ԿարևորՀասարակություն

Ազնվական խորհրդանիշից մինչև անպտղությունը կանխող միջոց. գոտու էվոլյուցիան

Եթե հայոց պատմության մեջ մատանին պատվո եւ մեծագույն հարգանքի խորհրդանիշ էր, ապա իրանը գրկող գոտին, ըստ մետաղի նշանակության, ցույց էր տալիս կրողի աստիճանական կարգը: Այսօր գոտիները նորաձեւության կարևոր բաղադրիչ են և հիմնականում ապահովում են հանդերձանքի  էսթետիկ գեղեցկությունը: Մինչդեռ նախկինում գոտին, շքեղության  եւ աստիճանակարգի ցուցիչ լինելուց  բացի, տարբեր  ֆունկցիաներ ուներ, օրինակ` կանխում էր անպտղությունը կամ պաշտպանում կրողին:

Ովքեր են այսօր կրում գոտի, ովքեր են կրել  նախկինում  

Եթե ժամանակագրորեն տեղափոխվենք 18-20–րդ դարեր, ապա ոչ միայն հայ հասարակությունում, այլեւ արեւելյան գրեթե բոլոր պետություններում, ինչպես նաեւ Եվրոպայում դժվար թե հանդիպեր գեթ մեկը, որը գոտի չկապեր՝ կին թե տղամարդ: Տղամարդու համար այն հասունության ու ամուսնության վկայական էր, կնոջ համար՝ հագուստի պարտադիր բաղադրիչ ու  զգեստապահարանի  անվիճելի մաս: Ոսկե կամ արծաթե գոտին շքեղություն էր, մետաքսե կամ հասարակ թելերով հյուսված գոտին՝ աստիճանակարգի ցուցիչ, իսկ որպես օժիտի կարեւոր բաղադրիչ՝ գոտին  իրանը ամուր գրկելու, տաք պահելու եւ վերարտադրողականությունը խթանելու միջոց էր:

Ազգագրագետ Սվետլանա Պողոսյանը զուգահեռում է նախորդ դարերում գոտիի կիրառությունը այսօրվա պահանջների հետ եւ ընդգծում, որ իր զգեստապահարանը հարուստ է գոտիների տեսականիով՝ ոչ թանկարժեք, բայց եւ հայկական յուրօրինակությամբ օժտված:  «Պետք է ընտրել միջինը, որը եւ նորաձեւ է, եւ առողջության տեսանկյունից անվտանգ»,-ասում է ազգագրագետը:  

«Գոտին շատ կարեւորել եմ միշտ՝ թե երիտասարդության տարիներին, թե հիմա: Իմ հագուստի մեջ հաճախ եմ կիրառում տարբեր տեսակի գոտիներ: Երբեմն երիտասարդները տուրք տալով նորաձեւությանը այնպես են հագնվում, որ գոտկատեղը բաց է մնում, որը զգայուն է ցրտի պարագայում մասնավորապես, իսկ մասնագետները փաստում են, որ վերարտադրողականության ֆունկցիայի համար այն շատ կարեւոր է»:

Գոտու ու որդեծնության կապը

Բժիշկների աչքից նույնպես չի վրիպում երիտասարդների այսօրվա հագուկապը: Բնական կտորներից, ավելի ազատ ու հարմարավետ հագուստների փոխարեն երիտասարդները նախապատվությունը տալիս են նեղ զգեստներին: Մասնագետների խոսքով՝ անպտղության մեղքի իրենց բաժինն ունեն այսօրվա նորաձեւ համարվող տաբատներն ու կարճ բլուզները: Ազգագրագետն էլ հավելում է` ըստ հայկական տարբեր հավատալիքների՝ աղջկա օժիտում պատվավոր տեղ ուներ տաք հագուստը, նաև  իրանն ամուր գրկող գոտին, ինչու՝ որպեսզի այն ամուսնության առաջին իսկ օրվանից կրելով, նորապսակի որովայնը տաք մնա եւ ուշ չհղիանա: Իրակա՞ն է, թե՞ վիճելի այս համոզմունքը։ :

«Գոտին յուրատեսակ հմայիլ շրջանակ է կրողի կարեւորագույն կենտրոնի շուրջ:  Դրանով կրողը պահպանված է բոլոր տեսակի հնարավոր չար, վնասաբեր ուժերի ազդեցությունից: Այսպիսի հավատալիք կար, ամուսնության ժամանակ՝ հարսնացուի մեջքի շուրջ երեք անգամ սրբազան պտույտ կատարելուց հետո, ամրացնում էին գոտին: Եթե անպտուղ էր կինը, նրա իրանի շուրջ փաթաթում էին եռագույն՝ կարմիր, կանաչ, սպիտակ գույներից հյուսած գոտի, որը ենթադրվում էր, որ կօգնի կատարելու իր գլխավոր վերարտադրողական ֆունկցիան: Նույնիսկ հատուկ սրբատեղիներ էին այցելում, որտեղ արձակում, կապում էին գոտին, որպեսզի այդ սրբազան տարածքի ուժը ապահովի տղաբերքի ուժը»:

