ԿարևորՀասարակություն

Նոր չափորոշիչներ. «Բնագիտություն»՝ չորս առարկայի փոխարեն

Եթե տարիներ շարունակ մենք դպրոցում անցել ենք ֆիզիկա, քիմիա, աշխարհագություն և կենսաբանություն՝  դրանցից յուրաքանչյուրը դիտարկելով որպես առանձին առարկա, ապա առարկայական նոր չափորոշիչներով բնական գիտությունները միավորվում են։

Նյութի կառուցվածք և հատկություններ, շարժում և փոխազդեցություն, կենդանի օրգանիզմներ, երկիր մոլորակ և տիեզերք. այս 4 հիմնարար գաղափարների շուրջ  են  ձևավորվել բնագիտության առարկայական չափորոշիչները, «Ռադիոլուրի» հետ զրույցում նշեց առարկայական չափորոշիչները լրամշակող փորձագիտական խմբի ղեկավար Գագիկ Մելիքյանը։

«Ելնելով երեխայի տարիքային առանձնահատկություններից՝ ամբողջ բնագիտական կրթությունը ներկայացվում է 2-4-րդ դասարաններում «Ես և շրջակա աշխարհը»,  տարրական և միջին դպրոցի 5-6-րդ դասարաններում «Բնություն» ինտեգրված առարկաների ձևով,   7-9-րդ դասարաններում այդ ինտեգրված դասընթացի հենքի վրա ներդրվում են առանձին 4 բնագիտական առարկաներ»,-ասաց Գագիկ Մելիքյանը։

Իսկ  ահա ավագ դպրոցում սովորողներին ընտրության հնարավորություն է տրվում։    

«Այն երեխաները, որոնք մասնագիտանալու են  հումանիտար, հասարակագիտական ոլորտներում, նրանք կարող են չուսումնասիրել առանձին առարկաները, նրանց այդ 4 առարկայի փոխարեն առաջարկվում է ինտեգրված «Բնագիտություն» առարկան»,- ասաց առարկայական չափորոշիչները լրամշակող փորձագիտական խմբի ղեկավարը։

Բոլոր փոփոխությունները կատարվել են հաշվի առնելով այդ առարկաների նախորդ տարիների դասավանդման փորձն ու թերությունները։ Նպատակը ոչ թե կոնկրետ գիտելիքների փոխանցումն է, այլ միտված է կարողունակությունների ձևավորմանը՝ նկատեց զրուցակիցս։ Մինչ փորձագիտական խմբի ղեկավարը ներկայացնում է նոր չափորոշիչների առանձնահատկություններն ու առավելությունները՝ փորձում եմ դրանց մասին նաև ուսուցիչների կարծիքները լսել։

Համար 100 դպրոցի աշխարհագրության ուսուցչուհի Կարինե Թալալյանն ընդունում է, դրական շատ բան կա նոր չափորոշիչներում, մասնավորապես՝ հետաքրքիր մանկավարժական մոտեցումը, աշակերտների ինքնուրույն մտածողությունը, ստեղծագործական ունակությունը։

Պահպանվել է միջառարկայական կապը։ Բայց կան նաև բացթողումներ ու թերացումներ, ասում է աշխարհագրության ուսուցչուհին։ Ըստ նրա՝ ճիշտ կլիներ, որ օրինակ աշխարհագրություն առարկան դասավանդվի 5-րդ դասարանից և աստիճանաբար անցում կատարվի պարզից բարդին։   

«Ինձ համար անհասկանալի էր՝ ինչու 6-րդ դասարանի մայրցամաքների և օվկիանոսների աշխարհագրլւթյունը դուրս է բերվել դասընթացից և միացվել էր 7-8-րդ դասարանի դասագրքերին։ Ստեղծվել է մի խճճված պատկեր։ Դասագրքերը պետք է գրվեն պարզ, մատչելի, և ոչ թե այն նմանվի բացատրական բառարանի։ Պետք է ավելացվեին նաև դասաժամերը»,- նշեց աշխարհագրության ուսուցչուհին։

Նոր չափորոշչով անհամեմատ բարդանում է ուսուցչի աշխատանքը և լրացուցիչ ծանրաբեռնվածություն ստեղծում, խոստովանում է ուսուցչուհին։

«Որքան  էլ ուսուցիչը պատրաստված լինի, միևնույն է, նա չի կարող նյութը բացատրել այնպես, ինչպես որ դա կաներ ֆիզիկայի, քիմիայի, կենսաբանության ուսուցիչը»,- ասաց Կարինե Թալալյանը։

Առարկայական չափորոշիչները լրամշակող փորձագիտական խմբի ղեկավար Գագիկ Մելիքնյանը համաձայն չէ Կարինե Թալալյանի հետ։ Ծրագիրը բեռնաթափվելու է և մատչելի է դառնալու ցանկացած բնագիտական մասնագետի համար։

«Եթե ամբողջ դասընթացի նյութը պետք է այնպիսի բարդության աստիճան ունենա, որ բնագիտական որևէ առարկա դասավանդող ուսուցչի համար անհասանելի լինի, նշանակում է մենք մեր նպատակին չենք հասել։ Այնքան պարզ պետք է լինի շարադրանքը, որ յուրաքանչյուրը կարողանա դասավանդել։ Բացի այդ՝ կօգնեն նաև վերապատրաստումները»,- նշեց Մելիքյանը։

Մասնագիտական շրջանակներում տարիներ շարունակ ահազանգում են. Հայաստանում բնագիտությունը մեռնող մասնագիտությունների շարքում է։ Չկա գրավչություն, չկան մասնագետներ, մի օր չի լինի նաև բմագիտություն։ Գագիկ Մելիքյանը «Ռադիոլուրի» դիտարկմանն ի պատասխան, հույս հայտնեց, որ  նոր չափորոշչով առարկան ավելի գրավիչ և ընկալելի  կլինի աշակերտների համար, դրանով կնպաստի նաև բնագիտության վերակենդանացմանը։

Back to top button