցախի իշխանությունների վրա, որպեսզի նրանք ստորագրեն ներկայացված փաստաթուղթը։ Մի քանի օր անց, հանդիպելով Ռամկավար ազատական կուսակցության ներկայացուցիչների հետ, Լևոն Տեր-Պետրոսյանը պարզաբանել էր, որ որևէ ճնշում չի բանեցրել Ղարաբաղի իշխանությունների վրա, այլ «բացատրել է իրավիճակը, և ներկայացրել փաստաթուղթը մերժելու դեպքում հնարավոր հետևանքները»։

Ադրբեջանը նույնպես որոշակի ուշացումով, սակայն, պատասխանում է ԵԱՀԽ ներկայացրած փաստաթղթին։ 1993թ. հունիսի 15-ին Ադրբեջանի Հանրապետության նախագահի արտաքին քաղաքական հարցերով խորհրդական Վաֆա Գուլուզադեն հայտարարում է, որ Ադրբեջանն ընդունում է ԵԱՀԽ Մինսկի խմբի երկրների խաղաղ նախաձեռնությունը։ «Ղարաբաղի հայերի կողմից խաղաղ կարգավորման ծրագրի ընդունումն իրական հնարավորություն է տալիս խաղաղություն հաստատել շրջանում, վերջ դնել անմիտ պատերազմին»,— ասել էր նա։

———————————————————————————————————

Չնայած միջազգային հանրության ջանքերին և հակամարտության կողմերի տարատեսակ հայտարարություններին՝ նախաձեռնության իրագործումը մեծապես պայմանավորված էր Ադրբեջանի ներքաղաքական դրությամբ, ինչը հեռու էր կայուն լինելուց։ Ադրբեջանն արդեն 3-րդ ամիսն էր, ինչ ցնցվում էր ներքաղաքական ճգնաժամից, որը հունիսի սկզբին վերաճել էր քաղաքացիական պատերազմի։ Սուրաթ Հուսեյնովի ենթակայության զորամասերը մոտենում էին Բաքվին։ Գյանջայում կառավարական զորքերի և ապստամբների բախումների հետևանքով հունիսի արդեն զոհվել էր 200-ից ավելի մարդ։

Հուսեյնովի գործողությունները լիովին ձեռնտու էին Նախիջևանի ինքնավար Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահ Հեյդար Ալիևին, որը գալիս է Բաքու և հունիսի 26-ին ընտրվում Ադրբեջանի Գերագույն խորհրդի նախագահ։ Գործող նախագահ Աբուլֆազ Էլչիբեյը փախչում է Նախիջևան։

Միջազգային հանրության խաղաղարար նախաձեռնությունն ու Ադրբեջանի ներքաղաքական դրությունը բնավ չէին նշանակում, որ ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում դադարել էին։ Ադրբեջանի զինված ուժերը շարունակում էին հարձակումները Մարտակերտի և Աղդամի շրջաններում։ Հայկական ինքնապաշտպանական ուժերը վճռական գործողությունների էին դիմում և մեկը մյուսի հետևից ազատագրում էին Մարտակերտի շրջանի բնակավայրերը, որոնք հակառակորդը գրավել էր 1992թ. հունիսյան մեծ հարձակման ժամանակ։

Լուսանկարը՝ Ալվարդ Բարխուդարյանի «Ղարաբաղ. դարավերջ» գրքից (Երևան, 2004)

1993թ. հունիսի երկրորդ կեսին Արցախի ինքնապաշտպանական ուժերը թեժ մարտեր էին մղում նաև արևելյան ուղղությամբ։ Հունիսի 12-ին Աղդամի մոտակայքի Մարզիլու գյուղի կրակակետերի ոչնչացման ժամանակ զոհվում է Մարտունու պաշտպանական շրջանի հրամանատար Մոնթե Մելքոնյանը։

Հունիսի 20-ին ծանր մարտեր էին ընթանում Աղդամ-Մարտակերտ ավտոճանապարհի համար։ Ըստ որոշ աղբյուների՝ Սուրաթ Հուսեյնովն իր ենթակայության տակ գտնվող մի քանի ստորաբաժանում ուղարկել էր Աղդամ՝ հայկական հարձակումը կասեցնելու համար։ Մենք կտեսնենք, որ հետագայում ևս մի քանի անգամ կհայտարարվի Հուսեյնովի ընտիր ստորաբաժանումները Ղարաբաղի ռազմական ուղարկելու մասին։ Ռազմական անհաջողություններն ադրբեջանական ստորաբաժանումները փորձում էին լրացնել Լեռնային Ղարաբաղի բնակավայրերին օդային հարվածներով. հունիսի 22-ին ռմբակոծում է Ասկերանի և Մարտակերտի հայկական գյուղերը։