Ըստ Սվետլանա Պողոսյանի՝ ավանդական հագուստը առողջապահական տեսանկյունից մտածված էր։ Կան մեզ հասած ավանդույթներ, ժողովրդական գիտելիքներ, հմտություններ, համաձայն որոնց՝ ազգային տարազը բնական վինտիլացիա էր ապահովում, իսկ բրդյա գործվածքներն օգտագործվում էին որպես բուժական միջոց՝ ծնկահոդերի, բազուկի, իրանի համար։

Գոտիի էվոլյուցիան նորաձեւությունում

Գոտու էվոլուցիան տարբեր փուլերով է անցել՝ անհրաժեշտությունից մինչեւ մերժում, հոգեբանական կախվածությունից մինչու շքեղություն: Մերձավոր Արեւելքում մինչ օրս գոտին կարեւորվում է: Սիրիահայ ոճաբան Գեւորգ Շադոյանն այսօր էլ նոր հավաքածուում նոր տարբերակներ է առաջարկում, որտեղ պահպանված են  հինն ու նորը, ժամանակակիցն ու ազգայինը, հարմարավետն ու շքեղը՝ գոտիի համադրմամբ։ Նորաձեւության խոշոր տները գոտին այսօր տաբատն ամուր պահելու համար չեն օգտագործում, այլ դրա միջոցով ներկայացնում են իրենց ապրանքանիշը։  Իսկ կնոջ հագուստի մեջ այն բաժանարար ֆունկցիա է կատարում։

«Այս հավաքածուում ավելի շեշտված են երեկոյան ոճի հագուստները, որոնք համադրվել են ուլունքով հավաքված նուրբ գոտիով, ասեղնագործ տարբերակով։ Կա նաեւ իրանը ամուր ձգող գոտիով հագուստ՝ իշխանական ոճով։  Ավելի վաղ, հավաքածուններում գոտիին փոխարինում էին ապլիկացիաները, ուլունքները, այսօր՝ գոտին բաժանում է իրանի՝ ներքեւի եւ վերեւի հատվածները»։

Ազգագրագետը նույնպես նկատում է, որ այսօր գոտին քիչ է կիրառվում և չունի երբեմնի ծիսապաշտամունքային նշանակությունը ։ Իհարկե, էթնիկ ոճի նորաձեւության մեջ կիրառվում են արծաթյա գոտիներ՝ ընդգծելու ազնվականի նրբերանգները։

Գոտին՝ հայերեն բառանյութում

Գոտին խոսակցական, բարբառային բառամթերքում նույնպես տարբեր ու հետաքրքիր իմաստներով է կիրառվել։ Օրինակ՝ գոտիից կախվելը ինչ–որ բան խնդրելն է, գոտին արձակելը՝ աստիճանազրկելը, իսկ ահա «գոտին պինդ» ասել են ամուր, ուժեղ մարդուն։ Իսկ «գոտի կապել»  նշանակել է ամուսնացնել։

«Գոտեացու էին ասում այն տղաներին, որոնք արդեն պատրաստ էին ամուսնության։ Երբ նա իրավունք է ստանում այդ գոտին կրելու։ Դրա համար  եւ աղջկա օժիտի մեջ, եւ  հանդերձանքում ավելանում էր արծաթյա գոտին, որը ցույց էր տալիս, որ նա ամուսնացած է։ Երեխաները արծաթյա  գոտի կրելու իրավունք չունեին ։ Անիի Տիգրան Հոնենց դամբարանադաշտից գտնված, 13–րդ դարով թվագրված մանկական հագուստը ունի թելից հյուսված գոտի, բայց ոչ՝ արծաթյա։ Սա  ապացույց է, որ երեխաներն արծաթյա գոտի չեն կրել»։

Ամենահին գոտին, որը պահվում է ՀՀ թանգարանում

Մատենագրական նյութերում պատմիչները արքայական հանդերձանքը ներկայացնելիս հատուկ նկարագրությամբ պատմել են ընդելուզված թանկարժեք քարերով գոտիների մասին, բայց ցավոք, թանգարաններում պատմությունը վավերացնող արքայական գոտի չի պահվում։ Թանգարանային ամենահին գոտին 19–րդ դարի թվագրմամբ է։

Back to top button