ԿարևորՀասարակություն

Խոտի խնդիր. ինչ կատարվեց Թորիայում

Սամցխե Ջավախքի Թորիա գյուղում սպասում են, որ օգոստոսի 23-ին տեղի ունեցած ծեծկռտուքի արդյունքում բերման ենթարկվածները վաղը ազատ կարձակվեն։ «Տեղի հայերի եւ այստեղ ամռան ամիսներին իրենց հոտն արածացնող ադրբեջանցիների միջեւ բախումն ազգային հողի վրա չէ»,- «Ռադիոլուրին» ասել են թորիացիները։  

Հայաբնակ Նինոծմինդայի Թորիա գյուղում իրավիճակն այս պահին հանդարտ է։ Գյուղացիները սպասում են բերման ենթարկված երեք համագյուղացիների ազատ արձակմանը․

«Այս պահին ամեն ինչ խաղաղ է, մեր տղաներից երեքը բերման են ենթարկվել, սպասում ենք 48 ժամից՝ վաղը, հավանաբար, ազատ կարձակեն, և խնդիրը այդպիսով կավարտվի»։

Թորիայի բնակիչները պնդում են, որ ադրբեջանցիների հետ տեղի ունեցած միջադեպը ազգային հողի վրա չէ․ «դա խոտի խնդիր էր»։

Քվեմո Քարթլիի և Կախեթիի քոչվոր անասնապահ ադրբեջանցիները գրեթե ամեն տարի ամռան այս ամիսների իրենց նախիրն ու հոտն են բերում երկրի հարավում գտնվող այս տարածքներ։ Պետական հանդակներում, կամ սեփականատերերից վարձակալած տարածքներում հաստատվելու, կովերին և ոչխարներին այդտեղ արածացնելու համար երբևէ խնդիր չի լինում, սակայն այս անգամ միջադեպը գրանցվել է, երբ հնձի արտերից երկար ժամանակ հոտը չի հանվել։

Նինոծմինդայի մունիցիպալիտետում գյուղի ներկայացուցիչ (գյուղապետ) Եգոր Քութոյանը մեզ հետ զրույցում պարզաբանում է․

«Որևէ ազգային խնդիր այստեղ չկա։ Հովվի եւ երեխայի միջեւ վեճ է եղել, (վերջինս գնացել էր ասելու, որ չհնձած տարածքից ոչխարներին հանեն), վեճին այնուհետև միացել է երեխայի ծնողը․․․»։

Տեղի ունեցածի առնչությամբ գործ է հարուցվել, բերման ենթարկվածների թվում երեք թորիացիներն են, մյուս կողմից ութ հոգի։ Գյուղապետի խոսքով շրջանում տարածքները պետական են, երկրի բոլոր քաղաքացիներն այն օգտագործելու նույն իրավունքն ունեն։ Կան նաև  սեփականացրած տարածքներ, որոնք վարձակալվում են այստեղ անասուններ բերողների կողմից։ Դրանք հիմնականում Կախեթիի ադրբեջանցիներն են։

Թորիայում վերջին տարիներին զարգանում է անասնապահությունը։ Գյուղում մոտ 500 գլուխ անասուն պահելու համար տարածքի արտերը արդեն բավարար չեն։ Սակայն գյուղացիներն ասում են, որ երկրի այլ շրջաններից այստեղ եկողները գալիս են մի քանի գլուխ անգամ ավելի կովերով ու ոչխարներով։

Նման խնդիրներից զերծ մնալու համար, բացի այդ, այս տարի կորոնվաիրուսի համավարակի պատճառով արտագնա աշխատանքի չմեկնած, գյուղում աշխատել որոշած բնակիչները շրջանի մի շարք գյուղերում հրաժարվել են սեփական տարածքները վարձով տալ եկվոր հովիվներին։

Իսկ հուլիսին Ախալցխայի շրջանի Չեչերեկ գյուղի կովերի անհետացումից հետո, ինչպես նաև մի շարք գյուղերի արոտավայրերի ոչնչացումից ու խմելու ջրի համակարգը վնասվելուց հետո 13 հայկական գյուղերի բնակիչների բողոքի արդյունքում շրջանի ղեկավարությունը հավաստիացրել է, որ հաջորդ տարիներին եկվոր հովիվներ չեն լինի։

Back to top button