Հունիսի 25-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության լրատվության և մամուլի վարչության ղեկավար Մարսել Պետրոսյանը հայտարարում է, որ Ադրբեջանում տեղի ունեցող իրադարձությունները և կենտրոնական իշխանությանը չենթարկվող զինված կազմավորումների գործողությունները մտահոգում են Արցախի իշխանություններին։ Ներքին անկայունությունն ու ռազմական հարձակումը կարող է վտանգել խաղաղ կարգավորման գործընթացը։

1993թ. հունիսի 26-ին ադրբեջանական ստորաբաժանումները կրկին գրոհում են Մարտակերտի և Աղդամի ուղղություններով։ Գրոհն ուղեկցվում էր հրետանային հզոր հարվածներով և օդուժի կիրառությամբ։ Հայկական ուժերը խոցում են ադրբեջանական ինքնաթիռներից մեկը։ Կասեցնելով հարձակումը՝ հաջորդը օրը ինքնապաշտպանական ուժերն անցնում են հակագրոհի։

Հունիսի 27-ին ազատագրվում են Մարտակերտի շրջանի Ներքին Հոռաթաղ, Մաղավուզ, Լևոնարխ գյուղերը։ Մատաղիսը, որտեղ տեղակայված էր Սարսանգի հիդրոհանգույցի ջրաբաշխիչ կայանը, նույնպես անցնում է հայկական ուժերի հսկողության տակ։ Օրվա երկրորդ կեսին հայկական ուժերն ադրբեջանցիներին դուրս են շպրտում նաև շրջկենտրոնից. շուրջ մեկ տարվա գերությունից հետո ազատագրվում է Մարտակերտը։ Նույն օրը Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ հայկական ուժերը Մարտակերտից բացի վերցրել են Աղդամ քաղաքի մոտակա բոլոր գյուղերը և վերահսկում են Աղդամ-Մարտակերտ ճանապարհը։

Չնայած այս պարտություններին՝ Ադրբեջանում շարունակվում էր ներքաղաքական պայքարը։ Սուրաթ Հուսեյնովն ու Հեյդար Ալիևը բանակցում էին՝ յուրաքանչյուրը փորձելով ստանալ իշխանության հնարավորինս մեծ բաժինը։ Հունիսի 30-ին Ադրբեջանի Միլլի մեջլիսի 41 պատգամավորներից 38-ը կողմ քվեարկեցին Սուրաթ Հուսեյնովին վարչապետ նշանակելուն։ Միաժամանակ, վարչապետի անմիջական հսկողության տակ դրվեցին պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի նախարարությունները։

Խորհրդարանում ելույթ ունենալով Հեյդար Ալիևը կոչ է անում քաղաքական ուժերին համախմբվել և միասնական պայքարել ճգնաժամի դեմ։ Ինչ վերաբերում է Հուսեյնովին, ապա նա, ըստ Ալիևի, «բանակի կառուցման, Ադրբեջանի զինված ուժերի վերածննդի և կազմավորման ոլորտում, ինչպես նաև ադրբեջանական հողերի պաշտպանության գործում մեծ փորձ ունի»։

Տարբեր փորձագետները նշում էին, որ Ալիևի և Հուսեյնովի, այսպես ասած, դաշինքն, իրականում ուներ բազմաթիվ մութ կողմեր։ Եթե Ալիևը չկարողանար համաձայնության գալ Հուսեյնովի հետ, ապա նա, ամենայն հավանականությամբ, կհրավիրեր Գերագույն խորհրդի նիստ, որի 250 պատգամավորների մի զգալի մասը կոմունիստներ էին։ Եվ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հուսեյնովը հանդես էր գալիս Ադրբեջանի նախկին նախագահ Այազ Մութալիբովին վերադարձնելու հայտարարություններով, ապա հնարավոր էր, որ Գերագույն խորհրդի պատգամավորներն անցնեին նրա կողմը, և հայր Ալիևը չկարողանար իշխանություն ստանալ։

Այսպիսով՝ հունիսի վերջին Ադրբեջանում ավարտվում է ներքաղաքական ճգնաժամը, և, ինչպես կտեսնենք հետագայում, Ադրբեջանը բնավ մտադիր չէր լծվելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործին։ Հետագա բանակցությունները հիմնականում օգտագործվելու էին ժամանակ շահելու, բանակը հզորացնելու և Լեռնային Ղարաբաղի խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու համար։

Ցուցադրել ավելի
Back to top button