ԿարևորՄշակույթ

Հաղթեցին Երևանի ընտանեկան, Փարաջանովի երևակայական, Հայաստանի աշխարհագրական ալբոմները

Ավարտվեց ԱՊՀ երկրների «Գրքարվեստ» մրցույթը։

Հայաստանի Ազգային գրադարանի կողմից որպես ժյուրիի անդամ մրցույթին ներկայացված էր Գրականության հանրահռչկաման բաժնի ղեկավար, գրող, թարգմանիչ Մարգարետ Ասլանյանը, ով ամփոփում է մրցույթի արդյունքները․

«Հայաստանը ներկայացված էր չորս անվանակարգում՝ համապատասխան չորս գրքով և բոլոր չորս անվանակարգերում էլ հաղթող ճանաչվեցին, հպարտությամբ պիտի նշեմ, որ «Նահապետ» հրատարակչության կողմից ՝ Սեն Հովհաննիսյանի կազմած «Հայաստանի Ատլաս» գիրքը արժանացավ  ապատվավոր ՝ գրանպրի մրցանակին, ինչպես նաև հատուկ մրցանակի՝ «Կրթություն և գիտություն» անվանակարգում։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից ներկայացված «Հեթում արքայի ճաշոցը» գիրքն արժանացավ մրցանակի՝ «Նկարազարդումների արվեստ» անվանակարգում, իսկ «Իմ երկիրը» և «Փոխադարձ բարեկամություն» անվանակարգերում մրցանակների արժանացան համապատասխանաբար «Իմ Երևան ֆոտոալբոմը» և «Մաեստրո․Սերգեյ Փարաջանով» գրքերը՝ Անտարես Հրատարակչության կողմից ներկայացված։ Պիտի ասեմ, որ ժյուրիի անդամները շատ տպավորված էին Հայաստանի կողմից ներկայացված գրքերով»։

Այն հարցին, արդյոք բարդ չէր նման պայմաններում մեծամասշտաբ մրցույթ կազմակերպելը, Մարգարետ Ասլանյանը պատմում է․

«Ինչ խոսք, բավականին բարդ և պատասխանատու էր նման մրցույթ կազմակերպել հեռավար, բայց համավարակային այս օրերին սա գրական տոն էր բոլորիս համար»։

Երևանը, ինչպես մեզնից յուրաքանչյուրը, ունի իր ֆոտոալբոմը, սակայն ինչպես մեր դեպքում, այն չի կազմել Երևանի տատիկը կամ մայրիկը, այլ , Անտարես հրատարակչությունը։ Զգուշերն թերթելով Ալբոմի էջերը, Անտարես հրատարակչության գլխավոր խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանը պատմում է․

«Ֆոտոալբոմում ներառված են Հայաստանի ամենահիշարժան կադրերը՝ 1920-ից մինչև մեր օրեր։ Կարելի է ասել, որ սա Երևանի տարեգիրքն է»։

Եթե երկրորդ հորիզոնականում Երևանն է, ապա առաջին տեղում անկասկած պիտի լինի Հայաստանը։ Հեռավար մեր զրույցի ընթացքում քարտեզագետ Սեն Հովհաննիսյանն իր հիշողության առաջ էր, ես՝ իր կազմած ատլասի, միասին փոքրիկ ճամփորդություն կազմակերպեցինք Հայկական լեռնաշխարհով մեկ․

«Ատլասում ներառված են Հայկական լեռնաշխարհի գետերը, լճերը, ինչպես նաև ներկայումս  ՀՀ քարտեզը, քարտեզի վրա շատ երկար ժամանակ եմ աշխատել, թեպետ այն, ինչ ներկայացված է կրճատ տարբերակով է»։

Հեռավար մրցույթի ընթացքում ժյուրիի բոլոր անդամները կոլաժի նման հավաքվել էին մեկ կադրում՝ մեկ նպատակի շուրջ, ինչպես Փարաջանովի ֆիլմերը և կոլաժները, որոնք հավաքվել են մեկ գրքում և չէին կարող անտարբեր թողնել ժյուրիի անդամներին։ Արքմենիկ Նիկողոսյանը այս անգամ բացել  է «Մաեստոր Սերգեյ փարաջանով» գիրքը և պատմում է․

«Այս գրքում ներառված են Փարաջանովի նկարները, կոլաժները, գիրք եթե անգամ մրցանակի չարժանանար, ինքնին արժեք է, որովհետև պատմում է Փարաջանովի կատարած աշխատանքի մասին»։

Գրատպության գյուտից կարճ ժամանակ անց «Ուրբաթագիրք» և հրատարակչական խոր ավանդույթներ ունեցող երկիրը ուղղակիորեն չէր կարող անմասն մնալ նմանատիպ մրցույթներում նշանակալի տեղեր զբաղեցնելուց։

Back to top button