ԿարևորՀասարակություն

Covid-19. ինչ են արձանագրել Արմավիրում կամավոր-դիտորդները

«Հանուն հավասար իրավունքների» կրթական  կենտրոն հասարակական կազմակերպությունը՝ համագործակցելով Աշխատանքի տեսչական մարմնի և «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» կազմակերպության հետ,  հանրապետության տարբեր մարզերում  հակահամաճարակային կանոնների պահպանման  հանրային իրազեկման արշավ են կազմակերպել: Դիտորդները քաղաքացիներին և տնտեսվարողներին իրազեկում են հետևել պարետի որոշումներին, պահպանել ցուցումները:

Արմավիր քաղաքում և հարակից մի քանի  գյուղերում հաճախ կարելի է հանդիպել սպիտակ շապիկով երիտասարդների, որոնք փողոցներում, բակերում, հանրային տարածքներում քաղաքացիներին զգուշացնում են պահպանել հակահամաճարակային կանոնները, որպեսզի կորոնավիրուսն արագ նահանջի և  մարդիկ կարողանան անցնել նախկին բնականոն կյանքին: Ովքեր են այդ երիտասարդները. 

«Երիտասարդները հանրային համերաշխության նախաձեռնության անդամներն են: Արմավիրի մարզում ունենք 11 կամավոր, մեկ ամսվա ընթացքում մեր դիտորդները կարողացել են բաժանել 1000 դիմակ և այցելել շուրջ 400 տնտեսվարողի»:

Հանրային համերեաշխության նախաձեռնության համակարգող Անուշիկ Ռշտունին նշում է, որ դիտորդների առաքելությունը վերահոսկողական նշանակություն չունի,  պարզաապես  իրազեկում են քաղաքացիներին ու տնտեսվարողներին հետևել պարետի որոշումների կատարամանն ու պահպանել հակահամաճարակային  անվտանգության կանոնները: Սամվելը դիտորդական աշխատանքի ընթացքում համոզվել է, որ գյուղերում տնտեսվարողներն ավելի պատասխանատու են, քան քաղաքում.

«Գյուղերում տնտեսվարողները համեմատած ավելի լավ են պահում հակահամաճարակային կանոնները, քան քաղաքում: Քաղաքում առաջին այցի ժամանակ շատ են կանոնները խախտողները, իսկ 2-րդ այցի ժամանակ քչերը չեն պահպանում, որովհետև մենք զգուշացնում են, որ կրկին ենք գալու, եթե չեն պահել, ապա տվյալները փոխանցվելու են համապատասխան մարմիններին»:

Տնտեսվարողները պետք է ունենան ջերմաչափ, անձնակազմի  ջերմաչափման և տարածքի ախտահանման մատյաններ, ախտահանիչ նյութեր, օգտագործված դիմակների համար  փակ աղբամաններ, գեղեցկության սրահներում ախտահանիչ սարքեր,  զգուշացնող  ցուցանակներ՝  առանց դիմակի քաղաքացիների մուտքն արգելելու վերաբերյալ:

«Հաճախ ջերմաչափ չի լինում, բայց ջերմաչափման մատյանում գրանցումներն արված են, երբ հարցնում ենք, թե ինչպես են լրացրել, պատասխանում են, որ գնացել են տուն ջերմաչափվել, կամ հարևան խանութում և այլն, ինչը հիմք է տալիս մտածելու, որ այնքան էլ լուրջ չեն վերաբերվում այս ամենին»:

Դիտորդները հետևում են նաև սոցիալական հեռավորության պահպանմանը, որտեղ գծանշումներն արված չեն՝ իրենք են անցնում գործի: Անվտանգության կանոնները պահպանող տնտեսվարողներին խրախուսվում են՝ մուտքի դռանը փակցնելով  «Պատասխանատու տնտեսվարող» պիտակը: Այդպիսի պիտակ էր ստացել Արմավիր քաղաքի գեղեցկության սրահներից մեկը.

«Ամեն հաճախորդից հետո ախտահանում ենք, կես ժամ ենք հատկացնում ախտահանմանը, հետո հաջորդ հաճախորդին ենք  սպասարկում: Տարածքն ու վարսահարդարման գործիքներն ախտահանում ենք  քլորամինի լուծոիյթով և սպիրտով: Մատնահարդարի գործիքներն ախտահանում ենք ստերիլ ապարատով, իսկ սանրերը չենք կարող դնել ապարատի մեջ, քանի որ կհալվի: Հաճախորդի ներկայությամբ սպիրտով ախտահանում ենք: Պաչտադիր նշում ջերմաչափումը, ախտահանման ժամերը»:

Թեև  Covid 19-ով պայմանավորված արդեն 6 ամիս ապրում ենք արտակարգ դրության պայմաններում, սակայն շատերը  քամհարանքով են վերաբերում կորոնավիրուսի գոյությանը: Լյովան հաճախ է հանդիպում այդ մտածելակերպով մարդկանց.

«Մարդիկ կան, որոնք չենք հավատում, ասում են՝ սուտ է: Երկրորդ այցի ժամանակ էլ տնտեսվարողները շարունակում են չպահել  անվտանգության կանոնները, նրանք դիմակ չեն կրում, հաճախորդներին չեն զգուշացնում դիմակ կրել ներս մտնելուց, ջերմաչափ ու մատյաններ չունեն»:

Այդպիսի մի դեպքի էլ ականատես է եղել Քրիստինեն, առաջին այցի ընթացքում «Պատասխանատու տնտեսվարող» պիտակ ստացած խանութում կրկնակի այցի ժամանակ  տնօրենի փոխված վերաբերմունքը  զարմացրել էր դիտորդին.

«Երկրորդ այցի ժամանակ հայտնաբերեցինք խախտում, սխալ էին լրացրել ջերմաչափման մատյանը: Այնտեղ էր գտնվում աշխատակցի ամուսինը, ով խանութի տնօրենն էր, մեզ տեսնելով հանեց դեմքից դիմակը, պատռեց ու ասեց, որ սուտ է և կորոնավիրուս գոյություն չունի, այնինչ, իրենց համայնքում բավականին շատ էին դեպքերը կորոնավիրուսի, նույնիսկ մահացության»:

Զավեշտալի դեպքեր էլ են եղել, երբ քաղաքացիներին  խրախուսել են պահպանել անվտանգության կանոններն ու կանխել կորոնավիրուսի տարածումը, դիտորդ Նաիրային հավաստիացրել են, որ իրենց քայլերը հենց դրան  էլ ուղղված են.

«Ասում են՝ մենք միշտ էլ օղի խմում ենք, ամեն առավոտ տղերքով խմում ենք, ախտահանում ենք օրգանիզմը, բայց մենք բացատրեցինք, որ ներքին ընդունմամբ թուլացնում են իմունային համակարգը, իսկ արտաքին օգտագործմամբ՝ պաշտպանվում  վիրուսից»:

Դիտորդները մշտադիտարկման ընթացքում բաժանում են նաև դիմակներ: Ամառվա վերջին շաբաթվա ընթացքում դիմակներ կհատկացվեն դպրոցականների ծնողներին, որոնք արդեն գնումների եռուզեռի մեջ են և մի քիչ անորոշությամբ նախապատրաստվում են նոր ուսումնական տարվան:

Դիտորդական առաքելության ընթացքում կրկնակի կամ եռակի այցերի ընթացքում անպատասխանատու տնտեսվարողների տվայալները փոխանցվելու են տեսչական մարմիններին:

Back to top button