ԿարևորՄշակույթ

Գրականության չափորոշիչներ․ կազմիր քո դասագիրքը

«Այս դասագրքում էլ ժամանակակից գրականություն չկա»․ այսպես մտքում ասաց Լոռու մարզի Ախթալայի թիվ 1 միջնակարգ դպրոցի արդեն 9-րդ դասարանի աշակերտուհի Տաթևիկ Իսրայելյանը և որոշեց ստեղծել ժամանակակից գրականության դասագիրք ՝ օնլայն հարթակում ՝ սեփական բլոգի տեսքով։

«Դասագրքում չեմ կարող տեղադրել այն գրողներին, որոնց ես նախընտրում եմ, այդ պատճառով մոտ երկու-երեք ամիս առաջ որոշեցի ստեղծել իմ բլոգը՝ ԳրաԹևը կամ այսպես ասած ժամանակակից գրականության իմ  դասագիրքը։ Իմ բլոգը շատ երկար ճանապարհ ունի անցնելու, ես զրուցում եմ ժամանակակիցների հետ և զգում, որ նրանք ընթերցողին ավելի հոգեհարազատ են»։

Գրականության չափորոշիչների շուրջ համացանցում ընթացող  քննարկումներին Տաթևիկը հետևում է, 14-ամյա աշակերտուհու կարծիքով չի կարելի անտեսել ժամանակակից գրականությունը, բայց մեկտեղ սխալ է  հինը փոխարինել նորով, յուրաքանչյուրը պիտի ունենա իր տեղը։

«Համացանցում հետևում եմ գրականության նոր չափորոշիչների շուրջ ծավալվող բուռն քննարկումներին։ Կարող եմ ասել, որ թե ժամանակակիցները, թե դասականներն ունեն իրենց տեղը և պարտադիր չէ բոլորին մեկտեղել դասագրքում»։

Գրականության նոր չափորոշիչների ներդրման խնդիրն այս օրերին գրականության ուսուցիչների օրակարգում թիվ մեկ հարցն է, որից անմասն չեն մնում մարզերի ուսուցիչները։  Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկի միջնակարգ դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Աննա Գասպարյանը ակտիվ կերպով մասնակցում է քննարկումներին և հույս ունի, որ մասնագետի կարծիքը չի անտեսվի։

«Ես չեմ ընդունում, որ այս կամ այն ստեղծագործությունը դժվար հասկանալի է, ի՞նչ է նշանակում այն, որ Գրիգոր Նարեկացուն կամ Խաչատուր Աբովյանին պետք է հանել դասագրքից, որովհետև դժվար հասկանալի են, չէ՞ որ դա մեր մշակույթն է, եթե ոչ դպրոցում, ապա էլ որտե՞ղ է երեխան կարողանալու ուսումնասիրել այդ գրողներին»։

Գրիգոր Նարեկացու անվան Երևանի թիվ 137 հիմնական դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Աստղիկ Արևշատյանի հետ միասին թերթեցինք գրականության նոր չափորոշիչները։ Ստեղծարարական բոլոր մեթոդները ուսուցրուհին դասի ընթացքում կիրառում է, չափորոշիչներում առանձնապես նոր բան գրված չկա, ինչը չենք կարող ասել հեղինակների և դասավանդվող նոր գրական գործերի ընտրության դեպքում, որոնցից շատերը դասավանդել ուսուցչուհին՝ անթույլատրելի է համարում։

«Այն մարդկանց, ովքեր ասում են, որ Նարեկացի բարդ է հասկանալ, ես ուզում եմ հարցնել, իսկ արդյոք բարդ չէ՞ հասկանալ Ֆրանց Կաֆկա, կամ Արամ Պաչյան, ընդ որում Պաչյանից ընդգրկված այդ գործը կարդալուց հետո անգամ այս տարիքում ես ինքս ինձ համար բացահայտումներ արեցի դժվարությամբ։ Եթե ընդգրկեն այնպիսի հեղինակների, որոնց ես ճիշտ չհամարեմ դասավանդել, ես երեխային սովորեցնելու եմ Գրիգոր Նարեկացի և սովորեցնելու եմ, թե ինչ է ոսկեդարը։ Այն, որ ոսկեդարի գրականությունը ընդգրկվելու է մայրենիի 5-րդ դասարանի դասագրքում, ես կրկին չեմ ընդունում, որովհետև այդ տարիքում երեխան չի կարող միջին հայերենով կամ գրաբարով ուսումնասիրություն անել և շարունակել սիրել գրականությունը»։

Անկախ նրանից, թե գրականության նոր չափորոշիչները վերջնական ինչ տեսք կունենան, պետք է հստակ հասկանալ, որ դպրոցում երեխաները պիտի ունենան ընտրության հնարավորություն՝ լավի և լավի միջև, որովհետև վատ գրականությամբ կրթված սերունդը ապագայի վատ բժիշկներն են, վատ երաժիշտները, վատ լրագրողները և բոլոր մնացած մյուս վատ մասնագետները, ովքեր դպրոցում ուղղակի լավ գրքեր չեն կարդացել։

Back to top button