ԿարևորՀասարակություն

Դատախազության հաղորդագրությունը կարճված քրեական գործի մասին է․ պարզաբանում են Գյումրու ԲԿ-ից

ՀՀ գլխավոր դատախազությունը 20.08.2020 թվականին հաղորդագրություն է տարածել այն մասին, որ «Գյումրու բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության մի խումբ բժիշկ-վիրաբույժներ տարբեր ժամանակահատվածներում կատարել են տարբեր տեսակի վիրահատություններ, սակայն գրանցամատյաններում ակնհայտ կեղծ տեղեկություններ են ներառել կատարված վիրահատությունների տեսակի և արժեքի վերաբերյալ:

Արդյունքում ընկերության դրամարկղ է մուտքագրվել իրական վիրահատության արժեքից էականորեն տարբերվող` նվազ գումարներ:

Գյումրիի ԲԿ-ի մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ խոսքը կարճված քրեական գործի մասին է, այն հարուցվել էր բժիշկների գործունեության երեք տարվա ժամանակահատվածը ստուգման ենթարկելու արդյունքում, որը և կարճվել էր տարբեր հիմքերով՝ այդ թվում նաև հանցակազմի բացակայության։

Վիրաբույժների կողմից դրամարկղային վճարները թերի են կատարվել այն շրջանում, երբ բժշկական կենտրոնն ունեցել է սահմանափակ բյուջե, պետության կողմից մատուցված բժշկական ծառայությունների գերակատարումները չէին ֆինանսավորվել։

Ստեղծված իրավիճակից հետո Գյումրու ԲԿ-ում տեղի է ունեցել քննարկում, ձեռնարկվել են հատուկ միջոցառումներ հավանական կոռուպցիոն չարաշահումները բացառելու նպատակով: Տնօրինության կողմից եւս մեկ անգամ եղել է խիստ զգուշացում բոլոր հիվանդների հետ պայմանագրեր կնքելու վերաբերյալ։

Նշվում է, որ Գյումրու ԲԿ-ի վճարովի և համավճարային պայմանագրերի ձևանմուշները հասանելի են 24 ժամ և առկա են թե՛ վարչական մասում, որտեղ կնքվում են պայմանագրեր աշխատանքային ժամերին, և թե՛ ընդունարանում։ Ընդունարանում պայմանագրեր կարող են կնքել ոչ աշխատանքային ժամերին։ Պայմանագրերը կնքվում են բուժող բժշկի և հիվանդի կամ հիվանդի հարազատների միջև, և այն վավերացվում է տնօրենի կողմից։

Գյումրու ԲԿ-ում գործում է նաև շուրջօրյա դրամարկղ (կոռուպցիոն ռիկերի սահմանափակման համար), բոլոր հարկերում փակցված են վճարովի ծառայության գնացուցակները, իսկ բոլոր կաբինետների մոտ փակցված են թեժ գծի համարները։ ՀՀ ԱՆ 2013 թվականի թիվ 3274-Ա հրամանի համաձայն՝ պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության սպասարկման շրջանակում բժշկական օգնություն և սպասարկում ստացող քաղաքացիներին տրամադրվում է իրազեկման թերթիկ։

«Հավելենք նաև, որ Գյումրու ԲԿ-ին հատկացվող պետպատվերի չափի ավելացմանը ու տնօրինության ձեռնարկած համալիր միջոցառումներին զուգահեռ տարեցտարի ավելացել է թե՛ համավճարից, թե՛ վճարովի ծառայություններից ստացվող գումարի չափը։ Նշենք նաև, որ Գյումրու ԲԿ-ի այդ նույն վիրաբույժների կողմից համավարակի ընթացքում բացառապես անվճար վիրահատություններ են կատարվել սոցիալապես խոցելի խմբերի՝ կորոնավիրուսով վարակված ու անհետաձգելի բուժօգնության կարիք ունեցող հիվանդների շրջանակում, չնայած որ Գյումրու ԲԿ-ն Covid-19-ը բուժող վերապրոֆիլավորված բուժհաստատությունների ցանկում ներգրավված չէր։

Գյումրու ԲԿ-ի դերը տարածաշրջանում եղել է անգնահատալեի Covid-19-ի դեմ պայքարում։ Գյումրու ԲԿ-ում տարեկան բուժում են ստանում մոտ 30 հազար ամբուլատոր, մոտ 10 հազար էլ ստացիոնար հիվանդներ։ Հիվանդներից շատերը, ունենալով հնարավորություն հետազոտվելու ու բուժվելու մայրաքաղաքում, գերադասում են Գյումրու ԲԿ-ն, իսկ սա լավագույն գնահատականն է կենտրոնի աշխատանքի»,- նշված է ԲԿ-ի մամուլի ծառայության հաղորդագրությունում։

Back to top button