ԿարևորՄշակույթ

Նարեկացին՝ Մարդու, Դավթյանը՝ Նարեկացու մեղքերի մասին

Օգոստոսի 15-ը Վահագն Դավթյանի ծննդյան օրն է, հայ մեծանուն գրողը կդառնար 98 տարեկան։

Գրիգոր Նարեկացին էլ է մեղքեր գործել, այդ մասին Վահագն Դավթյանն իմացել է ու կանչել գիշերային զրույցի։

Ներիր, ճգնակյա՛ց,

Իբրև ուխտավոր մի ոտաբոբիկ, /«Գիշերային զրույց Նարեկացու հետ» Վահագն Դավթյան,/

Զուր աշխատությամբ խեղճ հոգնաբեկիս /Գրիգոր Նարեկացի, «Մատյան ողբերգության»/

Դու, որ համայն ես ամեն ինչի մեջ

և ամեն ինչով միշտ փառաբանված։

Ձեռքիս տակ երկու պոեմ կա՝ մեկը՝  Նարեկացու «Մատյան ողբերգության», մյուսը՝ Վահագն Դավթյանի՝ «Գիշերային զրույց Նարեկացու հետ»։ Տողեր առանձնացնել չկարողացա, որոշեցի՝ խառնել իրար, ստացվեց՝ «Գիշերային ողբերգություն»։ Ստացվում է Նարեկացին գրել է մարդկության մեղքերի մասին․ Դավթյանը՝ Նարեկացու։ Հայ Նորագույն Գրականության ամբիոնի վարիչ, գրականագետ Սեյրան Գրիգորյանը կարծում է, որ Դավթյանն ուներ իր պատճառները՝ ինչ-որ տեղ Նարեկացուն մեղադրելու.

«Վահագն Դավթյանին թվում է, որ Նարեկացին դարերի ընթացքում մարդկությանը կոչ անելով մաքրագործվելու, դրանով ինչ-որ մեղք է գործել մեր պատմության կամ գրականության առջև։ Սակայն այդ պոեմը հետաքրքիր վերջաբան ունի, որտեղ լույսի բացվելու հետ Դավթյանը զղջում է, որ մեղադրել է Նարեկացուն և գեղարվեստական պատկերներով հանգնում է նրան, որ Նարեկացին հայ ժողովրդին տվել է յուրատեսակ մի ուժ»։

Վահագն Դավթյան այսօր կարդում են քչերը, սակայն Սեյրան Գրիգորյանը հավաստիացնում է, որ Հայ բանասիրության ֆակուլտետում Դավթյանը շարունակում է մնալ ուսումնասիրության առարկա.

«Վահագն Դավթյանը համարվում է մեր հիմնական հեղինակներից մեկը, նրա գործերը ներառված են հարցաշարերում և ավելի խորը ուսումնասիրելու համար հանձնարարում ենք կուրսային աշխատանքներ, ավարտական աշխատանքներ և  գրեթե ամեն տարի ուսանողները ուսումնասիրում են Դավթյան»։

Գիշերները աստծո հետ զրույց են անում

Գիշերները խիղճ են արարում,

Հետո արթնանում։

Վահագն Դավթյանի  հավատարիմ ընթերցող Մարինա Գևորգյանը արթնանում է Դավթյանի պոեզիան շուրթերին, ասում է՝ Դավթյանի բառը լույս է, որ բացվում է երկարատև գիշերից հետո.

«Մտերիմներս ասում են, որ եթե անգամ քնից արթնացնեն, Վահագն Դավթյանի իմ ամենասիրելի բանաստեղծությունները անգիր կասեմ։ Դավթյանի գրքերը ձեռք եմ բերել առաջին անգամ Գյումրիի քաղաքային գրադարանից, ինձ խորհուրդ տվեցին պոեզիա ուսումնասիրելիս կարդալ անպայման Դավթյան և գրքերը կարդալուց հետո, ես որոշեցի գումար հավաքել, որպեսզի գնեմ հատորները, որովհետև դա ինձ համար երազանքի նման մի բան էր դարձել։ Օրերից մի օր մայրիկս ինձ մի փաթեթ հանձնեց, որը բացելուց հետո ես հասկացա, որ երազանքս կատարվել է․ ներսում Վահագն Դավթյանի երկհատորյակն էր»։

1976 թվականին քաղբանտարկյալ Մերուժանի՝ բանաստեղծ Մերուժան Միրզոյակի առաջին գիրքը՝ «Լուսամփոփ» ժողովածուն, Վահագն Դավթյանը որոշեց խմբագրել և տպագրել։ Բանաստեղծ Մերուժանը պատմում է իր հուշերից․

«Վահագն Դավթյանն ինձ կանչեց իր մոտ և ասաց, որ ուզում է տպագրել իմ գիրքը։ Ես զարմացել էր, որովհետև ես քաղաքական նպատակներով բանտարկության մեջ գտնված անձ և եղել և շատերը դեմ էին, որ իմ գիրքը տպագրվի, սակայն Վահագն Դավթյանին ոչ ոք խանգարել չկարողացավ»։

Բանաստեղծ Դավիթ Մշեցին շատ կուզենար, որ բառի քանդակագորխծ Վահագն Դավթյանը կենդանի լիներ, Դավիթը մի շատ կարևոր հարց ունի Դավթյանին տալու․

«Եթե հնարավորություն ունենայի Վահագն Դավթյանի նման մեծ պոետին հանդիպելու, նրան կհարցնեի, թե ինչպե՞ս է կարողանում բանաստեղծության նման շրխկան վերջաբան ստանալ, որպես պոետի՝ այդ հարցի պատասխանը ինձ նաև կօգներ՝ սեփական պոեզիաս ստեղծելու պահերին»։

Իսկ թե կա, իրոք,

Ու լինելու է դատաստան ահեղ,

Իսկ պատմությունը հաճախ է արդար ատյանն իր բացում…

Տառապյա՛լ դու մեծ,

Դու պիտի կանգնես

Մաքո՜ւր,

Փառահե՜ղ,

Իբրև մի վկա,

Որ հավասար է հենց իրեն՝ աստծուն…

Վահագն Դավթյան, «Գիշարային զրույց Նարեկացու հետ» պոեմի վերջաբան։

Back to top button