ԿարևորՎերլուծական

Թուրքիայի միջերկրական ախորժակը

Ի դեմս Մերձավոր Արևելքում  ծավալվող ներկա իրադարձությունների, ըստ արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանի, գործ ունենք աշխարհաքաղաքական նոր թնջուկի հետ, որի  մաս է կազմում Հունաստանի ու Թուրքիայի միջև ծովային հակամարտությունը։ Միջերկրական ծովի արևելյան հատակի էներգակիրների մեծ պաշարներին տիրանալու ախորժակը սրվել է հատկապես Թուրքիայում, ինչը, մեղմ ասած, չեն ողջունում  մի շարք երկրներ, որոնք ևս այստեղ հետաքրքրություններ ունեն։  Թնջուկի երկրորդ օջախը Լիբիան է, որտեղ ևս պայքար է գնում էներգակիրների համար․

«Երրորդ թնջուկը՝ լարվածության ձևավորման,  Լիբանանն է։ Այստեղ   տեսնում ենք մեծ լարվածություն սոցիալ-տնտեսական առումով,  որը առավել սրեց բեյրության պայթյունը։ Եվ իհարկե՝ ավանդական լարվածության կետերը՝ Սիրիա, Իրաք, որտեղ ևս թուրքական մեծ  ակտիվություն կա»,- նշում է Սաֆրաստյանը։

Նրա խոսքով,  Թուրքիան Լիբանանում սկսել էր որոշակի ակտիվություն ցուցաբերել մինչև բեյրության պայթյունը։ Ակտիվությունը պայմանավորված է  նրանով, որ Լիբանանում ստեղծվում է նոր աշխարհաքաղաքական համակարգ, որտեղ  Թուրքիան փորձում է  ունենալ իր ազդեցությունը։

Ու այդ ազդեցությունն առաջին հերթին ուղղվելու է Սփյուռքի կարևորագույն կենտրոններից մեկի` Լիբանանի հայ համայնքի դեմ, կարծում է Սաֆրաստյանը։

«Բայց ես համոզված եմ, որ  Թուրքիան այստեղ չի կարող հասնել իր նպատակներին, որովհետև Լիբանանում Թուրքիայի հնարավորությունները սահմանափակ են։ Նա չի կարող որոշակի դերակատարում ունենալ Լիբանանում տեղի ունեցող գործընթացներին»։

«Վերադարձ Հայաստան» հիմնադրամի համահիմնադիր և տնօրեն Վարդան Մարաշլյանը Լիբանանում թուրքական ակտիվությունը, այնուամենայնիվ, դիտարկում է որպես սպառնալիք։ Նրա կարծիքով, տեղի հայկական կառույցներն այդ ազդեցությունը թուլացնելու դեմ քայլեր պիտի ձեռնարկեն, միաժամանակ նկատում է․

«Քառասուն տարի շարունակ Լիբանանում ոչ միայն հայության թիվն է նվազում, այլև քրիստոնյաների։ Նախկին 60 տոկոսի փոխարեն այսօր քրիստոնյաները երեսուն տոկոսից ավելի չեն  կազմում։ Քառասուն տարի առաջ հայությունը եղել է բնակչության տասը տոկոսից ավելին, այժմ այդ թիվը  1-1.5 տոկոս է»,- ասում է Մարաշլյանը։

Վերադառնալով Միջերկրական ծովում թուրքական սադրանքներին` արևելագիտության ինստիտուտի տնօրենը թուրք-հունական նոր հակամարտության կարմիր գծերն է ակնարկում։

«Եթե այդ կարմիր գիծը կողմերից որևէ մեկը անցնի, ամեն ինչ շատ արագ կվերածվի ռազմական գործողությունների։ Այդ գիծը կապված է Կրետե կղզու հետ։ Եթե թուրքական նավերը չափից ավելի մոտենան Կրետե կղզուն, դա կնշանակի ռազմական գործողությունների սկիզբ։ Թուրքերը լարվածությունը մեծացնում են, բայց կարմիր գիծը դեռ չեն անցնում»,- նշում է Ռուբեն Սաֆրաստյանը։

Նրա կարծիքով, հակամարտության հետագա զարգացումները էականորեն պայմանվորված են  նաև Արևմտյան տերությունների դիրքորոշմամբ։ Վերջինները  հիմնականում կարծեք պաշտպանում են ԵՄ-ի մաս հանդիսացող Հունաստանին և Կիպրոսին։ Հայաստանը պե՞տք է միանա հակաթուրքական կոալիցիային, թե՞ ոչ։ Հարցի առնչությամբ արևելագիտության ինստիտուտի տնօրենի դիրքորոշումն այսպիսին է․

«Հակա ոչ մի բլոկի չպետք է միանա։  Հայաստանը պետք է վարի քաղաքականություն, որը կնպաստի հակամարտության խաղաղ  կարգավորմանը և կայունության պահպանմանը։ Այս առումով ես չափազանց կարևորում եմ Հայաստանի ակտիվությունը  Արևելյան Միջերկրածովյան շրջանում։ Այո,  այստեղ մենք պետք է ունենանք մեր դաշնակիցները՝ ի դեմս Հունաստանի, Կիպրոսի»,- ասում է Սաֆրստյանը։

Օգոստոսի 15-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույցներ էր ունեցել Հունաստանի  և Կիպրոսի արտգործնախարարների հետ։ Անդրադարձ  է կատարվել  Էգեյան և Արևելյան Միջերկրական տարածաշրջանում տեղի ունեցող վերջին զարգացումներին և Թուրքիայի սադրիչ գործողությունների հետևանքով տարածաշրջանում  իրադրության սրմանը:

«Ռադիոլուրի» հետ զրույցում ԱԳ նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն ընդգծեց, որ  Զոհրաբ Մնացականյանը վերահաստատել է Հայաստանի անվերապահ աջակցությունը Հունաստանին և Կիպրոսին, հույս հայտնել  իրավիճակի խաղաղ հանգուցալուծման առնչությամբ:

«Արևելյան Միջերկրականում ապակայունացնող այս կեցվածքն ի ցույց է դնում Թուրքիայի՝ իր հարևան տարածաշրջաններում հետևողականորեն վարվող ագրեսիվ և ծավալապաշտական քաղաքականությունը։ Մենք վերահաստատել ենք  Հայաստանի անվերապահ աջակցությունը Հունաստանին և Կիպրոսին, և կոչ ենք անում Թուրքիային քայլեր ձեռնարկելւ լարվածությունը նվազեցնելու ուղղությամբ՝ հարգելով միջազգային իրավունքը»,- ընդգծում է Աննա Նաղդալյանը։

Թուրքիայի սանձարձակ քաղաքականությունը հնարավոր կլինի սանձել միայն միասնական ուժերով։ Հակառակ դեպքում` նրա ախորժակը  չափազանց բարդ կլինի զսպել, շեշտում է Ռուբեն Սաֆրաստյանը։

Ցուցադրել ավելի
Back to top button
Close