ԿարևորՌադիոլուրի հյուրասրահ

Սոպրանո Ռուզան Մանթաշյանը` մեծ բեմեր նվաճելու փոքր գաղտնիքների մասին

Օպերային երգչուհի Ռուզան Մանթաշյանն առաջին անգամ Հանրային ռադիոյի եթերում անկեղծանում է՝ պատմելով այս տարեսկզբին իր և ադրբեջանցի տենոր Յուսուֆ Էյվազովի չկայացած բեմական հանդիպման մանրամասները։ Նրա խոսքով` դա նախադեպը չունեցող պահվածք էր, օպերային արտիստների, կոլեգաների շրջանում Էյվազովի կողմից քաղաքականությունն արվեստ բերելու փորձը խիստ բացասական արձագանք է գտել։

«Եվրոպայից և Միացյալ Նահանգներից մեր կոլեգաները ցնցված էին։ Մի փոքր այլ էր ռուսաստանաբնակ արտիստների արձագանքը։ Էյվազովի տիկնոջը՝  Աննա Նետրեբկոյին սիրելով` նրանք, առանց մանրամասներին տիրապետելու, ենթադրում էին, որ սիրված երգչուհու ամուսինը չի կարող սխալ լինել»,- պատմում է երգչուհին՝ հավելելով, որ իր համար նույնպես բարդ էր ադրբեջանցի կատարողի հետ ելույթին համաձայնելը։

Բայց հաղթել է համոզմունքը՝  արվեստը կոչված է միաբանելու մարդկանց, և պետք է միշտ մնալ պրոֆեսիոնալ։ Երգչուհին չի բացառում նաև, որ Էյվազովի բարձրացրած աղմուկը՝ հաշվի առնելով Ադրբեջանի վարած քաղաքական գիծը, հենց Բաքվից հրահրված սադրանք կարող էր լինել։

«Ինձ հանդիպած բոլոր մարդիկ, եթե գիտեն այլ հայ երաժիշտների, երգիչների, միշտ զարմանում են, թե ինչպես այդ փոքր տարածքում, այդ խտությամբ  տաղանդներ կարող են լինել։  Միշտ ասում են՝  ի՞նչ եք ուտում, ի՞նչ եք շնչում, որ այդպիսի ձայներ ունենք»,- խոսելով արտերկրում հայ արտիստների հաջողությունների մասին՝ ասում է օպերային երգչուհին։ Նաև՝ խորհուրդներ ունի սկսնակներին, թե ինչպես անել, որ հազարավոր սոպրանոներից ու տենորներից ընտրեն հենց իրենց, ինչպես ելույթից առաջ բուժել «հոգնած» ձայնը։

Եվրոպական առաջատար բեմերում ելույթ ունեցող հայ կատարողը «Ռադիոլուրի հյուրասրահ»-ում պատմում է նաև, թե ինչ երաժշտություն է լսում ականջակալներով և ինչպես է մայրիկը սրբագրել փոփ երգչուհի դառնալու երազանքը։

Ցուցադրել ավելի
Back to top button